Ներքին 5 տարի առաջ - 14:47 20-08-2021

Կբարձրացվի ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը

Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցով առաջին աշխատանքային հանդիպումը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ:

Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները:

«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո», - ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն: Ըստ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի՝ Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարաձգելու հսկայական փորձ, և դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար: «2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը և երկարաձգել շահագործման ժամկետները մինչև 2033 և 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին Մուրմանսկի շրջանում և Կարելիայում», - ընդգծեց Եվգենի Սալկովը:

Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման և Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների և ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը և այլ կարևոր աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