Սամվել դպիր Գրիգորյանը գրել է.
«Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթին ու խաչին կայծակի հարվածը՝ հատկապես երեկոյան ժամերգության պահին, խորհելու առիթ է տալիս։ Մենք չենք կարող պնդել, թե այս դեպքը Աստծուց տրված հատուկ պատիժ կամ մեզ ուղղված միանշանակ գերբնական նշան է։ Սակայն քրիստոնյայի համար յուրաքանչյուր ցնցող իրադարձություն կարող է դառնալ հոգևոր արթնության, ինքնաքննության և ապաշխարության առիթ։ Այսպիսի վերաբերմունքի օրինակ տալիս է հենց Քրիստոս Ավետարանում։ Երբ Սելովամի աշտարակը փլվեց և տասնութ մարդ զոհվեց, Տերը չասաց, թե նրանք մյուսներից ավելի մեղավոր էին։ Ընդհակառակը՝ կատարվածը Նա դարձրեց բոլորին ուղղված ապաշխարության կոչ.
«… եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13։4–5)։
Այսինքն՝ դժբախտ պատահարի առջև քրիստոնյայի առաջին հարցը չպետք է լինի՝ «ո՞ւմ մեղքի համար սա եղավ», այլ՝ «ի՞նչ է սա ինձ հիշեցնում իմ սեփական հոգևոր վիճակի մասին»։
1. Սուրբ Գրքում որոտն ու կայծակը բազմիցս ուղեկցում են Աստծո փառքի և զորության հայտնությանը և մարդու մեջ արթնացնում Աստծո ահի ու զգաստության գիտակցությունը Ելք 19։16–19, Սաղմ․ 17։9-15, Հայտն. 4:5)։ Սա կարող է ազդակ լինել ամբողջ ժողովրդին և Եկեղեցուն՝ հոգևոր արթնության, աղոթքի ուժեղացման և ինքնաքննության համար։
2. Երբ բնության տարերքը հարվածում է եկեղեցուն հենց ժամերգության պահին, հավատացյալի համար դա կարող է դառնալ իր ուշադրությունը դեպի Երկինք դարձնելու, Աստծո կամքը փնտրելու և սեփական հոգևոր վիճակը քննելու առիթ։
3. Այն, որ վնասվել է հենց Սուրբ Կարապետի՝ Հովհաննես Մկրտչի անունը կրող տաճարը, մեզ համար կարող է դառնալ նաև նրա քարոզության առանցքը վերհիշելու առիթ՝ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3։2)։ Եվ այդ կոչը նախ և առաջ մեզ է ուղղված՝ որպես հավատացյալների՝ մեր մեղքերից մաքրվելու և հոգևոր անտարբերության թմբիրից արթնանալու համար։
4. Գմբեթի և նրա վրա բարձրացած խաչի նյութական վնասվելը չի նշանակում, թե Քրիստոսի Խաչի զորությունը կարող է տկարանալ։ Առաքյալը Խաչի քարոզությունն անվանում է «Աստծու զորություն» (Ա Կոր. 1։18)։ Ընդհակառակը՝ տեսանելիորեն վնասված խաչը մեզ կարող է հիշեցնել հարցնելու՝ որքանո՞վ է Խաչը կանգուն մեր սեփական կյանքում։ Որքանո՞վ ենք մենք ապրում Ավետարանով և ուղենիշ ունենում Քրիստոսի Խաչը, երբ մեր հասարակության մեջ գնալով աճում են ատելությունը, պառակտումը, անաստվածությունն ու սրբությունների հանդեպ անարգանքը։
5. Եկեղեցու պատմության ընթացքում տաճարներ բազմիցս ավերվել ու վնասվել են, և քրիստոնյա ժողովուրդը կրկին ու կրկին ձեռնամուխ է եղել իր սրբավայրերի վերականգնմանը։ Բայց այս դեպքը մեզ հիշեցնում է, որ միայն քարեղեն տաճարը չէ, որ նորոգման կարիք ունի։
Սևանավանքի վնասված գմբեթն ու խաչը պետք է վերականգնվեն։ Բայց գուցե այս դեպքը մեզ առիթ է տալիս հարցնելու՝ իսկ մեր ներսի՞ տաճարը։ Մեր հավատքը, ապաշխարությունը, եկեղեցական միասնությունը, սրբությունների նկատմամբ ակնածանքը վերականգնման կարիք չունե՞ն։ Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ մենք Աստծու տաճարն ենք (Ա Կոր. 3։16) և այն «կենդանի քարերը», որոնցով կառուցվում է հոգևոր տունը (Ա Պետ. 2։5)։
ՈւՐԵՄՆ քարեղեն տաճարի նորոգումը թող մեզ հիշեցնի նաև մեր հոգևոր տաճարի նորոգման անհրաժեշտությունը։ Սա մտածելու առիթ պետք է մեզ տա՝ դառնալու առ Աստված, զորացնելու աղոթքը, հավատքն ու ապաշխարությունը»։