«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր տոկոսով գումար տվող անհատներին, ովքեր ապօրինաբար գումար են կորզում քաղաքացիներից։
Մանավորապես անդրադարձել էր List.am կայքում հայտնաբերված հեռախոսահամարներին, ովքեր տոկոսով գումարներ են տրամադրում քաղաքացիներին՝ այն էլ գրավի դիմաց։ Մասնավորապես նշել էր «Օրինակ՝ List.am կայքից հայտնաբերված հեռախոսահամարով Դուք զանգում եք տոկոսով գումար տվողին: Վերջինս կտրականապես ժխտում է, որ ինքը տոկոսով գումար է տալիս, սակայն անմիջապես կամ որոշ ժամանակ անց հետ է զանգում և ավետում, որ ճանաչում է այդօրինակ մեկին: Դուք հանդիպում եք: Ձեզանից միանգամից «միջնորդավճար» են վերցնում և նկարագրում «գործարքի» մանրամասները: Այնուհետև, նոտարական գրասենյակում Դուք վերջապես հանդիպում եք «իրական» գումար տվողին և վերջինիս հետ պայնանագիր կնքում, ըստ որի բնակարանի գրավի դիմաց Ձեզ տոկոսով կտրամադրվի առավելագույնը 7-8 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, պայմանագրերն այնպես են կազմվում, որ դրանցում արտացոլվում է վերջնական՝ մի քանի տարվա, տոկոսների հետ միասնականացված գումարը: Սովորաբար, նման գործարքների են գնում բանկերի «սև ցուցակներում» հայտնված անձինք, որոնց միակ հույսն իրենց բնակարանն է: Դա շատ լավ են հասկանում List.am-ի տոկոսով գումար տվողները և վերջիններիս «ներկայացուցիչները»: Ի՞նչ է ստացվում: Իրենց էությամբ անհասկանալի, շատ դեպքերում ոչ իրավաչափ և խարդախ «գործարքների» արդյունքում քաղաքացիները կորցնում են բնակարանները: Նպատակը նույնն է: Թիրախը՝ նույնպես: Երկու դեպքում էլ ունենք ձեռքերը լվացած պետություն»։
Oragir.news-ը կապ հաստատեց Կարեն Հեքիմյանի հետ՝ պարզելու այլ մանրամասներ՝ կապված վաշխառության և նմանօրինակ դեպքերի վերաբերյալ։ Ըստ մեր զրուցակցի, այն դեպքը, որի մասին գրել է, անձնական տվյալներ է պարունակում, որին գուցե հետագայում անդրադառնա։ Նման դեպքերին մեր զրուցակիցն ասաց, որ հաճախ է առնչվում, երեք- չորս , անգամ շատ դեպքեր անձամբ գիտի։ «Անձամբ կարող եք կայքում գտնել, թե ինչպե՞ս են տոկոսով գումար տալիս, տոկոսով գումար վերցնում, այսինքն այն փաստը, որը արձանագրվել է, շատ կոնկրետ դեպք է, ու հենց հիմա 7000 ԱՄՆ դոլարի դիմաց քաղաքացու բնակարանն ուզում են վաճառեն աճուրդով , ու հիմա միջոցներ են ձեռնարկում իրավական առումով, որ այն չկայանա, բայց ամեն դեպքում այդպես է»։
Մեր այն հարցին, թե նոտարներն ի՞նչ են անում այդ ամենի հետ կապված , ասաց «Այդ գործում շատ կարևոր դերակատարում ունեն նոտարները, սովորաբար հենց այդ մարդիկ ունեն իրենց նոտարները։ Կոնկրետ այս դեպքում, որը նկարագրեցի, կփորձեմ մի փոքր բացել փակագծերը։ Այն անձը, որը գործարքի է գնացել, ամուսնացած է և ունի օրինական կին, և կինը պետք է համաձայնություն տա համատեղ ձեռքբերված գույքը կալանքի ու գրավադրման դնելու համար, սակայն գնացել են նոտարի մոտ, և նոտարը, այդ հանգամանքը փաստացի անտեսել է բառիս բուն իմաստով, որը շատ կարևոր է նման հանգամանքներում։ Հանգել ենք փստորեն նրան, որ այդ մարդն ունի փաստացի կին, ու դա աբսուրդ է, քանի որ այդ կինն ունի նույն գույքային իրավունքը, ինչքան որ ամուսինը»։
