Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 12:45 10-07-2026

Ամեն բան դեռ նոր է սկսվում. ԵՊՀ-ում Ալեն Ղևոնդյանին էլ են ազատել աշխատանքից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Երևանի պետական համալսարանից մի քանի այլ դասախոսների էլ են աշխատանքից ազատել, որոնց թվում է նաև Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում կադրային ջարդ է սկսվել, ու մի շարք դասախոսների ազատել են աշխատանքից կամ էլ զրկել զբաղեցրած պաշտոններից։ Մասնավորապես՝ օրերս իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ԵՊՀ-ն սեպտեմբերի 1-ից իր աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու է, ավելի վաղ էլ աշխատանքից ազատվել էր Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, իսկ նույն ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը, ով ընտրություններին մասնակցում էր Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով, ծանուցվել էր, որ ամբիոնը փակվում է, հետևաբար՝ ինքն էլ զրկվում է ամբիոնի վարիչի պաշտոնից։

Oragir.News-ի հետ զրույցում Ալեն Ղևոնդյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի հանդիսանալու ԵՊՀ աշխատակից և Քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քանի որ մայր բուհում մեկնարկած «բարեփոխումների» շրջանակներում իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու։

«Ակնհայտ է, որ սա քաղաքական թեմա է, այդ մասով հավելելու բան չկա։ Միաժամանակ չեմ կարող ասել, թե սա անսպասելի էր։ Մի քանի ամիս առաջ ինձանից ազատվելու փորձեր էլի էին եղել, բայց այն ժամանակ իրենց մոտ դա չստացվեց»,- ասում է նա։

Ղևոնդյանը նշեց, որ ԵՊՀ-ում՝ որպես դասախոս, աշխատել է 2008 թվականից։ Նա շեշտեց, որ անցած 18 տարիների ընթացքում իր համար մեծ պատիվ է եղել շատ տարբեր, հատկապես ավագ սերնդի, ազգային արժեքներ ունեցող մարդկանց հետ աշխատելը, շփվելը, նրանցից սովորելը՝ հույս հայտնելով, որ այս ողջ ընթացքում նրանց փոխանցած արժեքների սկզբունքային կրողն ու հետագայում նաև փոխանցողը նաև ինքն է եղել։

«Ես շատ լավ գիտեմ նաև ներկա համալսարանը և թե այնտեղ ով ով է... Հատկապես արևելքի շունչն ու մասնագիտական փորձառությունը անգնահատելի հմտություններ են տալիս մարդկանց ճանաչելու հարցում»,- ասաց նա։

Ալեն Ղևոնդյանը հավելեց նաև, որ այս տարիների ընթացքում ունեցել է նաև փայլուն ուսանողներ։

«Հուսամ՝ այն արժեքները, որոնց կրողն եմ, ու դրանք փոխանցել եմ ուսանողներիս, կծլարձակեն ու չեն կոտրվի այս անբարո բարքերի ժամանակաշրջանում։ Ամեն բան դեռ նոր է սկսվում...»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Ալեն Ղևոնդյանը ընտրություններից օրեր անց՝ հունիսի 12-ին, ձերբակալվել էր՝ ֆեյսբուքյան մի գրառման համար, որտեղ, ՔԿ-ի պնդմամբ, «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր էր կատարել»։ Հաջորդիվ Ղևոնդյանն ազատ արձակվեց, սակայն նրա նկատմամբ սահմանվեց վարչական վերահսկողություն, և սահմանափակվեց նրա ազատ խոսքի իրավունքը։

Դավիթ Գույումջյան