copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 14:15 24-05-2023

Մեր պատերազմը պատերազմ չէր, բայց Ուկրաինայի պատերազմը պատերա՞զմ է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է երկրի արևմտյան գործընկերներին, որոնք Վրաստանից պարբերաբար պահանջում են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ինչպես փոխանցում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Կատարի տնտեսական համաժողովի ամենամյա պանելային քննարկման ժամանակ։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ երբ 2008 թվականին տեղի էր ունենում ռուս-վրացական պատերազմը, որևէ մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանել։ «2008 թվականին մեզ մոտ պատերազմ էր, հիշում եք մեկին, ով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել, մեր պատերազմը պատերազմ չէ, բայց Ուկրաինայում պատերազմը պատերա՞զմ է: Որտեղ է տրամաբանությունը»,- ասել նա։

Վերջինս նկատել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ԱՄՆ-ն և Եվրոպան շարունակեցին բիզնես վարել Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ եթե երկիրը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ապա Վրաստանի տնտեսությունը կփլուզվի, ինչից վնաս կկրի երկրի բնակչությունը։

«Լավ գիտեք, մենք 2008-ին պատերազմ ենք ունեցել, հիշու՞մ եք որեւէ մեկին, ով պատերազմի ժամանակ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ։ Ոչ ոք։ Աշխարհում ոչ ոք ճիշտ, համարժեք արձագանք չտվեց։ Եվ ահա հարց եմ տալիս․ ո՞րն է տրամաբանությունը․ մեր պատերազմը պատերազմ չէր, բայց պատերազմն Ուկրաինայում պատերա՞զմ է։ Պետք է ասեմ, որ մենք հիասթափված էինք, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի հետ բիզնեսը սովորական ռեժիմով շարունակվում էր»,- նշել է նա։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ այդ պատերազմից հետո Վրաստանի տարածքի 20 տոկոսը դեռևս օկուպացված է Ռուսաստանի կողմից, վերջինս օկուպացված տարածքներում ռազմաբազա է կառուցել, ճանաչել այդ շրջանների անկախությունը։ «Ուստի իմ եվրոպացի, ամերիկացի ընկերներին ուղղված հարցս հետևյալն է. Թանկագին ընկերներ, դուք սովորականի պես բիզնես էիք վարում Ռուսաստանի հետ, պատժամիջոցներ չէիք կիրառում նրա դեմ։ Մինչև 2022 թվականը ԵՄ-ն Ռուսաստանին վճարեց 2,3 տրիլիոն դոլար, ոչ ոք չդադարեցրեց բիզնեսը Ռուսաստանի հետ, կարծես ոչինչ էլ չէր եղել»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը վերահաստատել է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին և ցանկանում է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի։ Նրա խոսքով՝ երկիրը միացել է ավելի քան 500 բանաձևերին, բոլոր միջազգային հարթակներում ներկայացված դիմումներին և ամբողջությամբ հետեւում է միջազգային պատժամիջոցներին, ինչի մասին փաստել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։

Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ Ռուսաստանի հետ Վրաստանի առևտուրը մեկ միլիարդ դոլարից էլ պակաս է։ Նա շեշտել է, ԵՄ-ն չորս օրում անում է այնքան առևտուր, որքան Վրաստանն ամբողջ տարվա ընթացքում։