copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 10:41 07-09-2021

Լեգիտիմ խորհրդարանը ժողովրդավարության երաշխիք չէ. Առավոտ

«Գերմանացի իրավաբան և քաղաքագետ Կարլ Շմիդտն իր աշխատություններում փորձում էր ապացուցել, որ պառլամենտարիզմն ու ժողովրդավարությունը բացարձակապես տարբեր բաներ են: Պառլամենտարիզմն ազատական հայեցակարգի տարր է. այն ենթադրում է, որ կրթված, զարգացած և բարեկեցության որոշակի մակարդակ ունեցող մարդիկ հավաքվում են և ազատ ու առարկայական բանավեճում քննարկում են, որոշումներ են ընդունում պետության համար կարևոր այս կամ այն խնդրի շուրջ: Դեմոկրատիան ժողովրդի իշխանություն է. ըստ Շմիդտի, ժողովուրդն իր մեծամասնության կամքով կարող է որոշում կայացնել կառավարման և քաղաքական ռեժիմի ցանկացած ձևի վերաբերյալ, այդ թվում կարող է վերացնել պառլամենտարիզմը և օրինական որոշում ընդունել՝ դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Ինչ խոսք, բավականին վիճելի պնդում է, որը ճանապարհ է բացում իշխանության ցանկացած կամայականության համար: Բայց պետք է հաշվի առնել, որ Շմիդտն իր այս աշխատությունները գրում էր Գերմանիայի, այսպես կոչված, «Վայմարյան հանրապետության» տարիներին (1918-1933), երբ կային թե՛ պառլամենտարիզմի և թե՛ ժողովրդավարության դրսևորումներ, որոնք, սակայն, գերմանացիներին առանձին երջանկություն չէին պարգևում:

Ի դեպ, կիսանախագահական համակարգը, որին ոմանք Հայաստանում կոչ են անում վերադառնալ, վերցրած է հիմնականում հենց այդ հանրապետության փորձից, որը, պետական իրավունքի մասնագետներից շատերի կարծիքով, լավագույն փորձը չէ. այդ համակարգում, եթե նախագահը չունի խորհրդարանում մեծամասնություն, դա բերում է քաոսի, իսկ եթե ունի այդ մեծամասնությունը, ապա նախագահը ստանում է այնպիսի լիազորություններ, որոնց կնախանձեր ցանկացած թագավոր:

Այն, որ Հայաստանում կա խորհրդարան, և նույնիսկ այն, որ այդ խորհրդարանը վերջին երկու անգամներն ընտրվել է քիչ թե շատ ազատ ընտրությունների արդյունքում, դեռևս ամենևին չի նշանակում, որ մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում: Հատկապես զավեշտալի է, երբ պատգամավորներն են պնդում, իբր մենք ապրում ենք ժողովրդավարության պայմաններում՝ այն պարագայում, երբ այդ պատգամավորների երեք գործընկերները գտնվում են անազատության մեջ:

Մյուս կողմից հիշեցնենք, որ նույն Գերմանիայում, 1993-39 թվականներին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանն ընդունեց մի շարք օրենքներ, որոնք արգելում էին հրեաներին պետական պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաև աշխատել մի շարք բնագավառներում (օրինակ, լինել ուսուցիչ կամ թերթի խմբագիր): Արդյոք դա ժողովրդավարությա՞ն դրսևորում էր: Ըստ Կարլ Շմիդտի՝ այո, քանի որ ընտրողները Ռայխսթագին նման մանդատ էին տվել: Ըստ իս՝ ոչ, որովհետև ժողովրդավարությունն, իմ կարծիքով, ենթադրում է նաև որոշակի բարոյական նորմեր, որոնք չեն կարող հարաբերական լինել` կախված մեծամասնության տրամադրություններից:

Այդ բարդ խնդիրները միայն առաջին հայացքից են վերացական թվում: Առանց ԱԺ համաձայնության՝ հետապնդելով ընտրված պատգամավորներին, Հայաստանի իշխանությունը խախտում է գրված օրենքները: Իսկ եթե օրենքում (ընդ որում՝ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընդունված օրենքում) գրված լինի, որ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները կարող են հետապնդվել, դա կլինի ժողովրդավարությո՞ւն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։