Ներքին 5 տարի առաջ - 11:25 18-05-2021

Ֆինանսների նախկին փոխնախարարը խոչընդոտել է դիզվառելիքի ներկրմանը. ՀՀ դատախազություն

Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված եւ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձեւակերպմանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձեւակերպումներ:

Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձեւակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն եւ առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձեւակերպում:

2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500տ. դիզելային վառելիք, որի մի մասը ՝ 181.6տ, մինչեւ 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձեւակերպում եւ մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին:

Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը՝ Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձեւակերպումը եւ մաքսային տեսուչներին թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձեւակերպումը:

Այնուհետեւ, Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որեւէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:

Փոխնախարար Ա.Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի ՀՀ ներմուծվելու, ինչպես նաեւ դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որեւէ գործողություն չկատարել եւ սպասել իր հետագա հանձնարարություններին:

Մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձեւակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից:

Այնուհետեւ, Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ եւ հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձեւակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ 2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար եւ տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել եւ, հատելով վրաց-հայկական պետական սահմանը, կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:

Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության եւ «Կ... Ի...» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետեւանքներ: Բացի այդ, պարզվել է նաեւ, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլեւս դիզվառելիք չի ներկրել:

Վերոնշյալի հիման վրա ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին եւ մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ-ին:

Նկատի ունենալով, որ Ս.Մ.-ն հետագայում մահացել է, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Իսկ Մ.Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ ըստ մեղադրանքի՝ Մ. Հ.-ի՝ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