copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:23 16-09-2021

Ն. Փաշինյանի խաղաղության կեղծ օրակարգը

ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Ն. Փաշինյանը հատկապես վերջերս շատ է խոսում խաղաղության դարաշրջան բացելուց, տարածաշրջանում խաղաղության հաստատումից։ Բայց ինչպես մեղր ասելով բերանը չի քաղցրանում, այնպես էլ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի ավելանում։ Ուստի փորձենք հասկանալ, թե որտեղ է սխալվում կամ մեզ մոլորեցնում Ն. Փաշինյանը՝ խաղաղություն քարոզելով։ Իսկ այն, որ ինքը սխալվում է խաղաղության մասին իր պատկերացումներում կամ միտումնավոր մոլորեցնում է բոլորիս՝ ակնհայտ է, քանի որ հնարավոր չի խոսել խաղաղության մասին այնպիսի տարածաշրջանում, որտեղ կա մինչև ատամները զինված Թուրքիա, որն ունի ընդլայնվելու ցանկություն և հնարավորություն, իսկ դա լինում է սովորաբար հարևան պետությունների հաշվին կամ նրանց միջոցով։ Մեր տարածաշրջանում է նաև Իրանը, որը քայքայելու նպատակ ունեն առնվազն Թուրքիան, Իսրայելը և ԱՄՆ-ն։ Եվ վերջապես, մեր տարածաշրջանում ծանրակշիռ ձևով ներկայացված է Ռուսաստանը, որը նպատակ ունի ապահովել այստեղ իր երկարատև ներկայությունը՝ խաղաղապահ զորքերի կարգավիճակում հանդես եկող խոշոր ռազմաբազաների տեսքով։ Այստեղ ընթերցողը պետք է շատ ուշադիր լինի, որովհետև ռուս խաղաղապահների գործոնն ուղղակի կապ ունի տարածաշրջանում խաղաղության փաշինյանական օրակարգի հետ, բայց ոչ այնպիսի կապ, ինչպիսին կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

Ն. Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կարծում էր, որ մեր տարածաշրջանում պատերազմի գլխավոր վտանգը գալիս է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից, ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան չլուծված հակամարտությունից, որը լուծելով՝ նա կարող էր բացել իր երազած խաղաղության դարաշրջանը։ Եվ 2020 թվականի պատերազմը ու նրա ստորագրած կապիտուլյացիան, իր պատկերացմամբ, անհրաժեշտ էին տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման և տարածման գլխավոր օջախը՝ ղարաբաղյան հակամարտությունը, մարելու համար։ Եթե այդպես է, ապա պարզ է, որ պատերազմում հայկական կողմը պետք է պարտվեր, որպեսզի, այսպես ասած, «լեգիտիմ ձևով» հանձնվեին բոլոր այն շրջանները, որոնք Ադրբեջանը համարում էր իրենը։ Այդ ամենը ծրագրավորված տեղի ունեցավ, բայց արդյունքում խաղաղությունը չավելացավ, դեռ ավելին՝ պակասեց։ Ինչո՞ւ։ Ի. Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության էջը համարում է փակված, սակայն այստեղ երկու հարց է առաջանում։ Ինչո՞ւ թուրք-ադրբեջանական ուժերը չմտան Ստեփանակերտ, ինչի հնարավորությունն ունեին, և ինչո՞ւ են ղարաբաղյան հակամարտությունը լուծված համարող Ալիևի զինված ուժերը ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք։ Թվում է, թե Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր, բայց այս հարցերը ստիպում են մտածել, որ տարօրինակ պատերազմում ամեն ինչ չէ, որ դեռևս պարզ է։ Ստեփանակերտը չգրավելու հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ արտաքին որևէ ուժ թույլ չի տվել ադրբեջանական ուժերին մտնել Արցախի մայրաքաղաք։ Դա չէր կարող լինել Հայաստանը, որի վարչապետն իր շեշտված հակաղարաբաղյան համոզմունքներով պետք է որ դեմ չլիներ Ալիևին հանձներ նաև Ստեփանակերտը։ Բայց փաստն այն է, որ Արցախի մայրաքաղաքը չի գրավվել և չի հանձնվել, չնայած թուրք-ադրբեջանական ուժերն ունեին այն վերցնելու հնարավորություն, իսկ հայկական զորքերը, ամենայն հավանականությամբ, չունեին այն պահելու հնարավորություն։ Հետևաբար, եղել է արտաքին միջամտություն, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախն ամբողջությամբ չգրավելու մասին։ Ամենայն հավանականությամբ Ն. Փաշինյանը պատրաստ է եղել հանձնել ամբողջ Արցախը, բայց նրան ստիպել են ստորագրել հայտնի հայտարարությունը և կանգնեցնել պայմանավորված պատերազմը գոնե այդ փուլում։ Իսկ ի՞նչ էր նախատեսված հայտարարությամբ։ Մասնավորապես այն, որ տարածաշրջանում տեղակայվում են ռուս խաղաղապահներ, որոնք ապահովելու են խաղաղ բնակչության անվտանգությունը։ Հիմա հարց. եթե հանձնվեր ամբողջ Արցախը, այնտեղ կլինե՞ր խաղաղ հայ բնակչություն, որը պաշտպանելու առիթով Ռուսաստանը կկարողանար այստեղ տեղակայել իր ուժերը։ Պարզ է, որ ոչ, քանի որ Արցախի ամբողջ բնակչությունը ստիպված գալու էր Հայաստան։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Ստեփանակերտը չգրավելը եղել է Ռուսաստանի միջամտության արդյունքում և այն նպատակով, որպեսզի Ռուսաստանը ստանա այստեղ խաղաղապահ զորքեր տեղակայելու լեգիտիմ իրավունք։ Չմոռանանք, որ դրանից առաջ Արցախի նախագահ Ա. Հարությունյանը դիմել էր Ռուսաստանին օգնության խնդրանքով և ըստ էության՝ մերժվել։

