Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, բանտի անձնակազմի ճնշող մեծամասնությունը, որտեղ գտնվում է Թբիլիսիում ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, նրա երկրպագուներն են: Ձերբակալվածին դիմում են միայն «պարոն նախագահ»-ով:
Սահակաշվիլին գտնվում է Ռուսթավիի թիվ 12 բանտում՝ մեկուսարանի 24-ժամյա տեսահսկմամբ մեկտեղանոց խցում, որտեղ նաև հեռուստացույց և շարժական զուգարան կա: Քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակից հերթապահում են խցի մոտ: Նրանք փորձում են օրական երեք անգամ կերակրել Սահակաշվիլիին, սակայն քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել: Միևնույն ժամանակ, բժիշկը յուրաքանչյուր երեք ժամը մեկ ստուգում է նրա արյան ճնշումը:
«Մենք լավ ենք ապրել Սահակաշվիլիի օրոք և դա հիշում ենք»,- ասել է բանտի աշխատակիցը:
Ճիշտ է, հավելել է նա, այնպիսի բանտերում, ինչպիսիք Սահակաշվիլիի օրոք էին, պետության նախկին ղեկավարը չէր դիմանա նույնիսկ երեք օր:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը ձերբակալվել է երկրի իշխանությունների կողմից, Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների վատթարացաման պատճառ չի դառնա: Նրա կարծիքով, Սահակաշվիլին գիտակցել է իր անմխիթար վիճակը բանտում, ուստի հիշել է իր ուկրաինական քաղաքացիությունը:
«Ցավալի է, որ այս մարդը ինը տարի եղել է մեր նախագահը: Եթե նա ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, ապա դա կարող է անել վրացական դատարանի կողմից սահմանված պատիժը կրելուց հետո՝ վեց տարի անց»,- հավելել է Վրաստանի վարչապետը: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կզբաղվի Սահակաշվիլիի վերադարձով: