latest_news
Ներքին 9 часов назад - 16:14 09-10-2026

Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արդեն հոկտեմբեր ամիսն է, սակայն հանրապետության տարբեր դպրոցների մանկավարժներից «Օրագիր Նյուզ»-ը շարունակում է ստանալ ահազանգեր՝ կապված էլեկտրոնային մատյանների (EMIS) նոր համակարգի հետ։ Ուսուցիչները դժգոհում են, որ ոչ միայն չեն կարողանում մուտք գործել ծրագիր, այլև նախորդ օրվա ամբողջ աշխատանքն անհետանում է, և հնարավոր չի լինում վերականգնել դրանք։ Մանկավարժները փաստում են, որ առանց այն էլ իրենց դժվարին աշխատանքն ավելի է բարդացնում այս ծրագիրը. համակարգը ծանրաբեռնվել է լրացուցիչ պահանջներով ու ծավալուն բովանդակությամբ՝ անիմաստ տառապանք պատճառելով իրենց։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Էլեկտրոնային կրթական հարթակների հերթական թարմացումն ու նոր էլեկտրոնային մատյանների (EMIS) ներդրումը ոչ թե թեթևացրել, այլ ծայրահեղ բարդացրել են ուսուցիչների առօրյա աշխատանքը։

Արձագանքելով սեպտեմբերից մինչ օրս շարունակվող մուտքի խափանումներին՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ բուն պատճառը ուսուցիչների կողմից գրանցված էլեկտրոնային հասցեների (mail) անհամապատասխանությունն է։

«Մուտք գործելու հետ կապված խնդիրը նրանից է, որ այն էլեկտրոնային հասցեները, որոնք իրենք օգտագործում են, իրականում այդքան էլ ակտիվ չեն կիրառում։ Այնտեղ նախատեսված է երկու տարբերակ մուտք գործելու․ մեկը ID քարտով՝ «Ես եմ» համակարգի միջոցով, մյուսը, եթե ուսուցիչը չունի քարտ, էլեկտրոնային փոստով հաշիվ է ստեղծում, հետո նույնականացնում է։ Այդ գործընթացում կար որոշակի խնդիր, երբ ուսուցիչները այլ հասցե էին գրանցել, բայց հետո փորձում էին մուտք գործել ուրիշ հասցեով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Պաշտոնյան պարզաբանեց, որ Կառավարության նոր որոշումներով գոյություն ունի էլեկտրոնային ծառայություններից օգտվելու խիստ պահանջ, և օգտատերը պետք է անցնի պարտադիր նույնականացում, ինչի համար ստեղծվել է երկֆակտոր վավերացման (կոդի ստացման) համակարգը։

Արտակ Պողոսյանը հայտնեց, որ ներկայումս գործող էլեկտրոնային փոստով մուտքի տարբերակը ժամանակավոր է, և հունվարից կանոնները խստանալու են. «Հունվարից մեզ պարտադրում են Կառավարությունից, էլեկտրոնային փոստով գրանցվելու և մուտք գործելու տարբերակ որպես այլընտրանք այլևս չենք ունենալու։ Օրենքի պահանջն է։ Ուսուցիչները պետք է բոլորը ունենան ID քարտ և ID քարտի միջոցով՝ «Ես եմ» հարթակով կարողանան մուտք գործել համակարգ»։

Անդրադառնալով ուսուցիչների ամենացավոտ բողոքին, թե լրացված տվյալներն անհետանում են և չեն վերականգնվում, ԿՏԱԿ-ի տնօրենը կտրականապես հերքեց տեխնիկական կորստի վարկածը՝ նշելով, որ խնդիրն ընդամենը ընկալման մեջ է. «Չունենք այդպիսի խնդիր, ընդհանրապես համակարգում նման խնդիր գոյություն չունի։ Որևէ մուտքագրված թվանշան կամ բացակայություն չի կորում։ Կարող եմ ասել նույնիսկ՝ դա ինչ խնդիր է. երբ ուսուցիչը տեսնում է աշակերտների անվան կողքի գնահատականը, դա աշակերտի միջին գնահատականն է, այլ ոչ թե տվյալ օրվա դրված գնահատականը։ Ուսուցիչն ասում է՝ «Ես այսօր յոթ եմ դրել, բայց այստեղ վեց է երևում, նշանակում է՝ իմ յոթը վեց է դարձրել»։ Ո՛չ, վեց չի դարձրել. մինչ այդ նա այդ աշակերտին դրել է նաև երկու հատ վեց, և այդ պատճառով աշակերտի մոտ երևում է միջինացված ցուցանիշը»։

Հարցին, թե արդյոք նոր պահանջներն ու ծավալուն բովանդակությունը չեն բարդացնում մատյանների վարումը, Արտակ Պողոսյանը պատասխանեց. «Մատյանում ֆունկցիոնալ առումով որևէ հավելյալ աշխատանք չի ավելացել։ Ուսուցիչները մտնում են մատյան, գնահատում են իրենց աշակերտին, ներկա-բացակա են անում, տալիս են օրվա դասի հանձնարարականները, նշում են դասի թեման՝ ինչ են դասավանդել, ու վերջ»։

Պաշտոնյան նաև վստահեցրեց, որ մինչև ուսուցիչներին հանձնելը համակարգը ենթարկվել է լիարժեք տեխնիկական փորձարկումների, և իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են տնօրենների ու ուսուցիչների հետ՝ առաջացած ընթացիկ խնդիրներին արագ լուծում տալու համար։


Հասմիկ Մովսիսյան

Most Viewed

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում