copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 22:37 12-10-2021

Պատերազմը որպես խաղաղության հասնելու միջո՞ց...

Վերջին շրջանում մեր տարածաշրջանը հայտնվել է գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է այստեղ խաղաղության նուրբ բալանսը 2020 թվականի Արցախյան պատերազմով խախտելու փաստով և դրա հետևանքով տարբեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով և հեռանկարներով: Տարածաշրջանի և տարածաշրջանով հետաքրքրված երկրների` տարբեր մակարդակի պաշտոնյաների հանդիպումները և ակտիվ քննարկումները վկայում են, որ սպասվում են ծավալուն գործընթացներ, որոնց շուրջ փորձ է արվում ձեռք բերել պայմանավորվածություններ ու երաշխիքներ: Բայց ինչո՞ւ այս ամենը սկսվեց հենց հիմա: Բանն այն է, որ Արցախյան երկրորդ պատերազմը և դրա շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերած մարդիկ խախտեցին տարածաշրջանում այն փխրուն խաղաղությունը, որը մեծ դժվարությամբ պահպանվում էր այդ թվում՝ ՀՀ նախկին իշխանությունների շնորհիվ: Ն. Փաշինյանը, սակայն, այլ պատկերացումներ ուներ հակամարտության լուծման վերաբերյալ (հիշենք նրա արտահայտությունները` «ես բանակցությունները սկսել եմ իմ կետից» և «ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»), որոնք հանգեցրին պատերազմի: Բայց արդյո՞ք պատերազմը Արցախյան հակամարտության լուծման համար էր, այսինքն` նպատակ էր: Պարզվում է, որ ոչ, քանի որ Ն. Փաշինյանն ասում է, որ հակամարտությունը լուծված համարել չի կարելի, քանի որ, օրինակ, չի հստակեցվել Արցախի կարգավիճակը: Հետևաբար՝ արցախյան պատերազմը միջոց էր: Այսինքն՝ կա մեկ այլ նպատակ, որի իրականացման համար, ըստ Ն. Փաշինյանի, անհրաժեշտ էր պատերազմ: Դատելով նրա հետպատերազմյան շրջանի բազմաթիվ ելույթներից, նա շատ է խոսում խաղաղությունից: Եվ իրոք, հենց պատերազմի ժամանակ է խաղաղությունը դառնում ավելի պահանջված արժեք, և որքան ավելի ծանր է պատերազմը, այդքան ավելի շատ են մարդիկ ուզում խաղաղություն: Բայց խաղաղության փաշինյանական օրակարգը կեղծ է, ինչի մասին արդեն գրվել է, որովհետև այդ խաղաղությունը ոչ թե հավասար սուբյեկտների միջև է, այլ ոչ արժանապատիվ խաղաղություն է` անվտանգության սեփական համակարգ ունենալուց և ազգային հիմնահարցեր առաջ տանելուց հրաժարվելու գնով (վրացական տարբերակ): Այլ կերպ ասած` Փաշինյանը փորձում է պլանավորված կապիտուլյացիան, հայրենիքի ուրացումը և առաջին հերթին թուրքերին ձեռնտու ենթակառուցվածքների ապաշրջափակումը ներկայացնել որպես տարածաշրջանում խաղաղության հասնելու իր նախաձեռնած միջոցներ: Նրա հաշվարկը պարզ է. բացի թուրքական օրակարգ սպասարկելուց, Փաշինյանը նաև մտածում է, որ ամեն դեպքում մաքուր դուրս կգա տարածաշրջանային սպասվող «զարգացումներից». եթե լինի պատերազմ, նա կասի, որ մեղավոր չէ, քանի որ անընդհատ խոսում էր խաղաղությունից, եթե չլինի պատերազմ` նա կասի, որ չեղավ` իր խոսելու արդյունքում:

Որքան էլ նա շարունակի փորձել մոլորեցնել բոլորին, կան ակնհայտ հանգամանքներ, որոնք մանիպուլյացիայի չեն ենթարկվում:

Թուրքական օրակարգը, որը սպասարկում է Փաշինյանը, ոչ թե խաղաղ համակեցության, այլ որպես ազգային պետություն խաղաղ ճանապարհով վերանալու օրակարգ է (Վրաստանի օրինակով)։ Ավելի շատ երկրներ դեմ են տարածաշրջանը թուրք-իսրայելա-ադրբեջանական սցենարով վերաձևելուն, քան կողմ։ Փաշինյանին պատժելու են որոշ գերտերությունների հետ կարևոր հարցերում ինքնագործունեությամբ զբաղվելու համար (այդ մասին ակնարկել է Ս. Սարգսյանը)։ Փաշինյանին պատժելով` պատժելու են նաև Հայաստանին: