Երևան +30°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:22 03-09-2021

Բախտներս բերել է, որ մանկական այգին տրամադրվել է շնասերներին, այլ ոչ թե օձասերներին

Մի հարևան ունեի, որը … օձասեր էր: Ասում էր, որ պետք չէ վախենալ օձերից, նրանք չեն կծում, եթե դու նրանց չես գրգռում և քեզ ճիշտ ես պահում: «Եթե տեսնում ես, որ օձը սողում է դեպի քեզ, մի վախեցիր, հանգիստ կանգնիր տեղումդ, և նա քեզ չի կծի, կգա, կողքովդ կանցնի: Օձը կծում է այն ժամանակ, երբ դու ինչ-որ բան սխալ ես անում», - ասում էր նա:

Այդ հարևանը մեր շենք էր եկել որպես տնփեսա և իր կնոջ մի սենյականոց բնակարանում էր պահում իր սիրելիներին, որոնց մեջ կային նաև թունավորներ: Հարևանուհիս, որը շատ համակրելի կին էր, դիմանում էր: Երևի այն պատճառով, որ նրա ամուսինը շուտով պաշտպանեց դիսերտացիա՝ օձերի թեմայով, և նրանք կարողացան գնել այլ, ավելի մեծ բնակարան:

Բնության մեջ oձերի գոյությունը վտանգված է, իսկ շներինը՝ ոչ: Շներին շատերն են սիրում, օձերին համարյա բոլորն ատում են և պատահելիս փորձում են սպանել: Մինչդեռ օձերը շատ ավելի օգտակար էակներ են, քան քաղաքում բնակվող անտեր շները: Օձերը ոչնչացնում են կրծողներին, նրանց թույնից պատրաստում են դեղեր, մինչդեռ անտեր շները կարող են տարածել հիվանդություններ: Իսկ սիրելու և նրանց հետ շփվելու համար կան տեր ունեցող բազմաթիվ ցեղատեսակների շներ:

Օձերի գոյությունն իսկ Հայաստանում վտանգված է: Մարդիկ ներխուժում են այն տարածքները, որտեղ նրանց բներն են: Այդ մասին բազմիցս բարձրաձայնել են գիտնականները, սակայն, օձերի կյանքն ավելի բարվոք դարձնելու, նրանց կերակրելու և խնամելու դրամաշնորհներ եթե կան էլ, ցանկացողներն են քիչ: Իսկ շների համար այդ նպատակով տրվող թե՜ գրանտներն են շատ, թե՜ ցանկացողները: Եվ այդ գումարներից օգտվողների մի մասը որպեսզի իրենց կյանքն ու գործունեությունը դարձնեն առավել հաճելի ու հեշտ, որոշել են ծավալել իրենց գործունեությունը … Կիրովի անվան մանկական այգում: Գրանտների ստացման հիմնավորման գլխավոր փաստարկը, ըստ ամենայնի, հետևյալն է եղել. «Երեխաները կգան այգի և կշփվեն անտեր շների հետ»:

ՇՆԱՎԱԽՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՇՆԱՍԵՐՆԵՐԸ

Այդ կարծիքին ես հանգում, երբ այցելում ես Կիրովի անվան մանկական այգի, որտեղ համարյա թե երեխա չկա: Ոչ միայն երեխաներն են վախենում, այլև նրանց ուղեկցող կանայք: Որովհետև այցելուները հանկարծ տեսնում են կատաղի հաչող և դեպի իրենց վազող շների: Ճիշտ է, այդ շները, բարեբախտաբար, հաչալով անցնում են կողքովդ, բայց դու նախապես չգիտես, որ այդպես հեշտ կպրծնես: Այդ պատճառով էլ սարսափի տհաճ ապրում ունեցած այցելուներից շատերն այլևս չեն վերադառնում:

Իսկ շներն այդպես են վարվում, որովհետև այն տարածքը, որտեղ նրանք ապրում են, համարում են իրենցը: Եվ կատաղի հաչալով վազում են նույնիսկ այգում գտնվող սրճարանների համար մթերք բերող ավտոմեքենաների հետևից:

Ի դեպ, այդ անանուն նորակառույց սրճարաններից մեկը, որը գտնվում է սբ. Գրիգոր Լուսավորիչ փողոց տանող մուտքի մոտ, գրավել է ոչ միայն իր դիմացի սիզամարգը, այլև իր ետնամասում գտնվողը, որտեղ սիրում են հանգստանալ նրա սպասարկող անձնակազմի աշխատակիցները: Այդտեղ նրանք կերակրում-պահում են 2-3 շուն, որոնք, կատաղի հաչալով, վազում են այդ սիզամարգի կողքի ծառուղիով անցնել փորձող միամիտ քաղաքացիների վրա: Իսկ սիզամարգում նստած տղամարդիկ անգամ չեն սաստում նրանց:

Նախկինում այգու մուտքի բոլոր դարպասների վրա կային երկաթյա թիթեղների վրա նկարված նախազգուշացումներ այն մասին, որ արգելվում է շների մուտքն այգի: Այսօր դարպասներին զոդված այդ թիթեղները կան, բայց նրանց վրա նկարված նախազգուշացումը քերված-ոչնչացված է:

Ինքս սիրում եմ շներին: Նրանցից չեմ վախենում: Բայց նույնիսկ ես եմ սոսկում, երբ տեսնում եմ կատաղի հաչալով դեպի ինձ վազող այդ անտեր էակներին: Իսկ տեր ունեցողները նրանով են գերադասելի, որ իրենց տերերի հետ զբոսնելիս ունեն շան վզկապներ, ինչը, կարծեմ թե, պարտադիր պայման է:

Շնավախ երեխաների և նրանց մայրերի անունից Կիրովի անվան մանկական այգում գործունեություն ծավալած շնասերներին խնդրում եմ իրենց այդ առաքելությունը տեղափոխել այլ վայր: Ասենք, Երևանի արվարձաններից մեկը, կամ Հրազդանի ձոր: Որպեսզի բոլոր երեխաներն անկախ այն բանից՝ վախենում են թե չեն վախենում շներից, կարողանան օգտվել իրենց համար նախատեսված այգուց:

Բայց եթե Երևանի քաղաքապետարանը ցանկանում է այնպես անել, որ երեխաներն ընդհանրապես չկարողանան գալ այդ այգի, թող շնասերների փոխարեն այգին տրամադրի օձասերներին: Չէ՞ որ նրանք իրենց սաների մասին նույնն են ասում ինչ շնասերները. «Պետք չէ վախենալ շներից (օձերից), նրանք չեն կծում, եթե դու նրանց չես գրգռում և քեզ ճիշտ ես պահում: Եթե տեսնում ես, որ շունը (օձը) արագ գալիս է դեպի քեզ, մի վախեցիր, հանգիստ կանգնիր տեղումդ, և նա քեզ չի կծի, կգա, կողքովդ կանցնի: Շունը (օձը) կծում է այն ժամանակ, երբ դու ինչ-որ բան սխալ ես անում»:

Գրիգոր Էմին-Տերյան