Հիմա, փաստ է, որ ռուս խաղաղապահներն այստեղ են ստորագրած համաձայնագրի ուժով և ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը։ Այդ դեպքում տարածաշրջանային ի՞նչ խաղաղության մասին է զառանցում Ն. Փաշինյանը, եթե տարածաշրջանի պետությունները չեն ուզում կամ չեն կարող ապահովել այդ խաղաղությունը, որը հարաբերականորեն պահպանվում է, փաստորեն, արտաքին ուժի՝ Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ նպատակով է Ն. Փաշինյանն անընդհատ խոսում խաղաղությունից, երբ բոլորը խոսում են մոտ օրերս պատերազմի վերսկսման հավանականության մասին։ Այս հարցերն ունեն երկու պատասխան:

1. Ն. Փաշինյանը միտումնավոր մոլորեցնում է մեզ՝ հայերիս, որպեսզի մենք մտածենք, թե բոլոր այն մարդկային և տարածքային կորուստները, որ ունենք և դեռ ունենալու ենք, ծառայելու են խաղաղության հաստատմանը, իբր այդ կորուստներից հետո Հայաստանի համար բացվելու է խաղաղ ապագա։ Սա շարքային խաբեություն է թեկուզ և այն պատճառով, որ խաղաղություն առհասարակ լինում է երկու դեպքում՝ երբ այն պարտադրված է կամ փոխշահավետ։ Տարածաշրջանում Հայաստանն այսօր չի կարող պարտադրել խաղաղություն ո՛չ զենքով, ո՛չ առավել ևս խոսքով, իսկ փոխշահավետ խաղաղություն հնարավոր չէ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի շահը՝ Հայաստանի վերացումը տարածաշրջանի քարտեզից, մեր շահերի հետ որևէ կապ չունի։ Դրանք գումարենք նաև Իրանի գործոնը, որը նույնպես իր համար շահեկան չի համարում Հայաստանի հետ սահմանի փոփոխությունը։

2. Ն. Փաշինյանը միտումնավոր խոսում է խաղաղությունից, որպեսզի իրականացնի իր տերերի կողմից ստացված գլխավոր հանձնարարությունը՝ դուրս հանի Ռուսաստանը մեր տարածաշրջանից։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ տարածաշրջանի պետությունները հայտարարեն, որ չունեն որևէ լուրջ խնդիր, որի լուծման համար կարող է ուժ կիրառվել։ Քանի որ ռուսական զորքերը ներկայացված են մեր տարածաշրջանում հենց մարդասիրական-խաղաղապահ առաքելությամբ, ապա այստեղից նրանց դուրս գալը պայմանավորված կլինի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև խաղաղության մասին որևէ փաստաթղթի ստորագրմամբ։

Պարզ է, որ Ն. Փաշինյանը չի գնալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների սրման և բախումների, զիջելու է այն ամենն, ինչ նրանք կպահանջեն, որպեսզի ի վերջո ստորագրվի մի փաստաթուղթ, որը հիման վրա հնարավոր կլինի Ռուսաստանին ասել, որ նրա ռազմական ներկայությունն այստեղ այլևս անիմաստ է։

Բայց քանի որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ այս տարածաշրջանից և ուղղակի ասում է, որ այստեղ է «լրջորեն ու երկարատև», ապա Ն. Փաշինյանի վարած կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը հանգեցնելու է տարածաշրջանում նոր պատերազմների, որոնց միջոցով ռուսները կվերահաստատեն այստեղ իրենց ներկայության անհրաժեշտությունը։