Երևան +20°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 17:01 11-06-2021

Նախկին բոլոր նախագահների մասնակցությունն ընդգծում է այս ընտրությունների կարևորութունը. Աստղիկ Ավետիսյան

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական լիդերների՝ որպես հանրային կերպարների մասին Օրագիր.news-ը զրուցել է հանրային կապերի (PR) մասնագետ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյան հետ:

-Ինչո՞վ են տարբերվում այս ընտրությունները նախորդ ընտրություններից:

-Այս ընտրությունները նախորդ ընտրություններից իսկապես շատ են տարբերվում, նախ՝ իրենց արտահերթությամբ և նաև այն ժամկետներով, որ կուսակցությունները, քաղաքական ուժերն ունեն դիրքավորվելու և հանրության ներկայանալու համար: 12 օր-ը բավականին քիչ ժամանակ է, եթե հաշվի առնենք այն բազմազանությունը, որ այսօր տիրում է քաղաքական դաշտում: Ընտրություններն աննախադեպ է նրանով, որ յուրաքանչյուր ընտրող իր արժեհամակարգին համապատասխան թեկնածու ունի: Այսինքն, եթե քաղաքացին իրոք հետաքրքրվի ընտրական գործընթացով, հանգիստ կարող է թեկնածու ընտրել: Հարկ է ընդգծել նաև, որ առաջիկա ընտրությունները գաղափական ու ծրագրային հենքի վրա չեն կառուցված, քանի որ կարճ ժամանակահատվածում է կազմակերպվում, արդյունքում մարդիկ ընտրելու են նրանց, ում ճանաչում են: Հայաստանում նաև հիասթափվածների մեծ բանակ կա, որը ընտրություններին չի ուզում մասնակցել: Դա նշանակում է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց քարոզարշավների ժամանակ ընտրություններին գնալու ու անպայման մասնակցելու կոչեր հնչեցնեն՝ ընդգծելով որ բոլորի ձայն էլ կարևոր է: Դա ներկայումս ամենամեծ վտանգավոր բանն է: Առաջիկա ընտրություններն աննախադեպ են նաև նրանով, որ նախկին բոլոր նախագահներն էլ մասնակցում են գործընթացին, այսինքն հստակ ընդգծվում է երկրի ապագայի համար այս ընտրությունների կարևորութունը:

-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական լիդերների այն կերպարները, որոնցով վերջիններս ներկայանում են հանրությանը:

-Եթե ուշադիր հետևենք այն լիդերներին, ովքեր այսօր մասնակցում են ընտրաշավին ու եթե նրանց առանձին-առանձին դիտարկենք, ապա կտեսնենք, որ ֆավորիտային մի քանի կուսակցություններ ու դաշինքներ կան, ովքեր բավականին լավ դիրքավորված են ու նրանց հանդեպ կա սևեռուն վերաբերմունք: Մրցակցության տեսանկյունից դիտարկելով՝ ներկա պահին մրցակցային դիրքում են ՔՊ-ն և «Հայաստան» դաշինքը: Նշանակում է, որ սկսվել է ագրեսիվ քարոզարշավ: Ներկա վարչապետի պաշտոնակատարը, որը երեք տարի իշխանության ղեկին է եղել, բայց մինչ օրս էլ իրեն պետականամետ գործիչ չի զգում, շարունակում է օգտագործել նույն բառամթերքը, որն օգտագործում էր այս տարիների ընթացքում, նույնիսկ ավելի է կատարելագործել իր խոսքը: Այս ընտրությունները կարծես դառնում են կյանքի ու մահվան հարց: Ի տարբերություն իշխող կուսակցության վարած քաղաքականությանը՝ «Հայաստան» դաշինքի կողմից ավելի զուսպ պահվածք է դրսևորվում: Հստակ ասելիքով թեկնածուներ են առաջ քաշվել, ովքեր եկել են բանավիճելու, չկա ուժեղ ագրեսիա, բայց կա քննադատություն հարցերի ու խնդիրների նկատմամբ: Այս տարիների ընթացքում հասարակության մեջ սերմանվել է՝ թալան, կոռուպցիա, գողություն գաղափարները, և ովքեր հավատում են այդ թեզերին, իրենց անհատապաշտության գագաթնակետում Նիկոլ Փաշինյանն է լինելու, իսկ այն մարդիկ, ովքեր ունեն փորձառություն, պետականամետության զգացողություն, իրենց ձայնը տալուն են Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս այս երկու ուժերն են նավարկում: Մի բան պարզ է, որ հասարակության մեծ մասն արդեն հոգնել է ճղճղան ու դատարկախոս հռետորաբանությունից, մարդիկ ծանրակշիռ խոսք են ուզում լսել: Եթե կոնկրետ օրինակներով խոսենք, ապա Հայաստանի 3-րդ նախագահը չնայած, որ չկա ընտրացուցակներում, իր վրա է վերցրել դաշինքի քարոզարշավը վարելու մեծ բեռը: Եթե նրան դիտարկենք նախկինում և հիմա, նորից կտեսնենք այդ երկաթե կերպարը, որը կար նաև նախկինում, սակայն խոսքի մեջ ակնհայտ փոփոխություն է նկատվում: Մրցակիցներին պատասխանելիս նա շատ հաճախ օգտագործում է բառամթերք, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը: Կարծում եմ, կոռեկտության բոլոր չափանիշները պետք է պահել: Երբեմն համբերության բաժակն այնքան է լցվում, որ արտաբերվում են արտահայտություններ, որոնք երբևէ հարիր չեն եղել տվյալ լիդերին և չեն ասոցացվել այդ գործչի հետ: Այսօր տեսնում ենք շատ քաղաքական գործիչների, ովքեր գնում են նույն ճանապարհով՝ ընտրվելով այս երեք տարիների ընթացքում օգտագործվող հռետորաբանությունը, հավասարվելով գործող իշխանությանը, ինչը, անձամբ ես, շատ վատ եմ գնահատում: Եթե հաղորդակցության տեսանկյունից դիտարկենք, հանրային կերպարները պետք է աշխատեն կրթել ու ճիշտն իրազեկել հասարակությանը, բայց այսօր նրանք ավելի խորը թմբիկի մեջ են գցում մարդկանց՝ օրինակ ծառայելով, որ, այո՛, հայհոյանքը սովորական բան է: Փորձագիտական դաշտը դուրս է մնացել այս գործընթացներից: Եթե դու գրագետ մի քանի նախադասություն ես ասում, դա քիչ դիտում է ունենում, վերլուծության գրեթե չի ենթարկվում, բայց եթե դու հայհոյում են կամ քննադատությունդ ուղեկվում ոչ հարիր բառամթերքով, ապա մեծ արձագանքի ես արժանանում: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ում կարգախոսը «Կա՛ այլընտրանք» արտահայտությունն է, անընդհատ հանդուժողականության կոչ է անում և՛ ներակներին, և՛ նախկիններին՝ ուղերձ հնչեցնելով, որ ապագայում բոլոր կողմերն էլ մասնակցություն են ունենալու երկրի կառավարման գործընթացում: Այս թեզը կարող է, ըստ էության, կյանքի իրավունք ունենալ, եթե այս աղմուկի մեջ լսվի: Բայց քանի որ հասարակությունը շատ է բևեռացված, տեղեկությունը կկորի, իսկ ԱԺ-ում կուսակցությունը կրկին փոքրամասնություն կկազմի, եթե, իհարկե, ԼՀԿ-ն չկարողանա գրավել հիասթափվածների բանակին, ովքեր ինչ-որ տեղ հանգրվանելու կարիք ունեն: ՀԱԿ-ի պարագայում պետք է նշել, որ կուսակցությունն իր ելույթներում և ուղերձներում ուղղակիորեն թիրախավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, չնայած որ ներկայիս իշխանությունները նույնպես նրանց սուր քննադատությանն են արժանանում: Ինչ-որ տեղ նրանց նույնականացնում են Նիկոլ Փաշինյանի թիմի հետ և ինչ-որ տեղ նույնիսկ նրանց ջրաղացին ջուր են լցնում: ՀԱԿ-ը շատ քիչ տոկոս ձայն կունենա խորհրդարանում, բայց գործուն դեր կունենա այս ընտրություններում: Հարկ է նշել, որ ամենաուժեղ լոգոն «Հայաստան» դաշինքինն է, լոգոն մինիմալիստական է, ճիշտ ու գրավիչ գույնով, հստակ ու ուղղորդող սիմվոլ ունի, իսկ կուսակցությունն էլ դասական քարոզարշավ է վարում: Այս առումով, նրանց քայլ առ քայլ ու գրագետ աշխատանքն արդյունք կտա: Ինչ վերաբեում է ԶԼՄ-ներին, ապա այս դաշտում ծայրահեղ խառնաշփոթ է, չեզոք տեղեկատվություն պարզապես չկա: Ամեն մեկն իր թեկնածուի համար է աշխատում: Նշանակում է, որ լրատվադաշտում էլ բավականին մեծ անկում ունենք, և հասարակությունը չի հասկանում՝ որտեղից կարող է վերցնել չեզոք տեղեկատվություն, նույնիսկ մեդիագրագետ մարդն է թակարդն ընկնում:

Ամենից շատ դիտված