Հայաստանյան մեդիայում ոգևորությամբ արագ տարածում է գտնում ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի «Գնումներ» բաժնում տեղադրված Ռուսաստանի պաշտպանության նախարարության գնման պատվերը, որում հանդիպում ենք Արցախի Հանրապետություն բառակապակցությունը: Բերենք պարբերությունն ամբողջությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի համալիր սպասարկման կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցում»:
Այս անսպասելի հայտարարության առնչությամբ հատկապես ընդդիմադիր թևի և ռուսամետ գործիչների կողմից հիացական, հուսավառ խոսքեր են հնչում ՌԴ-ի ղեկավարության հասցեին, ոմանց ոգևորությունը հասել է այնտեղ,որ գրել են՝ ՌԴ-ն ճանաչում է անկախ Արցախի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ նույն Պուտինը 44-օրյա կործանարար պատերազմից հետո ոչ մի անգամ է կրկնել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, այն անգամ Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ հանրապետություն:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, սակայն, այն հիմնականում կապված է ռուս-ադրբեջանական վերջին շրջանում բավականին սրված հարաբերություների հետ, որում մեր խնդիրն էական դեր չի կարող ունենալ, ցավոք: Նրա կարծիքով, այդ լարվածությունն աճել է Ադրբեջանի տված խոստումներից հետ կանգնելու կամ դրա փորձերի պատճառով. դա վերաբերում է մասնավորապես ԵԱՏՄ Ադրբեջանի անդամագրվելուն: ՌԴ-ն այսպիսով ճնշում է բանեցնում Ադրբեջանի վրա՝ հիշեցնելով պատերազմում և դրանից հետո իրենց դերակատարության և Ադրբեջանի պարտավորության մասին: Մյուս կողմից՝ այս հայտարարությամբ Արցախի անկախության տոնից հետո կարող է սիրաշահել հայ հանրությանը՝ ազդելով ամենազգայուն, նուրբ հույզերի վրա: