Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:37 30-08-2021

Դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը կարող է չեղարկվել. դասերը կլինեն ամեն օր. փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը` շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը:

Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ: Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:

«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:

Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ: Նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով: Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր: Հատկանշական է, որ մայրաքաղաքի դիմորդների շրջանում եղել են նաև մարզային բուհեր դիմողներ: Նախընտրելի մասնագիտությունների սանդղակը ևս մոտ է մարզային արդյունքներին` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, բուժական գործ, իրավագիտություն, տնտեսագիտություն, դիզայն և ճարտարագիտություն:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` ինչպես մարզերում, Երևանում ևս մտահոգիչ է հատկապես մաթեմատիկայի միջին միավորը, որը կազմել է 10,6 միավոր: ԲՏՃՄ ուղղության մյուս առարկաների միջին միավորները ևս ցածր են:

«Հանրակրթական նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, իսկ հետագայում՝ լրամշակվելուց հետո, ներդրվելու է ողջ հանրապետությունում, մենք բնագիտամաթեմատիկական ուղղության առարկաների ուսուցման որակը բարելավելու առաջնային խնդիր ենք դրել: Տավուշում այս տարի նոր չափորոշչի փորձարկմանը զուգահեռ՝ բոլոր դպրոցներին ապահովել ենք բնագիտական առարկաների լաբորատորիաներով և համակարգչային նոր սարքավորումներով: Աշխատում ենք անել ամեն ինչ, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովվեն նոր բնագիտական լաբորատորիաներով, որոնք ուղղակիորեն կնպաստեն այդ առարկաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է պարզաբանումներ պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների, ուսումնական և թեմատիկ պլանների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ը հրապարակել է օրինակելի թեմատիկ պլանները, որոնք ուսուցիչները կարող են ներբեռնել էլեկտրոնային մատյանների համապատասխան բաժիններում: Հրապարակվել է նաև «Ինչպես սկսել ուսումնական տարին» էլեկտրոնային ուղեցույցը: Նշվել է, որ դպրոցի ուսուցիչներին և տնօրեններին ցուցաբերվող մեթոդական աջակցության աշխատանքները կլինեն շարունակական: Այդ նպատակով նախատեսվում են մի շարք վերապատրաստումներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ նոր իրավական ակտերի, մասնավորապես դպրոցի տնօրենի ընտրության կարգի վերաբերյալ:

Տնօրենները հարցեր են ուղղել ֆինանսավորման կարգի, տարիֆիկացիաների, դասացուցակների կազմման և այլ խնդիրների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը