Երևան +15°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:41 07-07-2021

Ադրբեջանցին՝ մեր արևելյան ու արևմտյան հարևանը Թուրքիայում

Թուրքիայի ադրբեջանցիները, որոնց թիվը նվազագույնը 800 հազար է (փաստացի քաղաքացիություն ունի կես միլիոնը), սահուն ինտեգրված են թուրքական հասարակությանը։ Սա, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ գրեթե նույնական են մշակույթն ու լեզուն։ Թուրքական պետությունը ադրբեջանցիներին համարում է թուրք (գործող Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ ԹՀ յուրաքանչյուր քաղաքացի թուրք է)։ Ադրբեջանցիների էթնոգրաֆիկ խումբ համարվող քարափափախները, ի տարբերություն մյուս ադրբեջանցիների, հիմնականում սուննի են և կրոնական տեսանկյունից դարձյալ նույնական են թուրքերին։ Ի տարբերություն քրդերի՝ Թուրքիայի ադրբեջանցիները թեպետ պատմականորեն կոմպակտ բնակության վայրեր ունեն, սակայն բացարձակապես չունեն անջատողական տրամադրություններ։ Ավելին՝ նրանք Թուրքիայի Իգդիրի և Կարսի իլերը (նահանգ) չեն համարում պատմական Ադրբեջան։

Ադրբեջանցիների ներկայությունը՝ պայմանավորված վերը թվարկված գործոնների ազդեցությամբ, Թուրքիայի համար ստեղծում է մի շարք հնարավորություններ, այն է՝ Էթնիկ ադրբեջանցիների, ինչպես նաև նրանց սուբէթնիկ խմբերի՝ քարափափախների և թերեքեմենցիների տեղաբաշխման (լոկացիա) շնորհիվ Թուրքիայի սահմանային երկու իլերում թուլանում է քրդերի դերն ու նշանակությունը՝ սեղմելով վերջիններիս բնակության շրջանների օղակը։ Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիների շնորհիվ Կարսն ու Իգդիրը ոչ թե քրդաբնակ են, այլ թյուրքաբնակ։

Բաց կանաչով նշված են Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից ադրբեջանաբնակ իլերը

Ինչպես թուրքերը, այնպես էլ Թուրքիայի ադրբեջանցիները հակահայկական տրամադրություններ ունեն, ինչը հնարավորություն է ընձեռում ուժերի կոնսոլիդացման՝ ընդդեմ համատեղ թշնամու՝ երկրորդ պլան մղելով առկա տարաձայնությունները։ Ի տարբերություն Թուրքիայի քրդերի, հայերի, հույների, հրեաների կամ արաբների՝ ադրբեջանցիները գրեթե հետապնդումների չեն ենթարկվում, ինչը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքով և Էրդողան-Ալիև ամուր կապերով՝ թելադրված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իմպերատիվով։ Ի վերջո, Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված գործուն աջակցությունն ադրբեջանցիների շրջանում, այդ թվում՝ Թուրքիայի ազերիների, ամրապնդում է «Tek millet, iki devlet» (թարգմանաբար՝ «Մեկ ազգ, երկու պետություն») կարգախոսի բովանդակությունն ու տրամաբանությունը։

Պետք է նկատել, որ թուրքական պետության համար ադրբեջանցիների ներկայությունը հղի է նաև թույլ կողմերով, քանի որ Թուրքիայի ադրբեջանցիները թեպետ հավատակից են, սակայն դավանակից չեն թուրքերին (ադրբեջանցիները շիա են և ոչ սուննի), թեպետ այս գործոնը Թուրքիայի համար սպառնալիքից վաղուց արդեն վերածվել է փոքր խոչընդոտի, քանի որ լուծվել է կարևորագույն խնդիրը՝ լինելով շիա՝ Թուրքիայի ադրբեջանցիները կորցրել են իրենց պատմամշակութային կապը իմամական Իրանի հետ։ Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ ադրբեջանցիների հոծ կոնցենտրացիան միևնույն վայրում բարդացնում է ասիմիլյացիոն քաղաքականությունը, ավելին՝ շատ հաճախ ձուլումը գործում է հօգուտ ադրբեջանցիների։ Օրինակ՝ թուրքերենի Էրզրումի բարբառը զարգացել է ադրբեջաներենի հուժկու ազդեցությամբ։ Համանման կարգով ադրբեջաներն ազդել է նաև Էլյազըղի և Էրջիշի թուրքական բարբառների ձևավորման վրա։

Պայմանավորված տնտեսական դրդապատճառներով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո շարունակվում է ադրբեջանցիների հոսքը Թուրքիա։ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2003-2013 թթ․ ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել ավելի քան 15000 ադրբեջանցի։ Հուրախություն հայկական պետական շահի՝ ազերի աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը հաստատվում է խոշոր քաղաքներում և ոչ ագրարային արևելքում։ Բայցևայնպես, հայկական պետության համար Թուրքիայի ադրբեջանցիները մի շարք սպառնալիքներ են հարուցում։ Նախ՝ Թուրքիայի ադրբեջանցիները հիմնականում բնակվում են Իգդիրի, Կարսի և Աղրըի իլերում, ընդ որում, նրանց տեղաբաշխման հիմնական իլերից երկուսը՝ Իգդիրը և Կարսը սահմանակից են Հայաստանին։ Հետևապես՝ Թուրքիայի հնարավոր մասնատումից հետո անգամ Հայաստանը շարունակելու է սահմանակցել ոչ թե Քրդստանի, այլ Թուրքիայի հետ, իսկ էթնիկ առումով՝ ոչ թե թուրքերի կամ քրդերի, այլ ադրբեջանցիների հետ։

