Երևան +30°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:35 21-07-2021

Հայկական արբանյակի տխուր ոդիսականը

Պատմությունն սկսվում է հենց այն հրամանով, որով ԵՊՀ ղեկավարությունն ինձ նշանակեց «Տիեզերական տեխնոլոգիաների և ծառայությունների գիտակրթական կենտրոն» կառուցվածային ստորաբաժանման տնօրեն հասարակական հիմունքներով:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արսեն Բաբաջանյանը, ում տնօրինության ներքո էլ պետք է գործեր տիեզերական ծառայությունների գիտակրթական կենտրոնը, որի նպատակը Հայաստանի համար արհեստական արբանյակ ունենալն էր:

«Այդ ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կար համաձայնություն այն հարցի շուրջ, որ Հայաստանը պետք է ունենա արհեստական արբանայակ, բայց առայժմ ձևաչափը չէր քննարկվում »,-ասաց Արսեն Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ աշխատանքային խմբի շրջանակում պետք է քննարկվեր, թե արբանյակների տեսակին վերաբերող առաջարկներից որն է Հայաստանի համար ամենանպատակահարմարը` այդ թվում նաև գումարային տեսանկյունից:

«Կենտրոնի ստեղծումն արդեն նշմարվում էր, ՀՀ կառավարությունը որոշել էր, որ ԵՊՀ-ն նույնպես պետք է ներգրավի այդ աշխատանքներում, և 2017 թվականին որոշվեց բացել «Տիեզերական տեխնոլոգիաների և ծառայությունների գիտակրթական կենտրոն» կառուցվածային ստորաբաժանումը, որը սկզբից պետք է իրականացներ գիտակրթական գործառույթ, իսկ հետո արդեն գործը պետք է հասներ տիեզերքում արբանյակ ունենալու և շահագործելու հարցին»,-ասաց Արսեն Բաբաջանյանը:

Բացի այս հրամանից և թղթի վրա կենտրոն ստեղծելուց, Արսեն Բաբաջանյանի փաստմամբ, եղել է նաև նամակագրություն «Ռոսկոսմոս» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպել են ԵՊՀ ներկայացուցիչների հետ և միասին քննարկել են աշխատանքային խմբերի ստեղծման հարցը:

«Որոշ ժամանակ անց այն տարիներին Տրանսպորտի և կապի նախարարությունում աշխատանքային հանդիպում կազմակերպվեց, որին ներկա էին նաև նախարարի տեղակալ Բ. Դ.-ն և հանդիպման մասնակից ռուսական կողմի ներկայացուցիչները հայկական կողմին ներկայացրին մի քանի հնարավոր նախագծեր»,-նշեց Արսեն Բաբաջանյանը:

Մանրամասնելով նախագծերը՝ Արսեն Բաբաջանյանը հայտնեց, որ դրանք երեքն էին. ամենափոքր նախագիծը գիտակրթական, ոչ կոմերցիոն արբանյակ էր, ոչ ավել քան 10 միլիոն դոլար արժեքով, որն հիմնականում նախատեսված էր հողերի ռելիեֆների, ջրային ռեսուրսների և եղանակի շուրջ աշխատանքների և կրթական ծրագրեր կատարելու համար, մյուսը՝ 50-60 միլիոն դոլար արժողությամբ, մեծ մասամբ կոմերցիոն արբանյակ էր, այսինքն այն կարող էր ծառայել ոչ միայն Հայաստանին, այլ նաև մատուցեր կապի ծառայություններ նաև վարձակալական հիմունքներով և երրորդը, որն իր արժողությամբ ամենաթանկն էր՝ մոտ 120 միլիոն դոլար, ավելի լայն գործակցության էր, նար երկակի նշանակության՝ նոր սերնդի արբանյակ, որի համար նախատեսվում էր բաձր հաճախային նոր հեռահաղորդակցական հնարավորություն, համանման կապի ծառայություն տարածաշրջանում այն ժամանակ ուներ միայն Հնդկաստանը:

«Հայաստանն այդ ժամանակ ուներ արբանյակ ունենալու լիցենզիա, որի ժամկետը սպառվում էր մոտակա 1-2 տարիների ընթացքում, և ծրագիրը ներկայացնողներն ասում էին, որ այն կարող է այնպիսի կոմերցիոն արբանյակ լինել, որ նույնիսկ եթե Հայաստանն այն չօգտագործի, ապա կարող է վարձակալության տալ և բավականին կարճ ժամանակահատվածում սկսել գումար աշխատել»,-ասաց Արսեն Բաբաջանյանը:

Ամփոփելով պատմությունը՝ նա նշեց, որ իր կարծիքով, ծրագրի իրականացման գլխավոր խնդիրը ֆինասնսական միջոցներն էին:

«Արբանյակ ուղեծիր ուղարկելու ծախսերը մասամբ հոգալու էր Ռուսաստանը, կապի համակարգի սարքավորումները պետք էր ձեռք բերեր Հայաստանը, որի համար, հավանաբար, պետք էր վարկ վերցնել, ինչպես նաև կարող էր պայմանավորվել արբանյակն համատեղ օգտագործելու շուրջ, քանի որ օրինակ Ֆրանսիան այս տարածաշրջանում նման կապի միջոցներ չուներ, բայց ցանկություն էր հայտնել օգտվել և հատագայում կարելի էր համատեղ օգտագործման ծախսերով վարկը քայլ առ քայլ մարել»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ բոլորն էլ հասկանում էին, որ միանշանակ արժեր ու հիմա էլ արժի նմանատիպ նախագիծ ունենալ, պարզապես վատն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական և մասնագետների առումով չի կարողանալու գործընթացը իրականացնել միայնակ և մեզ պետք է օգնեն, օրինակ՝ են ռուսները կամ ֆրանսիացիները, բայց նմանատիպ բազմաթիվ նախադեպեր կան, օրինակ՝ Թուրքան, որ մի քանի արբանյակ ունի, բայց դրանք ստեղծելու ու սպասարկելու տեխնոլոգիական հնարավորություն չունի, սակայն ձեռք է բերել նման միջոցներ և այն շահագործում է ԱՄՆ, Կանադայի և Ֆրանսիայի օգնությամբ, նույնը Ադրբեջանական արբանյակը՝ ֆրանսիական սպասարկմամբ:

«Ինձ համար անհասկանալի պատճառներով այս ծրագրին այդպես էլ ընթացք չտրվեց և այն մնաց թղթի վրա»,-ասաց Արսեն Բաբաջանյանը: