Երևան +19°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 10:26 09-09-2021

Ադրբեջանի նպատակն է ՀՀ-ին մշտապես դուրս թողնել բանակցային գործընթացներից. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Oragir.news-ի հետ զրուցել է Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների մանդատի, ստեղծված իրավիճակում ՀՀ-ի գործողության, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի համանախագահող խմբի անելիքների և հնարավոր սպասվող պատերազմի մասին։

- Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ։ Հայկական կողմից պաշտոնական հերքում կամ հաստատում դեռևս չի եղել, բայց եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ ՀՀ-ն աստիճանաբար դուրս է գալիս Արցախի հետ կապված գործընթացներից, և արդյո՞ք սա է պատճառը, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին ՀՀ որևէ պաշտոնյա ներկա չէր։

- Ադրբեջանը և Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկու երկիր, կարող են երկկողմանի դաշտում հազարավոր հարցեր քննարկել, որոնք իրենց են հետաքրքրում, բայց չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը եռակողմ հայտարարության շրջանակից են բխում, և հենց դա է հիմքը, ու այստեղ Ադրբեջանը փորձում է մանիպուլացնել՝ ասելով, որ Հայաստանը կճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, իսկ եթե Հայաստանը ցանկանում է դեմարկացիա ու դելիմիտացիա, ուրեմն Արցախի խնդիրը դուրս է ՀՀ-ի իշխանությունների ուշադրությունից, և մենք երկկողմ իմաստով կքննարկենք ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը: Սա ադրբեջանական յուրահատուկ դիվանագիտություն է, որի նպատակն է ՀՀ-ին մշտապես դուրս թողնել բանակցային գործընթացներից: Նմանօրինակ խնդիրներ լուծելու համար պետք է հաշվի առնել ՀՀ գործողությունները, այդ իսկ պատճառով արձագանքները պետք է լինեն անմիջապես, և ՀՀ-ն պետք է ամեն բան անի, հասկացնի, որ ինքն էլ է մասնակցելու այս գործընթացներին կամ շատ գործընթացների չի գնա՝ պաշտպանելով հայկական շահերը: Պետք չէ նույնիսկ մտավախություն ունենալ ռուսական զորքերի մանդատի խնդրի հանդեպ, ՌԴ-ն կարողանում է իր շահերով առաջնորդվել, այս դեպքում ՀՀ-ն ՌԴ-ի հետ պետք է երկկողմ աշխատանքներ տանի, ոչ թե մտահոգվի, թե եկեք միանգամից մեր սահմանները դեմարկացիա և դելիմիտացիա արեք: ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն ինչքան հնարավոր է նոր իրավական գործընթացներ պետք է նախաձեռնեն, այսինքն՝ ամենակարևորն Արցախի անկախության ճանաչման գործընթացն է, ուզում են հիմք ընդունել անջատում հանուն փրկության կամ էլ ինքնորոշման սկզբունքները, բայց գործընթաց պետք է նախաձեռնեն։ Պետք է այդ գործընթացն իրագործել՝ բացատրելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, գոյություն ունի Արցախի Հանրապետություն, որի տարածքն այսօր Ադրբեջանի զորքերն օկուպացրել են, սա ամենակարևոր խնդիրներից մեկն է. ադրբեջանական օկուպացիայի մասին հարցը: Մենք պետք է հստակ դարձնենք մեր մոտեցումը, այլ ոչ թե փորձենք խաղացնել կամ հանդես գալ այնպիսի ձևակերպումներով, որ Ադրբեջանը կարողանա մեզ շահարկել՝ օգտագործելով, օրինակ, «Արցախի սահմանը» եզրույթը, իսկ ո՞րն է դա, Արցախի Հանրապետության սահմանը մինչև չճանաչես, ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր սահմանների:

- Այս իրավիճակում ՀՀ-ն հնարավորություն ունի՞ շահեկան դիրքերից հանդես գալու այն բանակցություններում, որոնք սպասվում են, քանի որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է. «ԼՂ կարգավորման՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հարցը գտնվում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում, մենք սատարում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ակտիվացումն իրենց մանդատի շրջանակում՝ խելամտորեն հաշվի առնելով տարածաշրջանային նոր հնարավորությունները»։ Ի՞նչ եք մտածում այս հարցի մասին։

- Ամենացավալին այն է, որ հայկական դիվանագիտությունը երկարաժամկետ խնդիրների վրա այսօր չի կենտրոնանում ու փորձում հասկանալ, թե ինչ փոփոխություններ պետք է բերի բանակցային ընդհանուր սեղանին, որ կարողանա իր յուրահատուկ ձայնն ունենալ, իսկ Ադրբեջանը չկարողանա ամեն անգամ այնպես անել, որ ՀՀ-ին դուրս թողնի բանակցություններից: Նաև ցավալի է, որ նույն կերպով Արցախի Հանրապետությունն իր ձայնը չի բարձրացնում և իր առանձին մոտեցումներով չի դիմում համայն հայությանը՝ սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու համար: Ավելին՝ Երևանում վերջերս ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել ՌԴ-ի Մինսկի խմբում նոր համանախագահի հետ: Մինչդեռ նախկինում համանախագահները գնում էին Ստեփանակերտ: Այն էլ ՌԴ-ի ներկայացուցիչը, որը որևէ խնդիր չունի, քանի որ կարող է ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության ներքո նույն Լաչինի միջանցքով անցնել և այցելել Ստեփանակերտ։ Սա էլ է վերաբերմունք, որ պետք է հաշվի առնել, եթե նույնիսկ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները կարող են խնդիրներ ունենալ, ապա ՌԴ-ի նոր համանախագահողը պետք է հանգիստ գնար Ստեփանակերտ, այ դա կլիներ յուրահատուկ մեսիջ, որին Արցախի և Հայաստանի իշխանությունները միասնական պետք է կարողանային հասնել ու ապահովել:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեության ակտիվացումն է և այլն, ապա երբ դա մեկնաբանում է ՌԴ ներկայացուցիչը, բնականաբար, ՌԴ շահերից ելնելով է պատկերացնում, երբ դա մեկնաբանի Ֆրանսիայի ներկայացուցիչը, կանի Ֆրանսիայի շահերի տեսանկյունից, ԱՄՆ-ինը՝ ԱՄՆ շահերի և այլն: Այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ մենք դեռ չենք էլ տեսել որևէ տեղում, որ այդ երեք համանախագահները միասին հավաքվեն և քննարկեն իրենց համատեղ մոտեցումը, մենք պետք է հասկանանք, որ խնդիր կա՝ կապված նաև այդ ինստիտուտի հետ, որտեղ պետք է կարողանան հանդես գալ միասնական մոտեցմամբ, որովհետև, ինչքանով որ ես եմ հասկանում, ՌԴ-ին հետաքրքրում է, որ ԵԱՀԿ-ն խոսի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ:

Իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ն փորձելու են օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը՝ իրենց ներկայությունն ամրապնդելու և փորձելու այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ ցույց չտան՝ միայն ՌԴ-ն է այսուհետ ստանձնելու Արցախյան հարցի կարգավորումը։

Գլխավոր հարցն այն է, թե որտեղ են ՀՀ-ի և Արցախի շահերը: Արդյոք գիտե՞նք: Նոր իրականություն պետք է ձևավորենք, նոր իրավական փաստաթղթեր ընդունենք, օրինակ՝ օրենք ադրբեջանական օկուպացիայի մասին, Արցախի ճանաչման նախաձեռնություն, որպեսզի Մինսկի խումբը գիտակցի, որ նոր իրականության է առնչվելու, իսկ Ադրբեջանն էլ հասկանա, որ պարզապես չի կարող անել այն, ինչ միակողմանի ցանկանա։

- Վերջին շրջանում գրեթե ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ գուցե կրկին պատերազմ սկսվի, եթե ՀՀ իշխանությունները զիջում են այն ամենը, ինչ ցանկանում է Ադրբեջանը՝ անգամ հայկական գյուղերն ադրբեջանական անվանելով, շատ փորձագետներ էլ ասում են, որ դա բանավոր դեմարկացիա անելու միջոց է, ինչո՞ւ պետք է լինի պատերազմ։ Ի՞նչ կասեք դրա մասին։

- Պատերազմ լինելու է, որովհետև մեր թշնամին չի համարում, որ իր խնդիրները լուծել է, և ասում է, թե Զանգեզուրն էլ է իրենը, Սևանն էլ, Երևանն էլ… Թշնամին ցանկանում է մեզ այստեղից վերացնել, ու համապատասխան գործողություններ է ձեռնարկելու, այսօր էլ թշնամին պատրաստվում է, և հենց այն րոպեին, երբ զգա՝ պատրաստ է, գալու է իր խնդիրները լուծելու։ Նրանք մեզ իրենց թշնամին են համարում, ու դրանից պարզ է, որ պատերազմ լինելու է: Մենք իսկապես լավ չենք ընկալում՝ ինչ է նշանակում թշնամի բառը, և այդ պատերազմին եթե մենք չպատրաստվենք, ապա ոչ մի անգամ խաղաղություն չենք բերի, այնպես որ խաղաղության օրակարգի մասին խոսելուց պետք է գիտակցել, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի, չե՞ս պատրաստվելու պատերազմի, ուրեմն լինելու է պատերազմ, և քեզ ջախջախելու են։ Ավելի շատ խաղաղության օրակարգով են մեզ մանիպուլացնում, քան իրականությունը մեզ ներկայացնելով, իսկ պատերազմ լինելու է, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ցանկանում են, որ ՀՀ-ն գոյություն չունենա, Արցախը գոյություն չունենա, հայ էլ գոյություն չունենա, առնվազն այս տարածաշրջանում, դե հիմա, եթե Ավստրալիայում մի փոքր համայնք կլինի կամ Գլենդելում, դա այդքան էլ իրենց չի մտահոգի, բայց առնվազն դա է պատկերը: Եվ այո՛, մեր թշնամիները չեն թողնելու, որ մենք հանգիստ ապրենք, իսկ մենք էլ պետք է խելք ունենանք, որ մեր ստանձնած առաքելությունը, միգուցե և աստվածային առաքելությունը՝ ապրել այստեղ՝ մեր հայրենիքում, այն հզորացնելու և շենացնելու առաքելությունը գիտակցենք ու պատրաստվենք այն կյանքի կոչելուն, ինչպես ազգային երազանքը մեր գալիք սերնդների համար՝ մեր հայրենիքը վերականգնելու առաքելությունը։