Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:40 27-07-2021

Ինչպե՞ս կապրի Մարությանը առանց աշխատավարձի բարձրացման

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ եթե Երևանի ավագանին որոշի բարձրացնել իր աշխատավարձը, ապա ինքը չի վերցնի ավելացված գումարը և այն վեհանձնորեն կուղղի բարեգործության․ « Սիրելի հայրենակիցներ, Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնել իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,- գրել էր Մարությանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում․ նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ, մինչդեռ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը այն մարմիններից է, որտեղ պարգևավճարները ստանում են րոպեների ճշտությամբ և պարտաճանաչ կերպով՝ անկախ ցուցաբերած արդյունքներից ու կոնկրետ պաշտոնյայի կարևորությունից ու արած գործից։

Մենք որոշեցինք ուսումնասիրել Մարությանի ներկայացրած տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու համար, թե ինչ ֆինանսական միջոցների է նա տիրապետում և կկարողանա՞ ապրել ներկայումս տրվող, չբարձրացված աշխատավարձով։

Հայկ Մարությանը 2020 թվականի տարեկան հայտարարագրում 2 ավտոկայանատեղի է հայտարարագրել Երևանում և 2 բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով, բացի դրանից՝ համատեղ սեփականությամբ 5 բնակարան Չեխիայի Հանրապետությունում, Չեխիայում 2 հողամաս, անհատական բնակելի տուն, 5 ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի 5 ոչ բնակելի տարածք։ Մարությանը 3 ընկերությունում ունի բաժնային արժեթղթեր, որոնցից մեկում՝ «Կարգին Թի Վի» ՍՊԸ՝ 100 տոկոսի չափով՝ միավորը՝ 5000 դրամ արժողությամբ, մյուսում՝ «Կարգին ստուդիա» ՍՊԸ՝ 15 տոկոս՝ 7500 դրամ արժողությամբ, երրորդում՝ «Հայկո ընդ Մկո Կարգին» ՍՊԸ՝ 50 տոկոս՝ 25 հազար դրամ արժողությամբ։ 2020-ի վերջին Հայկ Մարությանի բանկային հաշիվները ունեցել են հետևյալ տեսքը՝ 7 մլն 746 հազար ՀՀ դրամ, 5 հազար 800 ԱՄՆ դոլար, 302 եվրո, 1 մլն 763 հազար չեխական կրոնա։ Նախորդ տարվա վերջին Մարությանը ունեցել է հետևյալ կանխիկ միջոցները՝ 3 մլն դրամ, 205 հազար ԱՄՆ դոլար, 9 հազար եվրո և 74 հազար չեխական կրոնա։ 2020-ի ընթացքում Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում ստացել է 5 մլն 163 հազար դրամ եկամուտ, «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ից ստացել է 12 մլն 227 հազար դրամ եկամուտ, բացի սրանից՝ Մարությանը Չեխիայում վարձակալության արդյունքում ստացած եկամուտի 7 աղբյուր ունի, որոնցից ընդհանուր հաշվարկով ստացել է 1 մլն 198 հազար 200 չեխական կրոնա։ Մարությանի կինը՝ Իվա Վլաստիմիլի Մարությանը, որն ազգությամբ չեխ է, հայտարարագրել է 2 մեքենա՝ «Մերսեդես Բենց» և «Նիսան» մակնիշների, նա Բժշկական համալսարանից ստացել է 635 հազար դրամ եկամուտ։