Երևան +22°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:58 12-09-2021

Կրթություն-աշխատաշուկա կապ ընդհանրապես գոյություն չունի. ԵՊՀ օրինակը

Երբ հասարակական տրանսպորտն իր ծանրաբեռնվածությամբ, ներսից եկող ձայներով ու բույրերով ոչնչով չի տարբերվում փախստականներ տեղափոխող բեռնատարից, ուրեմն դասերը սկսվել են: Ավելին՝ սեպտեմբերի մեկն է, կամ մոտերքում է:

Ինչևէ, ցանկացած ուսումնական տարվա սկզբին լսում ենք պետության ջոջաց ջոջերի պաթոսախեղդ ելույթները կրթության կարևորության, գրեթե աստվածացման, այդ ուղղությամբ տարվող գործուն քայլերի մասին։

Ուսանողներն էլ հուզված, ապագայի հանդեպ մեծ հավատով, երազանքներով ու հույսերով մուտք են գործում լսարան՝ չորրորդ կուրսեցիների հեգնակարեկցող ժպիտների ուղեկցությամբ:

Բայց եթե լիրիկան դնենք մի կողմ ու սկսենք խոսել թվերով, ժպտալու քիչ բան է մնում:

Նախ, եկեք ուսումնասիրենք Մայր բուհի մասնագիտական ցանկն ու այդ բաժիններում ուսանողների քանակը: Ֆակուլտետները շատ են, այնպես որ եկեք սահմանափակվենք լավագույն հնգյակով, ընդ որում, վերջին երկու տարում:

Վերջին երկու տարիներին լավագույն հնգյակը գլխավորում է Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությունը՝ 2020-ին՝ 227, այս տարի՝ 228 ուսանողով: Երկրորդ տեղում իրավագիտությունն է, 2020-ին՝ 159, այս տարի՝ 161 ուսանողով: Երրորդ տեղում դիվանագետներն ու միջազգային հարաբերությունների մասնագետներն են՝ 132՝ 2020-ին և 135՝ այս տարի: Չորրորդ հորիզոնականում անգլերենի սիրահարներն են: Իսկ այ 5-րդ տեղից սկսած պատկերը սկսել է փոխվել: Եթե նախորդ տարի 5-րդ հորիզոնականը կիսում էին քաղաքագետներն ու տնտեսագետները՝ 72-ական ուսանողով, ապա այս տարի ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ մեզ մի տեսակ պակասում են սպասարկման ոլորտի աշխատակիցներն ու Սերվիս ֆակուլտետն այս տարի եզրափակում է մեր մրցաշարային աղյուսակը՝ 84 ուսանողով:

Ի՞նչ խնդիր կա: Իրականում խնդիրը կրթություն-աշխատաշուկա կապն է, որը ոչ թե թույլ է, այլ ընդհանրապես գոյություն չունի: Կրթությունն այլ բանի մասին է, աշխատաշուկան՝ այլ:

Լավ, առաջին հորիզոնականը դնենք մի կողմ: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կարիք իսկապես կա: Թեև այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան, բայց դնենք մի կողմ, բավարարվենք նվազագույն շեմով՝ կա պահանջարկ, կա ֆակուլտետ:

Հիմա նայենք աշխատաշուկայի թվերին: Որպեսզի պարզենք, թե որ մասնագիտություններն են պահանջված, շատ խելք պետք չէ, ոչ էլ ինչ-որ սուպերգործիքներ: Բավական է միայն ուսումնասիրել այն կայքերը, որտեղ աշխատանքի հայտարարություններ են տեղադրվում:

Այսպես, մարզերում աշխատանքի հայտարարությունների 28.8 %-ը բաժին է ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, 23.4%-ը սպասարկման ոլորտի աշխատակիցներին և 4.7%-ը՝ թվային մարքեթինգի մասնագետներին:

Երևանում պատկերն ավելի ցայտուն է. 47.6 % գործատուները փնտրում են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, 17.3%-ը՝ սպասարկման ոլորտի աշխատակիցներ, իսկ 7.4%-ը՝ թվային մարքեթինգի մասնագետներ:

Ընդ որում, թվային մարքեթինգի մասնագետները սկսում են օրեցօր ավելի մեծ պահանջարկ վայելել:

Աշխատանքի հայտարարոթյունների հարթակների ուսումնասիրությունը հետևյալ պատկերն է ցույց տալիս.

Staff.am- 3%

Myjob.am- 1.2%

Job.am- 1.1%

Professionals.am- 1.3%

Եթե վերցնենք միայն հարթակներից ամենախոշորն ու ուսումնասիրենք միայն առաջին 100 հայտարարությունը, նման պատկեր կստանանք.

ՏՏ՝ հիմնականում ծրագրավորողներ- 35 հայտարարություն

Միջին մասնագիտական վարպետներ- 9 հայտարարություն

HR և թվային մարքեթինգ- 11 հայտարարություն

Այլ աշխատանքներ- 45 հայտարարություն

Ո՛չ իրավաբանի, ո՛չ միջազգայնագետի հայտարարություն առաջին 100-ում չկա: Ավելին՝ նման հայտարարությունները խիստ հազվադեպ են հանդիպում: Սակայն նախարարությունը շարունակում է համառորեն տեղեր հատկացնել այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն անընդհատ նվազում է աշխատաշուկայում:

Ինֆորմատիկայի ֆակուլտետի ու ընդհանրապես, տեխնոլոգիական կրթության հետ էլ խնդիր կա:

Բանն այն է, որ գործատուները բողոքում են, որ համալսարաններից դուրս եկած ուսանողները որևէ կերպ չեն համապատասխանում եղած աշխատանքի անգամ նվազագույն պահանջներին: Եթե ուսանողը զուգահեռ չի սովորել ծրագրավորման կամ այլ տեխնոմասնագիտության որևէ հմտություն, ուրեմն չի կարող անգամ գաղափար ունենալ այն աշխատանքից, որը կա աշխատաշուկայում:

Գործատուները հաճախ ստիպված են լինում իրենք նորից կազմակերպել պրակտիկանտի կրթական պրոցեսը, որպեսզի ինչ-որ ժամանակ անց նա սկսի համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին: Որոշներն ընդհանրապես առաջին կամ երկրորդ կուրսեցիներից են պրակտիկանտներ ընտրում ու կրթական պրոցեսին զուգահեռ կազմակերպում նրա վարպետացումը: Սա ընդունված երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ սա արվում է անհատների ջանքերով ու նրանց նախաձեռնությամբ: Չկա որևէ պետական ծրագիր, որը համակարգային կկազմակերպի այս պրոցսը: Մի քանի փոքր նախադեպերը չհաշված, որոնք ավելի շատ արարողակարգային միջոցառում են հիշեցնում, քան պետական քաղաքականություն:

Բազմաթիվ ընկերություններ ահազանգում են այն մասին, որ չեն կարողանում միջինից բարձր որակավորմամբ մասնագետներ գտնել: Այդ պատճառով էլ ոլորտում աշխատավարձերն անտրամաբանական բարձր են, քանի որ լավ մասնագետի խիստ պակաս կա, ու յուրաքանչյուրն ուզում է իր մասնագետին պահել իր մոտ, մյուսն էլ փորձում է ավելի բարձր աշխատավարձով շահագրգռել:

Թե ինչ սկզբունքով են որոշում համալսարաններում տեղերի բաշխվածությունը, հայտնի չէ: Նախարարությունում չկար որևէ մեկը, որպեսզի բանավոր պատասխաներ հարցին, ու խնդրեցին գրավոր ձևակերպել: Սպասենք նախարարության պատասխանին: