Ազնվությունը և պատասխանատվության գիտակցումը մարդկային առաքինության ցուցիչներ են։
Լատվիան
հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով սննդի անվտանգության գործակալությանը։ Ստուգման արդյունքներով բեռը չի թույլատրվել մտցնել Եվրամիության տարածք։ Այս խմբաքանակի տարածումն արգելված է․ արտադրանքը պետք է ոչնչացվի կամ ուղարկվի ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկիր, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Կա՞ ավելի մեծ խայտառակություն, քան այն, երբ մարդուն կասկածում են անպատասխանատու վարքի մեջ։ Ո՞վ է պատասխանատու, որ այս խախտումներով ապրանքն ուղարկվել է Լատվիա։
ԵՄ-ն արտոնություններ է սահմանել ՀՀ-ից ներկրվող բազմաթիվ ապրանքատեսակների համար։ ՌԴ-ից տնտեսական կախվածությունից ազատվելու ճանապարհին սա կարևոր ձեռքբերում է, ինչով պարծենում են ՔՊ-ական իշխանությունները և հուսադրում, որ ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառությունը կակտիվանա, և Հայաստանը կազատվի ռուսական տնտեսական շանտաժներից, դրանց ազդեցության տակ զիջումներ ու հակաքաղաքակրթական քայլեր չի անի, ինչպես նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր։
Եվ ինչպե՞ս է Հայաստանը վարվում ԵՄ-ի կողմից շնորհված արտոնությունների հետ։
Տվյալ պարագայում պատասխանատու է ՀՀ ՍԱՏՄ-ն, որը թույլ է տվել ԵՄ չափանիշներին չհամապատասխանող ապրանքի արտահանումը ԵՄ երկիր։ Նա ոչ միայն ՀՀ ներսում սննդի անվտանգության ապահովման պատասխանատուն է, որ ՀՀ բնակիչները անվտանգ սնունդ սպառեն, այլև պարտավոր է պետության անունը բարձր պահել արտերկրում՝ այսպիսի հարցերում։ Օրինակ՝ նա կարող էր պարտավորեցնել արտահանողին՝ անցնելու համապատասխան ստուգում ՀՀ-ում՝ նախքան արտահանելը։ Եթե այսպիսի պարտադիր ստուգման նորմն իրապես գործեր ՀՀ-ում, ապա ՍԱՏՄ-ն անմիջապես կարձագանքեր, կհերքեր Լատվիայի կողմից բացահայտված խախտումը կամ ներողություն կխնդրեր բացթողման համար։
Այսքանից հետո ի՞նչ կմտածեն հայերի մասին Լատվիայում ու ԵՄ-ում։
Ենթադրաբար՝ կկարծեն, թե հայ գործարարը, որն առաքինության տիպար պետք է լիներ, իր ժողովրդի մեջ ստորացված է, ՀՀ-ում ժողովուրդը հայ գործարարին չի հարգում, և վերջինս էլ չարացել է բոլորի հանդեպ, գիտակցաբար այսպիսի խախտում արել, ստանդարտից դուրս ապրանք ներկրել ԵՄ տարածքում՝ թքած ունենալով, թե ինչ կմտածեն եվրոպացիք իր, հայ գործարարի, հայ ժողովրդի ու Հայաստանի մասին։
Այս խայտառակ պատմության մեջ ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Չնայած թեյը ներկրվել է Հայաստանից, կարևոր է հաշվի առնել, որ ավանդական կանաչ թեյի բույսը Հայաստանի կլիմայական պայմաններում ներկայումս գրեթե չի մշակվում՝ ի տարբերություն հայկական հայտնի լեռնային խոտաբույսերի։ Ուստի մեծ է հավանականությունը, որ հումքը սկզբնապես ներկրված է եղել այլ երկրից (օրինակ՝ Չինաստանից), իսկ Հայաստանում փաթեթավորվել է, կշռվել կամ վերամշակվել, ինչի պատճառով էլ փաստաթղթերով այն գրանցվել է որպես հայկական արտադրանք։
Եթե այս ենթադրությունը հիմնավոր է, ապա հայ գործարարը պարզապես չարաշահում է ԵՄ շնորհած արտոնությունները, ինչի արդյունքում հնարավոր է վերանայվեն դրանք։ Սա հիրավի ապապետական մոտեցում է, որից տուժելու է ժողովուրդը, հետևապես՝ այն նաև հակաժողովրդական է։
Պարզ ասած՝ Լատվիայի սահմանած արգելքը պետք է ընդունենք որպես նախազգուշացում է, որ ՀՀ-ն պատասխանատվությամբ վերաբերվի ԵՄ տարածք արտահանվող արտադրանքին, հետևի դրա որակին, պահանջվող չափանիշներին։ Դրա համար ՔՊ-ական պաշտոնյաները պետք է իրենց քայլերում ու որոշումներում ազնիվ ու պատասխանատու լինեն, օրինակ ծառայեն հայ գործարարին, որ վերջինս չփորձի արդարանալ, թե ՔՊ-ականները կեղծում են, անպատասխանատու են, ինքն էլ նրանցից օրինակ է վերցնում ու այսպիսի խախտում անում։ Դրանից զատ՝ ՀՀ-ում պետք է լուրջ հարգանք սերմանել գործարարի, աշխատողի հանդեպ, որ վերջինս չչարանա ու դրսում չխայտառակի պետությունն ու ժողովրդին։
Հ․Գ․#CivilNetCheck-ին հայտնեցին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից, հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագման է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։
Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։
Թաթուլ Մկրտչյան