copy image url
Խոսք 3 տարի առաջ - 14:28 17-05-2021

Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է . Վարդան Ոսկանյան

Հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումների և տարածաշրջանային գործընթացներում Իրանի դերակատարության մասին Օրագիր.news-ը խոսել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

- Ի՞նչ զարգացումներ կան ներկայումս Իրանի շուրջ և ինչպե՞ս են դրանք ազդում Հայաստանի վրա:

- Եթե խոսում ենք Իրանի շուրջ զարգացումներ մասին, առաջին հերթին պետք է նկատի ունենալ ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների ֆոնը, որտեղ դրական տեղաշարժ են գրանցվում: ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումներում որոշակի փափկեցում է արձանագրվում, որն ուղղակիորեն առնչվում է մեզ հետ, քանի որ Հայաստան-Իրան տնտեսական ու քաղաքական հարաբերությունների որոշակ հատված դիտարկվում է հենց այդ պատժամիջոցների համատեքստում: Ուստի եթե այդ պատժամիջոցները մասնակիորեն վերանան, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք ստանում սերտացնելու Իրանի հետ հարաբերությունները: Անկախ այս ամենից՝ հարաբերությունների կառուցելու համար քաղաքական կամք է պետք և իմաստություն, որն այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախումբն ամենևին չունի:

- Տարածաշրջանում Սյունիքի շուրջ լարվածությունը և հետևաբար նաև դերն աճում է, ինչպե՞ս են արձագանքում հարևան երկրները, մասնավորապես Իրանը:

- Տվյալ խնդրի շուրջ վերաբերյալ իրանական դիրքորոշումը գնահատելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր հայտարարություն: Առաջինը պատերազմի վերջին փուլում Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էր, որը շատ կարևոր էր, և որտեղ հստակ երևում էր Իրանի դիրքորոշումը Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Հայտարարության մեջ մի շարք հայանպաստ կետեր կային: Մասնավորապես խոսքն Արցախի հայության անվտանգությանն էր վերաբերում, որը հստակ պայման էր խնդրի կարգավորման համար, ինչպես նաև շեշտադրվում էր պետության միջազգային սահմանների հարգման սկզբունքը: Դա նախևառաջ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզին, որովհետև հենց այդ ուղղությամբ վտանգներ կան: Մյուս կարևոր կետը վերաբերում էր տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության բացառմանը: Իրանցիների համար այս խնդիրն այնքան կենսական է, որ նույնիսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ ահաբեկչական բջիջների գոյությունը տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում վտանգում է տարածաշրջանի կայունությունը, և Իրանն առանց զգուշացման կհարվածի: Իրանի արտգործնախարարի երևանյան հայտարարությունը նույնպես կարևոր մեսիջ էր, երբ դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է: Մինչ այս վերջին զարգացումները նման հստակ ազդակ չէր ուղարկվել: Սա ուղերձ էր ադրբեջանաթուրքական դաշինքին, որ պետք է դադարեցնել Հայաստանի տարածքի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգության փորձ: Ուղերձը նաև Հայաստանի իշխանությանն էր վերաբերում, որ Իրանի համար շատ կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

-Իրան-ադրբեջանաթուրքական ուժերի բախման արդյունքում ի՞նչ հնարավոր սցենար կա մեզ համար:

- Այս հարցում նույնպես կարևոր է ԱՄՆ-ի գործոնը: Հաշվի առնելով պատժամիջոցներով պայմանավորված ծանր տնտեսական դրությունը, որ ստեղծվել է Իրանում, Իրանը փորձում է կարևոր բոլոր պետությունների հետ պահպանել բալանսավորված հարաբերություններ: Նախ՝ որ այդ պետությունների տարածքը չօգտագործվի հակաիրանական որևէ գործողություններում, 2-ը՝ այդ պետությունների միջոցով հնարավոր է դառնում շրջանցել Միացյալ Նահանգերի պատժամիջոցները: Այդ գործառույթը որոշ հատվածներում, ցավոք, ստանձնել է Թուրքիան, սակայն կարող էինք ստանձնել նաև մենք: Իրանի դիրքորոշումն Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ, որոնք նույն գաղափարախոսության ներքո են հանդես գալիս՝ պանթյուրքիզմ, Իրանի արտաքին քաղաքական օրակարգում ձևավորվում է մտրակի և քաղցրաբլիթի սկզբունքներով: Որոշ դեպքերում իրանցիները շատ կոշտ են արձագանքում: Օրինակ՝ երբ Թուրքիայի նախագահը Բաքվի տխրահռչակ շքերթում բանաստեղծության միջոցով ակնարկեց Իրանի հյուսիս-արևմուտքի թյուրքախոս բնակչության և տարածքի (Ատրպատական) նկատմամբ իր նկրտումները: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն դերակատարությունը, որը ստանձնել է Թուրքիան Իրանի համար պատժամիջոցները շրջանցելու առումով, Իրանը փորձում է հավասարակշռել հարաբերությունները, որ չզրկվի այդ խողովակից: Ադրբեջանի պարագայում էլ գործում է շարունակական աշխատանքների սկզբունքը՝ չեզոքացնելու իսրայելական և ամերիկյան ներկայությունը հակաիրանական նպատակներով: Ուստի ակնկալելով, որ Իրանը թշնամական հարաբերություններ կստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, կարծում եմ, տեղին չէ: Դա չի նշանակում, որ Իրան-Ադրբեջան-Թուրքիա հակասությունների ողջ կծիկը լուծվել է, ո՛չ, որևէ խնդիր չի լուծվել, դեռ մի բան էլ ավելացել է: Հետևաբար, եթե վերանում են պատժամիջոցները, և երևում է հեռանկար, որ գոնե տեսանելի ապագայում այդ պատժամիջոցները չեն կիրառվի, ապա իրանական դիրքորոշումները կարող են կոշտանալ:

- Ի՞նչ սկզբունքների հիման վրա պետք է կառուցվի Իրան-Հայաստան հարաբերությունները:

-Իրանի հետ աշխատելու համար մի քանի ուղղություն պետք է մշակել: Նախ հարկ է ամրապնդել Հայաստանի դիրքերն Ատրպատականում, օրինակ՝ Թավրիզում հյուպատոսության բացման տարբերակով կամ տեղի մտավորականների հետ կապերի հաստատման միջոցով: Սա շատ կարևոր է, քանի որ Բաքվի բռնապետն աշխատում է այն շրջանակների հետ, որոնք չեն ներկայացնում Իրանի մտավորականության իրական դեմքը: Բաքուն հիմնականում աշխատում է հասարակ մարդկանց հետ, որպեսզի կարողանա կիրառել ազդեցության գործոնը՝ ճնշելու հայկական ազդեցությունը: Այս համատեքստում պետք է հակակշռել, քանի որ տվյալ տարածքում ակնհայտ հայամետ դիրքորոշում կա: Նույն գործիքակազմը պետք է կիրառել համաիրանական մակարդակով: Այսինքն՝ Իրանում պետք է ունենանք Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին աջակցող տարբեր խմբեր՝ մշակույթից մինչև գիտություն: Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստող մյուս օղակը տնտեսական կապերն են: Իրանը Հայաստանում պետք է ունենա ամուր տնտեսական շահեր, որպեսզի Հայաստանի հանդեպ որևէ ոտնձգության դեպքում իր շահերն էլ վտանգվեն: Խոսքը Մեղրիի տնտեսական ազատ գոտու մասին է և Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության միջոցով Պարսից ծոցը Սև ծովին կապող իրանական ծրագրի անքակտելի մաս դառնալը, ինչը կկանխարգելի նաև Սյունիքի նկատմամբ բոլոր հնարավոր ոտնձգությունները և կբարձրացնի Սյունիքի դերը տարածաշրջանում: Ռազմական համագործակցությունը նույնպես շատ կարևոր դեր ունի երկրների միջև կապերն ամրապնդելու գործում, որը նոր փուլ է թևակոխել: Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը և այդ ընթացքում անօդաչու սարքերի կիրառությունը՝ այս բնագավառը չափազանց կարևոր է: Իրանն այն սահմանափակ թվով պետություններից է, որն ունի ԱԹՍ-ի ամբողջ բույլը: Ադրբեջանն այդ տիրույթը հիմնականում փակում է իսրայելական և թուրքական ապրանքներով, ուստի կապը կարող է շատ օգտակար լինել: Ոչ պակաս կարևոր ոլորտներից է նաև գիտական դաշտը: Իրանում գիտական մտքի ազդեցությունն իշխանության՝ որոշումներ կայացնելու վրա բավականին մեծ է, ուստի սերտ կապեր են պետք գիտական ոլորտի հետ: Մյուս կարևոր կետը Իրանի և Հայաստանի ԶԼՄ-ների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումն է: Սա շատ կարևոր գործոն է, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ձևավորել միասնական լրատվական քարոզչական տիրույթ, որտեղ լուրջ աշխատում են և՛ Իրանի, և՛ Հայաստանի դեմ: Պետությունների միջև հարաբերությունների կառուցման ազդեցիկ լծակներից է նաև երրորդ պետությունների հետ առանցքային կապերի ձևավորումը, օրինակ՝ Ռուսաստան-Իրան-Հայաստան կամ Չինաստան-Իրան-Հայաստան և այլն:

-Չինաստան-Հնդկաստան և Իրան-հյուսիս տարածքն ընդգրկող Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումն ի՞նչ հեռանկարներ կբացեն Հայաստանի համար և արդյո՞ք ծրագրերի իրականացմանը կարող են խանգարել Թուրքիան և Ադրբեջանը:

-Չեմ կարծում, որ նրանք կարող են խոչընդոտ դառնալ այդ ծրագրերի կյանքի կոչման համար, բայց գործընթացում մրցակցային տարր կարող են մտցնել: Մեր դանդաղկոտությունը, անլուրջ ու անպատասխանատու մոտեցումներն այս ծրագրերին կարող են հանգեցնել նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են առաջ ընկնել և, հաշվի առնելով այն, որ որոշ դեպքերում կարող են ավելի լավ պայմաններ տրամադրել, մրցակցել մեզ հետ: Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ մեր դերակատարությունը՝ որպես ազգ, այս տարածաշրջանում մշտապես մի չափազանց կարևոր գործառույթ ենք ունեցել՝ միջնորդական առաքելություն հարավի ու հյուսիսի, արևելքի ու արևմուտքի միջև: Եթե մենք կարողանանք վերահաստատել մեր դիրքերն արդի աշխարհի պահանջմունքների համաձայն, ապա Հայաստանը հնարավորություն կունենա ամենակարևոր դերակատարությունը ստանձնելու տարածաշրջանում: Հնարավորություններ շատ կան, խնդիրն այն է՝ ինչպե՞ս մենք դրանք կկիրառենք և ի՞նչ ճանապարհային քարտեզով կմոտենանք դրանց: Պետք է հստակ տեսանելի լինի՝ ո՞ւր ենք գնում, ի՞նչ նպատակներով: Հայաստանի ապագա իշխանությունը պարտավոր է ունենալ այդ հստակ ծրագրի ճանապարհային քարտեզը:

adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com
09:37 Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ Գագիկ Սուրենյան
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի