copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:25 27-10-2021

Հայրենի՞ք, թե՞ պետություն. ի՞նչ էր ուզում ասել Իշխան Սաղաթելյանը

«Հայրենիքն է կարևոր, ոչ թե կորսված հայրենիքում իշխանության հեռացումը». Իշխան Սաղաթելյանի այս միտքը երկու մտահոգություն է առաջացնում: Նախ` ի՞նչ նկատի ունի նա` հայրենիք ասելով: Եթե նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը, ապա դա պետություն է. հայրենիքի այս հատվածում արդեն 30 տարի է, ինչ կա պետություն: Իսկ եթե նրա խոսքում փոխենք հայրենիք բառը պետությունով, կստանանք․ «Պետությունն է կարևոր, ոչ թե կորսված պետությունում իշխանության հեռացումը»: Այս պնդմանը շատերը կարձագանքեին` ասելով, որ իրականում ամեն ինչ ուղիղ հակառակն է. իշխանության հեռացումով կարող ենք փրկել պետությունը: Հետևաբար՝ իշխանության հեռացումն է ավելի կարևոր:

Երկրորդ մտահոգությունը կապված է նրա հետ, որ եթե Ի. Սաղաթելյանի պնդումը կիսում են խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը, ապա պետք է փաստել, որ նրանք չեն հասկանում հայրենիքի և պետության տարբերությունները: Հայրենիքը լեզուն է, մշակույթը, այն պատմական տարածքը, որտեղ ձևավորվել է հայ ժողովուրդը: Հայրենիքում մարդկանց կյանքը կազմակերպում է մշակույթը` ավանդույթներով, սովորույթներով, բարոյական նորմերով: Մինչդեռ պետությունն այդ տարածքում կամ տարածքի մի հատվածում ապրող մարդկանց կյանքի կազմակերպման քաղաքական ձևն է` օրենքի և իրավունքի հիման վրա: Հայրենիքի մարդը մշակութային էակն է, պետության մարդը քաղաքացին է` քաղաքացիական էակը: Պատկերավոր ասած` հայրենիքը մարդու ներսում է (հոգևոր արժեք է), պետությունը` նրա շուրջը:

Հիմա, երբ Ի. Սաղաթելյանն ասում է, որ հայրենիքն է կարևոր, հարց է առաջանում. նա խոսում է հայոց լեզվի՞, հայոց պատմությա՞ն, ազգային մշակույթի՞ մասին և այս ամենն ավելի բարձր դասում իշխանափոխությունից... հասկանալի չէ: Այս ամենն առհասարակ իշխանության և իշխանափոխության հետ ուղղակի կապ չունի: Հայրենիքում չկա քաղաքական իշխանություն, այն կա միայն պետության պարագայում:

Ի. Սաղաթելյանն ավելի քիչ կքննադատվի և ավելի շատ համախոհներ կունենա, եթե ավելի շատ խոսի պետությունից, ոչ թե հայրենիքից: Եթե արդեն հարցականի տակ է Հայաստանի Հանրապետության կենսունակությունը, ապա նա պետք է ասի, որ պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ամեն գնով հեռացնել գործող իշխանությանը, և այսօր դա է ամենակարևորը, և դա ավելի կարևոր է, քան դավաճաններ փնտրելը կամ քաղաքական պայքարում հոգևոր հայրենիքը պաշտպանելը: Ի վերջո, մենք` հայերս, կրում ենք հայրենիքը մեր մեջ, և այն կախված չէ օրվա իշխանությունից, մինչդեռ մեզ` ՀՀ քաղաքացիներիս, անհրաժեշտ է կենսունակ ազգային պետություն: