Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում արվեստասերներին ներկայացվեց թանգարանի «ետնաբեմը»։ Ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը։
Դրա առաջին ցուցադրությունը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և ծովանկարիչներ՝ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները։
«Այս նախագիծը միտված է թանգարանի բացահայտմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության համաշխարհային հանրահռչակմանը։ Թանգարանն առաջին անգամ է իրագործում նման նախագիծ, այն նվիրված է Այվազովսկուն և իրեն անմիջականորեն առնչվող ծովանկարիչներին։ Նախագիծը կոչվում է «Նվիրատուներ և նվիրատվություններ», քանի որ թանգարանը 100 տարեկան է և իր հավաքածուում այսօր ունի 40 հազարից ավելի նմուշ։ Այս հավաքածուի մեծ մասն իրական գլուխգործոցներ են և դրանք այս թանգարան մուտք են գործել նվիրատուների շնորհիվ»,- տեղեկացրել է պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
«Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի ցուցանմուշները որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլք։