Ներքին 5 տարի առաջ - 15:10 19-10-2021

Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Նախագծով առաջարկվում է օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «Պետությունը Հայաստանի Հանրապետության հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Թռչունյանը պարզաբանեց՝ այսպիսով, ուսման վարձի լրիվ փոխհատուցում կտրվի ոչ միայն այդ կարգավիճակով ընդունվածներին, այլ նաև այն ուսանողներին, որոնք ուսումնառության ընթացքում են ձեռք բերել այդ կարգավիճակը: Սա ֆիքսվում է, որ տարընկալում չլինի: «Մենք ուզում ենք, որ սովորողները նույնպես ունենան լրիվ փոխհատուցում ստանալու հնարավորություն: Մասնավորապես, երբ ունենք պատերազմի հետևանքներով բազմաթիվ խնդիրներ և ունենք ընտանիքներ, որոնք նման կարգավիճակ ունեն»,- ասաց փոխնախարարը:

Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Թռչունյանը տեղեկացրեց, որ այս տարի նման կարգավիճակով 30 հոգի են ընդունվել բուհեր:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան