latest_news
Ներքին Խոսք 6 часов назад - 18:47 09-10-2026

Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Իշխանությունների կողմից իրականացվող դատական հայցերի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքների շուրջ Oragir.News-ը զրուցել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ:

Արձագանքելով այն հարցին, թե արդյոք բանկային հաշիվների սառեցումը կարող է լռեցնել իր քաղաքական քննադատությունը, Էդգար Ղազարյանը շեշտել է, որ սա առաջին փորձը չէ: Ըստ նրա՝ իշխանությունները պարբերաբար կիրառում են ֆինանսական ճնշման մեթոդները՝ փորձելով միլիոնավոր դրամներ կորզել:

«Քաղաքական քննադատությունը լռեցնել հնարավոր չի, սա առաջին փորձը չի: Իմ դեմ արդեն շահած դատեր ունի Ալեն Սիմոնյանը՝ այդ իմաստով երկու անգամ ֆինանսական տուժի ենթարկելով: Այս պահին Նիկոլ Փաշինյանի հայցից առաջ 9 միլիոն դրամ, 6 միլիոն դրամ հայցերով իմ դեմ ներկայացրել են Ռոմանոս Պետրոսյանը, նորից Ալեն Սիմոնյանը: Սա նորից 6 միլիոն դրամ Նիկոլ Փաշինյանը․ այսինքն՝ միլիոնավոր դրամներ են այս իշխանությունները փորձում կորզել»,- նշել է բանախոսը:

Ղազարյանի պնդմամբ՝ իշխանությունները քաջատեղյակ են իր ընտանիքի սոցիալական վիճակից և հայցերը ներկայացրել են այնպիսի ժամանակահատվածում, երբ ինքը աշխատանք չի ունեցել. «Իմանալով, որ ես բազմազավակ ընտանիքի հայր եմ, ընտանիքում ոչ մեկ չի աշխատում, նման հայցի պահանջներ են ներկայացնում: Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ է միացել իրենց»:

Պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իր դեմ իրականացվող քաղաքացիական և քրեական գործընթացները համընկել են ժամանակային առումով, ինչը վկայում է նպատակաուղղված ճնշումների մասին:

«Սա միակ գործիքը չի, որ իմ դեմ կիրառում է Նիկոլ Փաշինյանը․ քաղաքացիական դատական հայցը ներկայացրել է նույն օրը, երբ որ քրեական դատարանը ինձ դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այսինքն՝ և՛ էն ճանապարհով են գնում, և՛ էս ճանապարհով են գնում, բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են իմ վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենն ակնհայտորեն իրեն ֆինանսապես ընկճելու և ուժասպառ անելու նպատակ ունի, սակայն չի ազդել իր տրամադրության ու գործունեության վրա:

Էդգար Ղազարյանի խոսքով՝ ներկայիս անկանխիկ շրջանառության մասին օրենսդրության պայմաններում բանկային հաշիվների կալանքն ուղղակիորեն կաթվածահար է անում ընտանիքի ամենօրյա կյանքը, քանի որ իր աշխատավարձը ստանում է բանկով և ծախսերի մեծ մասը կատարում անկանխիկ եղանակով:

«Հետևաբար իմ հաշիվների վրա կալանք դնելը նշանակում է արգելափակել մեր ընտանիքի նորմալ, ֆիզիոլոգիական, բնականոն գործունեությունը»,- ասաց Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ խնդրի իրավական լուծման նպատակով իր պաշտպանական կողմն արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում։

«Մենք հիմա դատարան միջնորդություն կներկայացնենք, որպեսզի վերացնի այդ սահմանափակումը, այդ արգելքը մինչև դատաքննության վերջնական ավարտը․ երբ վճիռ կայացնի, էդ վճիռն էլ կկատարվի, բայց էդ ընթացքում դա չի կարող խոչընդոտ լինել ընտանիքի բնականոն գործունեության համար»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:

Հասմիկ Մովսիսյան

Most Viewed

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում