Արտաքին 4 տարի առաջ - 12:23 06-06-2021

Հասարակական ճգնաժամը և անորոշությունը՝ զարգացման մեկնարկ. Ճապոնիա

Դժվար է գտնել գիտության մի բնագավառ, որի ուսումնասիրության առանցքային խնդիրներից մեկն այս կամ այն չափով զարգացումը չլինի:

Զարգացմանն առնչվող համաշխարհային պատմության տարբեր խնդիրներ մինչ օրս վիճահարույց են և մասնագետների ուշադրության կենտրոնում են գտնվում :

Մենք շարունակում ենք ներկայացնել ճգնաժամային զարգացման նախադեպերը տարբեր երկրների օրինակով: Այսօր հերթը Ճապոնիայինն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի արդիականացման, սոցիալ-տնտեսական զարգացման ու հասարակական-քաղաքական նույնքան բացառիկ վերափոխման խնդիրները շարունակում էին արդիական մնալ:

Չնայած վերջին տարիներին Չինաստանի և հարավարևելասիական այլ պետությունների տնտեսական լուրջ ձեռքբերումներին՝ Ճապոնիան այսօր էլ շարունակում է մնալ աշխարհի զարգացած երկրներից միակը, որն արևմտյան աշխարհից առանձնանում է իր ռասայական պատկանելությամբ, ունի փոքր տարածք և սահմանափակ բնական պաշարներ:

Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությանը և ունեցած ծանր կորուստներին՝ Ճապոնիան շատ կարճ ժամանակահատվածում՝ շուրջ 30 տարում, ոչ միայն վերականգնեց իր տնտեսական զարգացման նախապատերազմյան մակարդակը, այլև իր աճի տեմպերով դարձավ աշխարհի տնտեսապես զարգացած գերտերություններից և համաշխարհային տնտեսական գործընթացները թելադրող հիմնական կենտրոններից մեկը:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս:

Այս երևույթը մասնագիտական գրականության մեջ ստացավ ամենատարբեր որակումներ՝ «ճապոնական հրաշք», «ճապոնական տնտեսական բում», «զարգացման ճապոնական մոդել» և այլն:

Ճապոնիայի զարգացման հիմնահարցի շուրջ բանավեճերը հանգեցրին երկու տարբեր ուղղությունների առանձնացմանը:

Դրանցից առաջինի ձևավորումը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո և հետագայում ստացավ «ամերիկյան դպրոց» անվանումը:

Իհարկե, Միացյալ Նահանգների քաղաքական շահերի հաշվառմամբ ձևավորված այս դպրոցի հետևորդները Ճապոնիայի հետպատերազմյան արդիականացման հիմնական ճանապարհը համարում էին «պարտադիր արևմտականացումը»:

Արևմտականացված և Միացյալ Նահանգների դաշնակից Ճապոնիան անհամատեղելի էր համարում իր նախկին դիմագիծը՝ ձևավորված նոր իրականության հետ:

Հակառակ այս ծայրահեղ արևմտականացված տեսությանը՝ 1970-ական թթ. ձևավորվեց

մեկ այլ ռևվիզիոնիստական տեսություն, որը Ճապոնիայի հետպատերազմյան հաջողության հիմնական բանալին փնտրում էր Ճապոնիայի մշակութային ինքնատիպության և հասարակական կյանքի կազմակերպման մեջ:

Այսպիսով, այս տեսության կողմնակիցները հետպատերազմյան արդիականացման հիմքերը որոնում էին նախապատերազմյան և հետպատերազմյան Ճապոնիայի պատմական շարունակականության մեջ, մինչդեռ ամերիկյան դպրոցի ներկայացուցիչներն արդիականացման գաղտնիքը փնտրում էին միայն 1945 թ. հաջորդած իրադարձությունների համատեքստում:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կրած պարտությունը և երկրի փաստացի ղեկավարումը Դաշնային ուժերի կողմից, ինչն աննախադեպ էր հազարամյակների պատմություն ունեցող այդ երկրի պատմության մեջ, խորը ազդեցություն են թողել Ճապոնիայի ինչպես սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական զարգացումների, այնպես էլ ճապոնական հետպատերազմյան հասարակության էթնոմշակութային առանձնահատկությունների վրա:

Չնայած ներքաղաքական այս բուռն զարգացումներին՝մասնագիտական կարծիքներն ու առարկայական ուսումնասիրությունները չեն ապահովում բավարար փաստեր հստակ ձևակերպելու բոլոր այն գործոնները, որոնք պայմանավորել են Ճապոնիայի հետպատերազմյան բացառիկ արդիականացումը:

Համաշխարհային պատմության մեջ Ճապոնիայի հետպատերազմյան արդիականացումն առաջին դեպքն էր, երբ պատերազմում պարտություն կրած և կաթվածահար եղած տնտեսություն ունեցող, արմատական փոփոխությունների առջև կանգնած երկիրն ընդամենը երեք տասնամյակի ընթացքում ոչ միայն վերականգնեց նախապատերազմյան տնտեսական ցուցանիշները, այլև դարձավ իր ծավալով համաշխարհային երկրորդ տնտեսությունը՝ ձևավորելով քաղաքական ու պետական կառավարման միանգամայն նոր, յուրօրինակ և արդյունավետ համակարգ:

Այս ամբողջ գործընթացում էական դերակատարում են ունեցել աշխարհաքաղաքական իրողությունները, նախապատերազմյան տնտեսության կառուցվածքի և դրա կառավարման արմատական վերանայումը, քաղաքական համակարգի ժողովրդավարացումը, հասարակական հարաբերությունների նախապատերազմյան սկզբունքների վերանայումը, ինֆորմացիոն միջավայրի փոփոխությունը, ինտեգրացիոն գործընթացները և բազմաթիվ այլ գործոններ:

«Ճապոնական տնտեսական հրաշք». այս արտահայտությունը յուրաքանչյուր ոք, նույնիսկ տնտեսությունից հեռու մարդը գոնե մեկ անգամ լսել է:

Շատերը դա բացատրում են շատ պարզ՝ ճապոնացիները հաջողել են, քանի որ նրանք շատ են աշխատում և խիստ քաղաքավարի են:

Բայց եկեք ճապոնական տնտեսական հրաշքի երևույթն ավելի ուշադիր զննենք:

Տնտեսական հրաշքի ընթացքում Ճապոնիայի տնտեսությանը բնորոշ գծերն են եղել կեյրեցուները (արդյունաբերողների, բանկերի ֆինանսատնտեսական միավորումը սերտորեն կապված խմբերում՝ կեյրեցուներում), գործարարների և կառավարության փոխշահավետ հարաբերությունները, խոշոր ընկերություններում ցմահ վարձման համակարգը։

Ներկայումս գործում են յոթ հիմնական կեյրեցուներ՝ Mitsui, Mitsubishi, Fuyo, Tokai, Sumitomo, Dai-lchiKangyo, Industrial Bank of Japan:

Միջին չափի ճապոնական ընկերությունների մի մասը և որոշ խոշոր ձեռնարկություններ կիրառում են նաև այսպես կոչված «ցմահ վարձակալման» փորձառությունը:

Երիտասարդը «վարձվում է» անմիջապես համալսարանից, որից հետո ուսանում է, վերաորակավորվում և զարգանում ընտրած ընկերությունում ընդհուպ կենսաթոշակային տարիքին հասնելը: Մարդը գիտի, որ իր աշխատանքը որևէ պարագայում չի կորցնի, և նրա վստահությունը վաղվա օրվա հանդեպ անսասան է դառնում:

Ինչպես հայտնի է, Ճապոնիան բավական սահմանափակ քանակությամբ բնական ռեսուրսներ ունի, այդ պատճառով ընդունված կարծիք կա, որ եթե ընկերությունն աշխատում է առանց շահույթի, հանցանք է գործում հասարակության առջև. ստացվում է, որ սոցիալական կապիտալը, մարդկանց ներդրումները և նյութերը, որոնք կարող էին արդյունավետ օգտագործվել ինչ-որ մի տեղ, ապարդյուն վատնվում են:

«Ճապոնական հրաշքի» կարևոր գործոններից հարկ է նշել էթնիկ ինքնության առանձնահատկությունները, որի մի մաս է կազմում նաև ընտանիքի գաղափարը:

«Ընտանիքը»՝ որպես աշխատանքային կոլեկտիվ, նշանակում է, որ եթե մի աշխատողը խոտան է արտադրել, պատասխանատվություն բոլորն են կրում: Եվ որպեսզի դա տեղի չունենա, յուրաքանչյուր աշխատակից առավելագույն բարեխղճորեն է աշխատում և իրեն միակն է համարում, որը պատասխանատու է իր աշխատանքի համար:

Հարկ է նաև անդրադառնալ ճապոնացիների խմբային գիտակցության կարևորությանը, որն ապահովել է հանրային կյանքի, տնտեսական ու քաղաքական խորքային շատ գործընթացների սահուն, անցնցում և շարունակական ընթացքը:

Արևելագետ Վսեվոլոդ Օվչիննիկովը գրել է. «Ճապոնական հրաշքի էությունը գերագույն իշխանության և խոշոր բիզնեսի փոխադարձ վստահությունն է։ Ճապոնիայում պետությունը խոշոր բիզնեսի հետ համատեղ մշակել է տնտեսական ռազմավարությունը։ Նրանք հստակ տարորոշել են երկրի զարգացման առաջնահերթությունները։ Առաջին փուլում շեշտը դրվել է մետալուրգիայի, նավաշինության և նավթաքիմիայի վրա։ Ստեղծվել է աշխարհում ամենից առաջատար մետալուրգիան, սկսել են ձուլել մոտ 400 միլիոն տոննա պողպատ։ Ճապոնիան վերածվել է աշխարհում խոշորագույն նավաշինական գերտերության, կառուցվել են 200-300 հազար տոննա տարողունակությամբ տանկերներ։ Որպեսզի նավթն իրենց մոտ վերամշակեն, սկսել են զարգացնել նավթաքիմիան։ Երկրորդ փուլում առաջնահերթությունը տրվել է կենցաղային էլեկտրատեխնիկային և ավտոմոբիլաշինությանը։ Պետք էր կոտրել ձևավորված կարծրատիպը. մինչև 1960-ական թվականները ճապոնական ապրանքները եղել են էժան, սակայն ոչ որակյալ։ Իրենց արտադրած հեռուստացույցների, տրանզիստորների, հետագայում ավտոմեքենաների վրա ներդրած մեծ ջանքերի գնով նրանք համոզել են աշխարհին, որ ճապոնական նշանակում է որակյալ»:

Հետպատերազմյան Ճապոնիայի զարգացումները վերլուծելիս պարզ է դառնում, որ հասարակական ճգնաժամը, անորոշությունը և անցումային անհանգստությունը կարող են պարարտ հող ստեղծել հասարակական ինքնության ուժեղացման համար:

Այնուամենայնիվ, եթե փորձենք ի մի բերել «ճապոնական հրաշք»-ի երևույթը, ապա այն երկրի պատմության կոնկրետ ժամանակահատվածում ու աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում գոյություն ունեցած տասնյակ գործոնների համադրման արդյունք է և ենթակա չէ արհեստական կրկնօրինակման:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»