Երևան +15°
copy image url
Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 18:00 17-06-2023

Փաշինյանը Իրանի դիրքորոշումը հայ հասարակությանը «վաճառում է» որպես իր կարմիր գիծ

Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար հայտարարում են, որ ՀՀ-ն միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանին որևէ ճանապարհ չի տրամադրելու, ինչպես նաև այդ հարցով որևէ բանակցություն չեն վարում։ Թվում է, թե նման հայտարարություններն ավելի քան տրամաբանական են, երբ պետության իշխանությունները բազմիցս նշում են, որ չեն պատրաստվում որևէ միջանցք տրամադրել, և դա իրենց համար հանդիսանում է կարմիր գիծ, և այստեղ որևէ զարմանալի բան չկա։

Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հույս հայտնելով, որ Թեհրանի հետ բանակցություններ արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Էրդողանը միևնույն ժամանակ չէր վարանել Փաշինյանին գովեստի խոսքեր շռայլել՝ այն բանի համար, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս և չնայած բազմաթիվ ճնշումներին՝ որևէ հետքայլ չի կատարել։

Իրանական կողմը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ դեմ է նմանատիպ որևէ միջանցքի գործարկմանը։ Դեռևս 2021 թվականի հունվարի 27-ին Իրանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար հանդիսանում է կարմիր գիծ։ Այս հայտարարությունը բնականաբար առաջին հերթին ուղղված էր թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ հենց վերջինս է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետը, որով պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները, որը ոչ այլ ինչ է, քան տարածքային հավակնություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։

Իրանական կողմը նախորդ երկուսուկես տարիներին բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով, ինչպես նաև գործողություններով, որոնցով կարողացել է խոչընդոտել տխրահռչակ միջանցքի բացմանը։ Այս հայտարարություններից ամենանշանավորը նախորդ տարվա հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենիի այն խոսքերն էին, որ Իրանը դեմ կլինի, եթե հայ-իրանական սահմանը արգելափակելու քաղաքականություն տարվի, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է։

Ինչ վերաբերում է գործողություններին, ապա ամենազդեցիկ քայլերը, որոնք այս ընթացքում կատարել է իրանական կողմը այսպես կոչված Ադրբեջանի հետ սահմանին, իսկ իրականում Արցախի Հանրապետության օկուպացված շրջանների հարևանությամբ, մի քանի զորավարժությունների անցկացումն էր, ինչպես նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը և բացման արարողությանն անձամբ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությունը, որով Թեհրանը հստակ ուղերձ էր փոխանցում Բաքվին, Անկարային և նման միջանցքի գործարկմամբ շահագրգռված մյուս կողմերին, որ նման զարգացում չի հանդուրժելու։ Անշուշտ սա նպաստել է նաև Բաքվի դժգոհությանը և իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությանը, որը մինչև այսօր կողմերին չի հաջողվում վերջնականորեն հաղթահարել։

Սակայն այս համատեքստում կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը կանխելու ուղղությամբ Թեհրանի կողմից ձեռնարկվող շահերը պայմանավորված են ոչ թե այն հանգամանքով, որ Իրանն ավելի շատ է մտահոգվում Հայաստանի շահերի համար, քան մենք ինքներս, այլ նմանատիպ միջանցքը առնվազն սպառնալիք է տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության կենսական շահերին։ Նախևառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի և Իրանի միջև առկա 132 կիլոմետրանոց սահմանն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չի կարող չանհանգստացնել Իրանին, քանի որ այնտեղ, բացի թուրք-ադրբեջանականից, հաստատվել է նաև իսրայելական ներկայություն, իսկ այդ երկիրը և վերջինիս հովանավորները հստակ նպատակ ունեն Իրանի հետ հնարավոր բախման դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներից հարվածել Իրանին՝ Ադբեջանը փաստացի վերածելով պլացդարմի։ Նաև հենց այս հանգամանքով է պայմանավորված, երբ արևմտյան երկրները հաճախ անտեսում են Բաքվի կողմից կատարվող սադրանքները, որպեսզի չվնասեն վերջինիս հետ ունեցած հարաբերությունները։

Իրանական կողմին նման միջանցքի բացումը ձեռնտու չէ նաև տնտեսական շահերի տեսանկյունից։ Ներկայումս Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն իրականացվում է հենց Իրանի տարածքով, ինչից իրանական կողմը շահույթ է ստանում, և եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով ավելի կարճ և շահավետ ճանապարհ ստանա, այլևս իրանական ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն չի ունենա։ Բացի այդ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկմամբ կմեծանա Արևմուտք-Արևելք տրանսպորտային միջանցքի նշանակությունը, ինչը կազդի Հյուսիս-Հարավի եկամտաբերության վրա, որը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի տնտեսության մեջ։

Այսպիսով հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք պնդել, որ իրականում Հայաստանի իշխանությունները դեմ չեն «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը, սակայն Իրանի ճնշումների ներքո ներքո հայտարարում են, որ դեմ են՝ դա ներկայացնելով իրենց սկզբունքային դիրքորոշումը։ Այն, որ պաշտոնական Երևանը դեմ չէ նման միջանցքի գործարկմանը, փաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով չարձագանքեցին Էրդողանի հայտարարությանը, բացատրություն չպահանջեցին, և որևէ պաշտոնական հերքում չհարապարակվեց։

Փաստացի ստացվում է, որ իրանական կողմը «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու հարցում խոչընդոտում է ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային, այլ նաև Հայաստանի իշխանություններին, իսկ վերջիններս դա փորձում են օգտագործել իրենց օգտին և հասարակության շրջանում բարձրացնել իրենց վարկանիշը։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի դիրքորոշումը հայ հասարակությանը «վաճառում է» որպես իր կարմիր գիծ՝ փորձելով սեփական անձի համար պետության շահերի համար անզիջում պայքար մղող ղեկավարի կերպար ստեղծել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված