«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը գրել է.
«Աշխարհում 2-րդ լավագույնն ենք կրթության ամենակարևոր ցուցանիշով
Արդեն հայտնի է, որ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով աշխարհում վերջին տեղերում ենք («PISA 2025»)։ Մեզնից վատ գրեթե ոչ ոք հաշվարկային խնդիրներ չի լուծում՝ վերջից 3-րդն ենք։
Բայց անտեսված է մնացել ամենակարևոր ցուցանիշը, որով մենք 2-րդ լավագույնն ենք ամբողջ աշխարհում։
Պարզվում է, որ, թեև ամեն ինչ այդքան վատ է, մեր աշակերտները համարում են, որ ամեն ինչ շատ լավ է (76.2%). դպրոցում սովորածի արժեքը մեզնից բարձր միայն Հարավային Կորեան է գնահատել՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է դպրոցն իրենց պատրաստել հասուն կյանքին։ Հասկանո՞ւմ եք:
Ինչու եմ սա անվանում ամենակարևոր ցուցանիշ։ Որովհետև գիտակցման այս ռեկորդային շեղումից է սկսվում խնդիրը. հիմա էլ՝ պաթետիկ աղմուկից զատ չկա փոփոխությունների խորքային, անկեղծ, իրական պահանջ։ Բոլորը գոհ են և երջանիկ։ Այդ նույն տխուր պատկերը ստեղծած ուսուցիչներից շատերը ձևական տեքստերով հեշտությամբ ներշնչում են անչափահաս երեխաներին, որ ամեն ինչ շատ լավ է։ Աշակերտներն ու մոլորված ծնողներն էլ հիմնականում չունեն համեմատության արժանահավատ եզրեր՝ իրավիճակի ամբողջ լրջությունն օբյեկտիվ գնահատելու համար։ Նույն պատկերը՝ էլ ավելի սրված դրսևորմամբ, բուհերում է։
Իսկ քանի որ այդպես է, վերանում է նաև իրական ռեֆորմի քաղաքական նպատակահարմարությունը՝ հօգուտ ձևական-ցուցադրականի։ Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են։ Եվ այդպես էլ բոլորով միասին ապրում ենք կարճաժամկետ ինքնագոհությամբ, մինչև հերթական աղետը։
Ցիկլերով աղետների փակ շրջապտույտից դուրս գալու համար պետք է սթափվեն բոլորը՝ վերևից ներքև՝ անկախ որևէ կարճաժամկետ կործանարար նպատակահարմարությունից։