Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 19:30 10-07-2026

Ռուբեն Վարդանյանի գործը կհասնի ՄԻԵԴ․ ինչու Բաքուն չի տրամադրում մյուս դատավճիռները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանն ի վերջո տրամադրել է այդ երկրում 20 տարվա ազատազրկման դատապարտված՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որով իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն առաջիկայում կդիմի ՄԻԵԴ։ Միևնույն ժամանակ, առ այս պահը Ադրբեջանը հրաժարվում է տրամադրել մյուս 15 հայ գերիների և պատանդների դատավճիռները, որոնք ևս երկարաժամկետ և ցմահ ազատազրկման են դատապարտվել։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Սիրանուշ Սահակյանի հետ․

– Տիկին Սահակյան, կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ էական հանգամանքներ կան Ռուբեն Վարդանյանի դատավճռում, և ի՞նչ ակնկալիքներ ունեք ՄԻԵԴ դիմելու գործընթացից։

– Դատավճիռը դեռ ուսումնասիրում ենք, որովհետև այն բավականին ծավալուն, արհեստականորեն լցված և հակասական փաստաթուղթ է։ Ամբողջությամբ կկարողանամ մեկնաբանել այն, երբ ուսումնասիրությունն ավարտված լինի, և ամբողջ ծավալով ծանոթացած լինեմ դրա բովանդակությանը։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ապա այնտեղ վկայակոչվելու են մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ, սակայն կենտրոնականը լինելու է արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ի սկզբանե եղել են քաղաքական։ Իրական որևէ հանցավոր արարք, գործողություն կամ անգործություն նրան չի վերագրվում։ Բոլոր մեղադրանքները կապված են Արցախի չճանաչված, սակայն դե ֆակտո գործող հանրապետության շրջանակում նրա ծավալած գործունեության հետ, ինչը միջազգային իրավունքով ինքնին արգելված չէ։

Այսպիսի հավաքական գործողություններին քրեաիրավական գնահատական տալը և անձի անհատական պատասխանատվության հարց դնելն ամբողջովին ոտնահարում է իրավունքի գերակայությունը և արդար դատապարտման բոլոր սկզբունքները։

Բովանդակային մեղադրանքներից զատ՝ մենք գործ ունենք նաև ընթացակարգային անարդարության հետ։ Թե՛ գործը քննած դատական կազմն է եղել կախյալ և ոչ օրինական, թե՛ կարևորագույն երաշխիքները, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության, առերես հարցաքննության և անմեղության կանխավարկածի իրավունքները, խախտվել են։ Ուստի այդ դատական գործընթացի արդյունքում ընդունված որևէ ակտ չի կարող միջազգային ճանաչում ունենալ և լեգիտիմ հիմք հանդիսանալ անձին շարունակաբար ազատությունից զրկելու համար։ Կենտրոնականը հենց այդ հոդվածն է, սակայն հարակից բազմաթիվ այլ իրավունքների խախտումներ ևս հիմնավորելու ենք։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպական դատարանի հնարավոր որոշումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախկինում ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մեծ փորձ ունի։ Հիշում ենք Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ հայտնի որոշումները, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։

– Այն, որ պետությունը կարող է չկատարել ՄԻԵԴ-ի որոշումները կամ անհամաձայնություն հայտնել դրանց վերաբերյալ, ամենևին չի չեզոքացնում այդ ակտերի իրավական և պարտադիր բնույթը, ինչպես նաև դրանց ազդեցությունը միջազգային քաղաքականության մեջ։ Եվրոպական դատարանի արձանագրումները վերջնական են, և դրանք չեն կարող փոխարինվել ներպետական մարմինների ընկալումներով ու մեկնաբանություններով։ Դրանք նաև սերունդներին փոխանցվող ճշմարտություններ են, որոնք ձևավորվել են իրական արդարադատության արդյունքում։

Ցանկացած չկատարում արդեն իսկ ոտնձգություն է միջազգային իրավակարգի և միջազգային կառույցների հեղինակության նկատմամբ, որոնց պահպանման և ուժեղացման ուղղությամբ միջազգային ջանքեր են գործադրվում։ Մենք հույս ունենք, որ այդ նույն միջազգային կառույցները կօգտագործեն իրենց ողջ գործիքակազմը, այդ թվում՝ քաղաքական լծակները, որպեսզի այդ միությունների անհնազանդ անդամներին բերեն օրինական դաշտ։

Սա գործընթաց է ենթադրելու, և մենք բնական ենք վերաբերվում նաև այդ անհնազանդ վարքագծին, սակայն կարծում ենք, որ միջազգային իրավունքը գոյություն ունի և ունի բավարար մեխանիզմներ՝ անհնազանդ գործընկերներին իրավաչափ վարքագիծ պարտադրելու համար։

– Ադրբեջանը մինչ այժմ չի տրամադրում նաև մյուս 15 հայ գերիների ու պատանդների դատավճիռները։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, և, ի վերջո, կտրամադրվե՞ն դրանք։

– Կարծում եմ՝ Ադրբեջանը պարզապես ձգձգում է միջազգային իրավական պաշտպանության գործընթացը և փորձում է ժամանակ շահել՝ այդ կեղծ փաստաթղթերի հիմքերն ուժեղացնելու համար։

Քանի որ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումը, որը պարտադիր է և Ադրբեջանին պարտավորեցնում է դատարանին ներկայացնել այդ դատավճիռները, չտրամադրելու մեծ հնարավորություն կամ ճկունություն ադրբեջանական կողմը չունի։ Ավելին, դրանք չտրամադրելը միայն ավելի է վատթարացնելու Ադրբեջանի դիրքը Եվրոպական դատարանում ընթացող վարույթներում։

Եթե այդ ակտերն իսկապես արտացոլում են այն օբյեկտիվ իրականությունը, որը ներկայացվում է Ադրբեջանի կողմից, ապա այդ պետությունը պետք է դրանք ներկայացնի և դատարանում կարողանա պաշտպանել այն, ինչ ներկայացնում էր սեփական հանրությանը։

Հետևաբար, կարծում եմ, դատավճիռները չտրամադրելը միայն ի վնաս Ադրբեջանի է լինելու։ Տրամաբանական և ռացիոնալ վարքագիծը ենթադրում է դրանք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Կարծում եմ՝ ձգձգումներով և դժկամությամբ, սակայն վերջնարդյունքում նրանք ստիպված կլինեն տրամադրել այդ փաստաթղթերը դատարանին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված