Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ
անդրադարձել էր Ալավերդի համայնքի Շամլուխ բնակավայրի բնակիչ Գայանե Ամիրջանյանի պատմությանը։ Տարիներ շարունակ նրա և հարևանների միջև կոնֆլիկտը չի դադարում կատուներ պահելու պատճառով, ինչի հետևանքով կնոջը նույնիսկ սպառնացել էին կենդանիներին մկնդեղով թունավորել։
Oragir.News-ը կրկին կապ հաստատեցինք Գայանեի հետ՝ պարզելու, թե ինչ զարգացումներ կան վերջին զրույցից հետո։ Իրավիճակը, սակայն, դեռևս մնում է լարված։
«Վատից բացի ոչ մի լավ բան չկա։ Հարևանները ամեն առիթով շարունակում են ինձ վիրավորել, անհանգստացնել...»,- պատմում է Գայանեն՝ հավելելով, որ իրեն նեղացնելու համար պատճառներ գտնելը հարևանների համար բարդ չէ։ «Օրինակ՝ ինչու է իմ տան դուռը կես սանտիմետր բացված, ինչ իրավունքով եմ տունս օդափոխում... ինչ է, ես իրավունք չունե՞մ իմ դուռը բացել։ Ամբողջ աշխարհը կենդանի է պահում, ես ի՞նչ հանցանք եմ գործել, որ էսքան հալածում եք ինձ»։
Հարկ է նշել, որ Oragir.News-ի անդրադարձից հետո իրավիճակին արձագանքել են թե՛ իրավապահները, թե՛ տեղական իշխանությունները։ Գայանեի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Համայնքապետարանի աշխատակիցները, ծանոթանալով իրավիճակին, արդարացրել են կնոջը և վստահեցրել, որ նա կենդանիներ պահելով որևէ անօրինական քայլ չի անում, միայն հորդորել են տարածքը մաքուր պահել։
Սակայն պաշտոնյաների ու իրավապահների այցը հարևաններին ավելի է բորբոքել։ Ոստիկանների հեռանալուց հետո լարվածությունն էլ ավելի է մեծացել, իսկ հարևանները բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել։
«Հարևանները հավաքվել ու չարացած տոնով, բարձրաձայն քննարկում էին։ Ասում էին՝ դե եթե իրեն են պաշտպանում, կատուներին վնասելու ենք, տես գլխին էլ ինչեր ենք բերելու։ Ես լսեցի այդ ամբողջը, բայց չուզեցի տոն տալ ու խորացնել»,- նշում է Գայանեն։
Չնայած պատկան մարմինների արձանագրմանը, որ կինն օրենք չի խախտում, Շամլուխում բնակվող կնոջ ու նրա խնամքի տակ գտնվող կենդանիների անվտանգությունը շարունակում է վտանգված մնալ հարևանների ագրեսիվ վարքագծի պատճառով։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև «ԴՈԳՄԱ» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Տեր-Անտոնյանի հետ և ներկայացրեց խնդիրը։
Կենդանապաշտպանն անմիջապես ընթացք է տվել հարցին. նա ներկայացել է ՆԳՆ ոստիկանության Ալավերդու բաժին և հաղորդում տվել դեպքի առթիվ՝ պահանջելով իրավական գնահատական տալ կնոջ հանդեպ հալածանքներին և կենդանիներին վնասելու բացահայտ սպառնալիքներին։
Oragir.News-ն ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը և հետևողական է լինելու, որպեսզի ապահովվի ինչպես բնակչի, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։