Ըստ մեր զրուցակցի, List.am կայքում հաճախ է հանդիպել նմանատիպ հայտարարությունների։ Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ փողոցներում էլ, շատ հաճախ սյուների, պատերին պաստառներ է փակցված գրություն, , որտեղ գրված է, որ տրամադրում են արագ վարկեր, և դրանք էլ են մարդկանց մոլորեցնում, ու որևէ պետական բանկ հայտարարություն այդպես չի տալիս, անհնար բան է դա։
«Սովորաբար անհատներն են այդպես գրում ու մարդկանց պահում իրենց ճիրաններ մեջ» -եզրափակեց մեր զրուցակիցը։
Oragir.news-ը կապ հաստատեց նաև իրավաբան Ռուզաննա Հարությունյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է քաղաքացիների խորհրդատվություններով, և ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք չկա միջոց կամ օրենսդրական կարգավորում դա հարթելու համար, ասաց. «Գիտեք, դա նոր բան չէ իրականում, հիշում եմ, 90-ականներին էլ մարդիկ շատ ավելի հաճախ էին տրվում նմանատիպ խաբեությունների։ Շատերն ընկան դատարանների դռները՝ տան վերավաճառքի հետ կապված,որի հետևանքով կորցրին ամեն ինչ, ու փաստորեն դեռ չեն խրատվել։ Այս ամենը պետք է պետության կողմից պարտադիր վերահսկում ունենա, այլապես ավելի վատ խնդիրների կբախվեն մեր համաքաղաքացիները։ Պետք է լինի կոնկրետ և դիպուկ օրենսդրական փոփոխություններ, իսկ քաղաքացիները լինեն խելամիտ և գիտակից նման գործարքներ անելուց առաջ , քանի որ շատ հաճախ մարդիկ ճարահատյալ են գնում նմանատիպ քայլերի, բայց ես միանշանակ խորհուրդ եմ տալիս նման դեպքերում գործարք անել բանկերի հետ, որոնք իհարկե պետական են, այլ ոչ թե վարկային կազմակերպությունների հետ։ Պետք է լինեն սոցիալական գովազդներ անգամ, որոնք քաղաքացիներին կհորդորեն հեռու մնալ նմանատիպ կազմակերպություններից ու քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար օրենքի կատարման բաղադրիչներ կդառնան»-եզրափակեց մեր զրուցակիցը։
Oragir.news-ը զանգահարեց List.am կայքում նշված այն հեռախոսահամարներով, որոնք տրամադրում են վարկեր՝ հասկանալու, թե ի՞նչի դիմաց են քաղաքացիներին գումար տրամադրում։ Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ անհատական վարկային կազմակերպությունները գումարը տրամադրում են ապառիկ որևէ ապրանքի դիմաց՝ այն էլ տարբեր բանկերի միջոցով։ Փաստորեն ոչ իրավաչափ և խարդախ «գործարքների» արդյունքում քաղաքացիները կորցնում են ոչ միայն բնակարանները, այլև նրանց անունով ձևակերպվում են ապառիկ տարաբնույթ կենցաղային ապրանքներ։ Փաստորեն նպատակն իսկապես նույնն է։ Բոլոր դեպքերում տուժում է քաղաքացին, քանի որ վարկը մարելուց հետո հասկանում է, որ տոկոսադրույքը կրկնակի շատ է, քան մայր գումարը։ Ընդ որում, գումար տրամադրող վարկային կազմակերպությունը շահում է կրկնակի՝ տոկոսների հաշվին։
Մանրամասները՝ տեսանյությում։
Քնարիկ Պետրոսյան