Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 12:43 02-06-2021

Զոհվածների դիակներն անարգանքի ենթարկելը բարոյակա՞ն, թե՞ նաև իրավական խնդիր է․ պարզաբանում են մասնագետները

Մի քանի օր շարունակ հասարակությունը քննարկում է Աբովյանի դիահերձարանի սենյակներից մեկում պարկերի մեջ դրված զոհերի մարմինների և մասունքների լուսանկարներն ու տեսանյութերը:

Առողջապահության նախարարությունից պնդել են, որ պահման պայմանները նորմալ են, միայն դիերի շարվածքն է խնդիր: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել զոհված զինծառայողների ծնողներից «դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»։

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Հոգեբանական գիտությունների դոցենտ, հոգեբան Լաուրա Պետրոսյանը, պատասխանելով Օրագիր.news-ի այն հարցին, թե ի՞նչ հուզումներ կարող է առաջացնել այս իրադարձությունը հասարակության շրջանում, ասաց, որ այսօր մեր հասարակությունը շատ զգայուն է նմանօրինակ լուրերի նկատմամբ, որովհետև մենք աղետից հետո դեռ չենք վերականգնվել․«Նման լուրերը շատ տխուր կրքեր են բորբոքում։ Այս իրավիճակում ամենադժվարը մեր անուժությունն է, երբ մենք չունենք պաշտպանվածություն՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից»։

Նրա խոսքով, պատերազմի թողած ամենավատ հոգեբանական հետևանքը հենց մեր սեփական անուժության, թուլության, անօգնականության զգացումն է, իսկ հիմա, երբ նմանաբնույթ երևույթներ տեղի են ունենում երկրի ներսում, անուժության զգացողությունը, բնականաբար, սրանում է. «Այս ամենը հարված է հասցնում մեր անվտանգության պահանջմունքին, որը մարդու բազային պահանջմունքներից է։ Մենք մեզ անվտանգ չենք զգում։ Երբ վնաս է հասցվում անվտանգության բազային պահանջմունքին, մարդը որոշակիորեն հայտնվում է հոգեպես անկայուն վիճակում»։

Այս միջադեպն իրավական տեսանկյունից Օրագիր.news-ի խնդրանքով մեկնաբանել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը։

- Պարո՛ն Դանիելյան, արդյոք դիակները նման պայմաններում պահելը միայն բարոյական հարթությամբ է դատապարտելի՞, թե՞ այդպիսի արարքների համար սահմանված է նաև քրեական պատասխանատվություն։

- Հանցավոր ցանկացած արարք աղերսներ ունի նաև բարոյականության հետ, ինչը չի նշանակում, որ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարելի է իշխանությունների հայեցողությամբ սահմանափակվել՝ որևէ հանցավոր արարք միայն բարոյական հարթությամբ քննարկման առարկա դարձնելով։ Տեսանյութում առկա են զինվորների դիակներն առերևույթ անարգանքի ենթարկելու փաստեր. նկատի ունեմ ոչ միայն պահման պայմանները, այլև միմյանց վրա դարսելու հանգամանքը։ Այդ փաստերը բավարար հիմք են քրեական հետապնդման հարցը լուծելու նկատառմամբ՝ առնվազն նյութեր նախապատրաստելու համար։ Մյուս կողմից, այդպիսի արարքը կարող է դիակն անարգանքի ենթարկել որակվել միայն այն դեպքում, երբ այն կատարվել է ուղղակի դիտավորությամբ, ընդ որում՝ որևէ նշանակություն չունի կատարման շարժառիթը։ Ցավոք, մեզանում հասարակական մեծ հնչեղություն ունեցող փաստերին արձագանքելու միջոցներն ու եղանակները կանխորոշվում են հիմնականում քաղաքական հարթությամբ՝ դրանից բխող անընդունելի հետևանքներով հանդերձ։

Ինչևէ, դիակը և թաղման վայրերն անարգանքի ենթարկելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն, ընդ որում՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների արարքի համար սահմանված է առավելագույնը մինչև 2 ամիս կալանք։ Հավանաբար, կհիշեք, որ Եռաբլուրում գերեզմանաքարերի հաճախակի կրկնվող անարգանքի երևույթը կանխելու նկատառումով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս 2019 թ. օգոստոսին նախաձեռնել էր նշված արարքի համար պատասխանատվությունը խստացնող նախագիծ, սակայն այն անհիմն պատճառաբանությամբ չընդունվեց Ազգային ժողովում։

Ի դեպ, այդ արարքը որպես հանցագործություն է սահմանված նաև Ազգային ժողովում վերջերս ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով։ Այդ օրենսգրքի 153-րդ հոդվածով արդեն հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Նկատենք, որ ի տարբերություն գործող օրենսգրքի՝ մայիսին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված են անհամեմատ խիստ պատժատեսակներ ու պատժաչափեր, մասնավորապես, առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար՝ ընդհուպ ազատազրկմամբ, առավելագույնը 3 տարի, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի։

- Ստեղծված իրավիճակը համակարգային բնույթ ունի՞, թե՞ առանձին անձանց մեղքով է սահմանափակվում։

- Այս հարցադրման առնչությամբ հանգամանքները կարող են սպառիչ բացահայտվել միայն քննությամբ։ Ես կարող եմ խոսել միայն իմ դիտարկումներով, որոնք վկայում են այն մասին, որ, ցավոք, զինվորների դիակների հետ տարվող աշխատանքները, մեղմ ասած, հավուր պատշաճի չեն իրականացվում։ Պարզ օրինակ՝ իմ ազգական զինվորի դիակը ԴՆԹ նույնականացման թեստից հետո ծնողներին է հանձնվել առնվազն 3 ամիս անց։ Հասկանալի է, որ մեծածավալ աշխատանքի պարագայում դժվարություններն անխուսափելի են, սակայն խոսքն ընդամենը տարրական կանոնները սրտացավ պահպանելու և պետական գործառույթների իրականացման համատեքստում առաջնահերթությունները ճշգրիտ կանխորոշելու, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն սահմանելու մասին է։ Քննության արդյունքներով հնարավոր կլինի բացահայտել ոչ միայն մեղքի ձևը՝ ուղղակի դիտավորության պարագայում կատարվածի համար անմիջական պատասխանատու անձանց շրջանակը, այլև այդպիսի հանցավոր արարքներ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները։

Ձեզ գուցե հետաքրքրի