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ Իգդիրի և հատկապես Կարսի ադրբեջանցիներն իրենց համարում են տեղահանվածների սերունդ, որոնք 1918-25 թթ․ ստիպված լքել են Հայաստանը՝ խուսափելով դաշնակցականների հետապնդումներից։ Ավելին, նրանք սա համարում են հայրենազրկում։ Հետևապես՝ վերջիններիս հակահայկական տրամադրությունները պայմանավորված են ոչ միայն Արցախյան հիմնախնդրով, այլև պատմական այլ հանգամանքներով, որոնց շարքում ոչ պակաս կարևոր տեղ է զբաղեցնում նաև հակառուսական վարքագիծը, քանի որ Թուրքիայի ադրբեջանցիների մի ստվար զանգված արդի Թուրքիայում հաստատվել է Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո՝ իսլամական Թուրքիան գերադասելով ազգային-կրոնական որևէ ընդհանրություն չունեցող Ցարական Ռուսաստանից։

Ամենևին զարմանալի և պատահական չէ, որ Կարսի և Իգդիրի ադրբեջանցիները, մուտք գործելով քաղաքականություն, հարում են աջ կամ ծայրահեղ աջ պահպանողական ուժերի, որոնք ունեն հակահայկական ընդգծված տրամադրվածություն։ Օրինակ ադրբեջանական ծագմամբ Սինան Օղանը 2011-2015 թթ․ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատգամավոր է ընտրվել Ազգայնական շարժում կուսակցությունից (թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi, հակիրճ՝ MHP)։ Այս ուժն այսօր ԹԱՄԺ-ում ունի շուրջ 50 մանդատ և Էրդողանի ԱԶԿ-ի հետ մաս է կազմում միևնույն կոալիցիայի։

Շագանակագույնով նշված է Իգդիրը՝ Հայաստանին և Նախիջևանին սահմանակից իլը, որտեղ 2011-ին հաղթանակ է տոնել արմատական MHP-ն

Թուրքիայի ադրբեջանաբնակ արևելյան բնակավայրերում մի կողմից շարունակաբար աճում է բնակչության թիվը, մյուս կողմից՝ երիտասարդանում։ Օրինակ Իգդիրի իլում 2020 թ․ տվյալներով՝ եթե 55-59 տարեկանները կազմել են ընդհանուր բնակչության 4,23, 60-64 տարեկանները` 2,96 %-ը, ապա 0-4 տարեկանները՝ 9,65, իսկ 5-9 տարեկանները՝ 10,27 %-ը։

Զուգահեռաբար սա այն դեպքում, երբ Հայաստանում ժողովրդագրական (դեմոգրաֆիական) ճգնաժամ է, որի մասին խոսվում է դեռևս Խորհրդային Միության փլուզումից ու Արցախյան 1-ին գոյամարտին հաջորդած գաղթի ալիքից հետո, սակայն անկախության 30 տարիների ընթացքում խնդրի հրատապությունն առավել ակնառու է դարձել միայն 2018-ից, երբ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ անգամ լավատեսական կանխատեսումներով 2050 թ. Հայաստանի բնակչության շուրջ 40 %-ը կազմելու են տարեցները: Ըստ ՄԱԿ-ի՝ ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որի 7 %-ից ավելին 65 և ավելի բարձր տարիքի ներկայացուցիչներ են։ Զեկույցի հրապարակման պահին 2,9 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանն արդեն իսկ ծերացած էր՝ 11,2 % ցուցանիշով։ Համեմատության համար՝ Թուրքիայի բնակչությունը ոչ պաշտոնական տվյալներով հատել է 83 միլիոնի շեմը։

Սակայն այսօր Հայաստանը ոչ միայն (այդ թվում՝ անուղղակիորեն) ի զորու չէ որևէ կերպ փոփոխելու Թուրքիայի ժողովրդագրական դինամիկան ու ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Երևանից հաշված կիլոմետրեր հեռու բնակվող ադրբեջանցիների տեղաբաշխման պատկերն ու ազդել հակահայկական տրամադրությունների վրա, այլև չի կարողանում անգամ սեփական երկրում կանգնեցնել ժողովրդագրական կոլապսը։ Ընդ որում, Հայաստանի կառավարությունն ու մասնավորապես՝ դեմոգրաֆիկ քաղաքականության ոլորտի լիազոր մարմինը չպետք է անգործության մատնվեն՝ հաշվի առնելով այն դրական միտումը, որ ադրբեջանաբնակ թուրքական իլերի և իլչեների (գավառ) հասարա-քաղաքական տրամադրությունները կերպափոխվում են՝ պայմանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (թուրքերեն՝ Halkların Demokratik Partisi, հակիրճ՝ HDP) ազդեցության ընդլայնմամբ։ Ասվածի լավագույն դրսևորումն իգդիրցի ազերի Քըզնազ Թյուրքելի օրինակն է, ով 2015-ին Իգդիրից քրդամետ կուսակցության կողմից ընտրվեց ԹԱՄԺ պատգամավոր։

Աշխարհագրական չորս ուղղություններում շրջապատված լինելով ադրբեջանցիներով՝ խնդրի լուծման երկարաժամկետ միակ տարբերակը որպես հակակշիռ ՀՀ դեմոգրաֆիական խնդրի կարգավորումն է և առնվազն հայկական անկախ պետականության և Արցախի սահմաններում հայի հոծ ներկայության պահպանումը։

Վանատուր Շերենց

Ամենից շատ դիտված