Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:32 09-09-2021

2018-2021. խոստումներ և արդյունքներ. արտաքին քաղաքականություն

Վերջերս, երբ համացանցում հայտնվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատվավոր պաշտոնն զբաղեցնող անձի ու великого государя шурин-ի (ներողություն եմ խնդրում ինչպես Բորիս Գոդունովից, այնպես էլ Ֆեոդոր Ռյուրիկովիչից նման համեմատության համար)՝ մի քանի օր առաջ Հունաստանում ունեցած անհավանական «գունագեղ» արկածների մասին տեսանյութը, ակամայից հիշեցի 2018թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական մեծ ցնծությունը, ինչպիսին նույնիսկ բրիտանական հին ազնվականներն ու նախաբուրժուաները չէին ապրել Ազատությունների մեծ խարտիայի ընդունման կապակցությամբ: Ի՜նչ սպասումներ, ի՜նչ երջանիկ սպասումներ էին թևածում օդում: Եվ քանի որ այս տեսանյութն ինձ հիշեցրեց նաև տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդկանց մոտ ցավի ու տառապանքի այսօրվա զգացողությունների մասին, որոշեցի ետ գնալ այն երջանիկ օրերը և տեսնել, թե ինչ էին առաջարկում մեր փրկիչները ժողովրդին այն ժամանակ և ինչ ունի պետությունը հիմա: 2018թ. հունիսի 1-ին, համընդհանուր ոգևորության ու գերբարձր լավատեսության պայմաններում ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրեց կառավարության ծրագիրը: Այդ օրվանից մինչև անհավանական արկածների ժամանակն անցել է երեք տարի, երեք ամիս ու երեք օր, և ցանկություն առաջացավ հետադարձ հպանցիկ մի հայացքով գնահատելու այս նույն ղեկավարի գլխավորած կառավարության արած-չարածն ու... ի՞նչ պարզվեց:

Արտաքին քաղաքականություն: Պարզվեց, որ 2018թ. հունիսի 1-ին, մեջբերում եմ, «կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը և դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը»:

Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխանությունը իր գոյության երեսուն տարիների ընթացքում երբեք այսքան անպաշտպան ու նվաստ չի եղել: Հասկանալի է, որ միջազգային հարաբերությունների բազմաբարդ այս համակարգում լիարժեք ինքնիշխանության մասին ավելորդ է խոսել անգամ տերությունների պարագայում, ուր մնաց փոքր պետությունների: Այդուհանդերձ գոյություն ունի ինքնիշխանության չափման խելամիտ նշաձող, որից ներքև գտնվող ինքնիշխանության մակարդակը վկայում է պետության ձախողվածության մասին: Այդ նշաձողը այլ երկրի զինուժի բացակայությունն է պետությանդ տարածքում, եթե միայն քո հրավերով կամ համաձայնությամբ չէ այդ զինուժը տեղակայված: Իսկ հիմա՞: Հիմա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում (Սև լիճ) վխտում են ադրբեջանցի զինվորականները հարյուրներով, գուցե հազարներով: Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան տարածքում երբեք այսքան ասկյարներ չեն բնակվել՝ այսչափ անպատիժ ու այսչափ երկար չեն մնացել (միակ բացառությունը գուցե Արծվաշենի դեպքն է, որի կողքին, սակայն, երեք տասնամյակ ազատագրված պահպանվում էին մեր հայրենիքի տարածքները): Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, ապա նշենք, որ անկախության ողջ շրջանում Հայաստանի Հանրապետության բնակիչն իր երկրի տարածքում ազատ տեղաշարժվելու խնդիր երբեք չի ունեցել, ի տարբերություն ներկայի, երբ ցանկացած պահի թշնամին կարող է ճանապարհներ փակել: Իսկ Արցախի անվտանգության հետ կապված ունենք իրավիճակ, երբ հալվում են Պաշտպանության Բանակի զորամասերը, Հայաստանի Հանրապետությունը նորակոչիկներին այլևս չի ուղարկում Արցախ (երևի Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի կամ Արարատի սահմանների ասկյարներն ավելի ջենտլմեն են քան Արցախի սահմանների մոտ նստած ասկյարները), Արցախի բնակչության կապը Հայաստանի Հանրապետության հետ մի միջանցքով է տեղի ունենում, որի վրա չունենք հսկողություն:

Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու խոստման հետ կապված՝ պետք է նկատել, որ պարտված երկիրը, որը նաև ձախողված պետություն է, որտեղ իշխանությունը կորզվել է հակառեյտինգի, մանիպուլյացիայի ու վարչական լծակների գործադրման պայմաններում, որտեղ իշխանությունը նույն պարտության խորհրդանիշ մարդիկ են ներկայացնում, երբեք չի կարող ունենալ բարձր հեղինակություն: Միջազգային ի՞նչ հեղինակություն ունի Հայաստանի Հանրապետությունը ներկայում, որտե՞ղ. ՄԱԿ-ու՞մ է նրա ձայնը լսվում, ՆԱՏՕ-ո՞ւմ, ՀԱՊԿ-ո՞ւմ, ո՞վ է աջակցում մեզ. Սփյո՞ւռքը, միջազգային հանրությո՞ւնը: Ո՞ր երկիրը, միջազգային ո՞ր սուբյեկտը կհարգի մի պետության, որտեղ բանավոր պայմանավորվածությամբ արյունով պահված հողեր են հանձնում հակառակորդին և ճանապարհներ ու բնակավայրեր դնում նրա հսկողության տակ:

Ավելորդ եմ համարում խոսել միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածությունն ավելացնելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը և դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեություն ծավալելու մասին ամպագոռգոռ խոստումների արդյունքներից: Նախ՝ «երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի կայուն զարգացում» ձևակերպումը նախորդ կառավարության ծրագրի (2017-2022) համապատասխան հատվածների անհաջող ու անգրագետ ընդհանրացումն է, երկրորդ՝ այդպես էլ կարոտ մնացինք Հայաստան և Արցախ ներդրումների առատ հոսքին:

Չենք ցանկանում նաև ընթերցողին ծանրաբեռնել՝ արտաքին քաղաքականության հետ կապված բոլոր խոստումների առնչությամբ առկա իրողությունները հանգամանալից ցույց տալով. կանգ առնենք միայն մի էական հանգամանքի վրա:

2018թ.-ի ծրագրում մեր կառավարությունը մի աննախադեպ ձևակերպում է անում. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության (ընդգծումը մերն է. Մ.Ս.), հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա»: Իրավահավասարության մասին մասին այս «անմեղ» կամ «պատահական» հիշեցումն, ի դեպ, արված է նաև կառավարության 2019թ. ծրագրում՝ 2018թ. դեկտեմբերի ընտրություններում «Իմ քայլի» տարած «փառահեղ» հաղթանակի պայմաններում: Իրավահավասարության մասին Փաշինյանը հրապարակավ ու պաշտոնապես հիշեցում արել է նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումներում (հիշում եմ Պուտինի դեմքն այդ հանդիպումներից մեկի ժամանակ): Առաջին հայացքից շատ արդար, շատ նորմալ, համենայն դեպս ոչ արտառոց ձևակերպում է: Նույնիսկ Ռուսաստանը ինչ-ինչ պատճառներով չսիրող մարդկանց համար սա նվազագույնն է, ինչ պետք է ասել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Իրականում միջազգային քաղաքականությունը ճաշակի հարց չէ, հատկապես անվտանգային լուրջ սպառնալիքներ ունեցող փոքր պետության պարագայում: Իսկապես, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, ԵՄ անդամ երկրների և մյուս բոլորի հետ հարաբերություններում իրավահավասար դիրքերից հանդես գալը յուրաքանչյուր իշխանության սուրբ պարտքը պետք է լինի: Դրա համար անհրաժեշտ է ինքնաբավության բարձր մակարդակ ապահովել հատկապես ռազմական անվտանգության ոլորտում: Այսինքն՝ պետք է աշխատել այդ ուղղությամբ՝ առանց բարձրագոչ հայտարարությունների: Մինչդեռ երբ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները, ինչպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությամբ, այնպես էլ նախկինում թույլ տրված սխալներով պայմանավորված՝ «պատրոն-կլիենտ» ձևաչափի հարաբերություններ են, դատարկ տեղը հավասարության նշանների մասին ճամարտակելը կա՛մ քաղաքական տհասության նշան է, կա՛մ ռուսաֆոբ յուրայինների հպարտ հակումները բավարարելու ժեստ, կա՛մ ուժեղ տղայի կերպարի ցուցադրություն, կա՛մ մեսիջ դեպի այս ու այն կողմ և այդպես շարունակ: Թե որքանո՛վ այդ «իրավահավասարությունը» ուղենիշային դարձավ Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. արտաքին քաղաքականության ռուսական ուղղության մեջ ու թե դա ի՛նչ ազդեցություններ ունեցավ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան ռազմաքաղաքական աննպաստ զարգացումների վրա, հետազոտության հարց է: Մի փաստ կարելի է, ընդամենը, այս առումով ուշադրության արժանացնել: ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում իրավահավասարության թեման բացակայում է, կարծես այն այլևս արդիական չէ կամ վերացել է դրա պահանջը:

Ձեզ գուցե հետաքրքրի