Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:51 22-09-2026

Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, հայաստանյան դպրոցների մանկավարժները հերթական անգամ կանգնել են լուրջ տեխնիկական և հոգեբանական խնդրի առաջ։

Էլեկտրոնային կրթական հարթակների հերթական թարմացումն ու նոր էլեկտրոնային մատյանների (EMIS) ներդրումը ոչ թե թեթևացրել, այլ ծայրահեղ բարդացրել են ուսուցիչների առօրյա աշխատանքը։

Սոցիալական ցանցերում ուսուցիչների արդարացի բողոքների ու դժգոհությունների ալիքը վկայում է այն մասին, որ համակարգը ներդրվել է առանց հստակ փորձարկումների և պատշաճ տեխնիկական հիմքերի։

Օգտատերերի մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ խնդիրը կրում է համատարած բնույթ և ունի մի քանի հստակ արտահայտված համակարգային թերություններ։ Մանկավարժները փաստում են, որ համակարգն աշխատում է անկանխատեսելի ռեժիմով։

«Երեկ կար, այսօր ոչ մի ձևով չեմ կարողանում մուտք գործել։ Օրը մի բան փոխում են»,- նշում է ուսուցիչներից մեկը՝ ընդգծելով, որ նրանք ստիպված են լինում ժամերով լրացնել տվյալները, որոնք հաջորդ օրը պարզապես չեն պահպանվում կամ ցույց չեն տրվում։

Ուսուցիչներն իրենց մեկնաբանություններում նշումեն, որ հոգնել են ամեն տարի նոր, կիսատ ծրագրեր սովորելուց ու դրանց թերությունների պատճառով տուժելուց:

«Արդեն ուսուցչի համար ծաղր է, փորձարարություն։ Աշակերտին սովորեցնելու փոխարեն՝ ուսուցչին են սովորեցնում ու տանջում։ Հիշե՛ք, թե երբվանից ենք մենք տանջվում՝ սկսած dasaran.am-ից»,- գրում է մեկ ուրիշ ուսուցչուհի։

Թեմայի շուրջ Oragir.News-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնել նաև կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Նրա ձևակերպմամբ՝ սա լուրջ տեխնիկական խնդիր է, որի գլխավոր պատճառն այն է, որ պատասխանատուները համակարգը փոխել և անմիջապես տվել են ուսուցիչներին՝ առանց նախնական լիարժեք փորձարկումների։ Փորձագետն ընդգծում է, որ խնդիրը մինչև հիմա լուծված չէ և իրավիճակն էլ ավելի է բարդանում նրանով, որ հարթակում միայն մատյանները չեն։

Նոր համակարգի պահանջով՝ դասապլաններն ու ողջ ուսումնական բովանդակությունը նույնպես պետք է «լցվեն» այս ծրագրի մեջ, սակայն այդ համակարգն ինքնին շատ վատ է աշխատում՝ առաջացնելով հսկայական դժվարություններ։ Ուսուցիչները փաստացի հայտնվել են մի իրավիճակում, երբ բովանդակային աշխատանքի փոխարեն ստիպված են կռիվ տալ անսարք տեխնիկայի դեմ։

Մանկավարժների համբերության բաժակը լցվել է, և սոցցանցերում արդեն հնչում են կոնկրետ կոչեր՝ միասնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Oragir.News-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից խոստացան ճշտել խնդրի մանրամասները և լրացուցիչ կապ հաստատել՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