Ներքին 4 տարի առաջ - 19:02 06-07-2022

ՀՀ առաջին արբանյակի արձակումը «Գեոկոսմոս»-ի և իսպանական «Սատլանտիս»-ի աշխատանքի գերազանց արդյունք է. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով՝ նշելով, որ հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների առաջին հաջողված և ոչ վերջին համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։

Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը, համոզված եմ՝ լավ առիթ է՝ վերարժևորելու մեր երկու երկրների միջև հարաբերություններում առկա ներուժը և նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխշահավետ համագործակցությանը: Այս համատեքստում հատկանշական է նաև, որ մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այսօրվա այցը ՀՀ արտգործնախարարի երկկողմ օրակարգով առաջին այցն է Իսպանիա»։

Նա գոհունակություն է հայտնել Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Իսպանիայի կառավարության որոշման կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում ներկայացուցչությունը նաև հյուպատոսական ծառայություններ կմատուցի, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների աճին։ «Վստահ եմ, որ այս կարևոր քայլը դրական ներդրում կլինի հայ-իսպանական միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման համար։

Հարգելի՛ ներկաներ,

Հայ-իսպանական համագործակցությունը հիմնված է ոչ միայն երկու ժողովուրդների դարավոր առնչությունների, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքների վրա: Այս համատեքստում ուզում եմ շեշտել, որ 2018թ.-ին և 2021թ.-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը միանշանակ ընտրել է ժողովրդավարական զարգացման ուղին, և Կառավարությունն էլ ամբողջ թափով կյանքի է կոչում մեր ժողովրդի կողմից հավանության արժանացած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Այսօր մեր քննարկումների ընթացքում գործընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Չնայած ապրանքաշրջանառության ծավալները շատ մեծ չեն, ուրախալի է, որ 2021թ.-ին, օրինակ, 2020թ.-ի համեմատ ունեցել ենք 36% աճ, իսկ 2022թ. առաջին չորս ամիսների ծավալները 2021թ․-ի համեմատ աճել են գրեթե երեք անգամ»,- հավելել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորվել են նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, ստեղծարար կրթության և մի շարք այլ ոլորտներում համատեղ հավակնոտ ծրագրերի իրականացումը։ «Հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ եմ համարում հայկական առաջին արբանյակի արձակումը տիեզերք, ինչը հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունների առաջին հաջողված, ու համոզված եմ, ոչ վերջին, համատեղ աշխատանքի գերազանց արդյունք է»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Իսպանիան նաև Եվրոպական միության կարևոր պետություններից է, և այս առումով մենք մտքեր ենք փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Միրզոյանի տեղեկացմամբ՝ հանդիպմանը երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի: «Ես գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման վերաբերյալ։

Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։

Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին: Խոսել ենք Ադրբեջանում ցայսօր պահվող հայ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության և հումանիտար բնույթի այլ մնացած խնդիրների վերաբերյալ։

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի կառավարությունը իր կողմից անհրաժեշտ ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Նա, Իսպանիայի ՀՀ ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նրան պաշտոնապես հրավիրել է Հայաստան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր