Դերասանուհի Թամարա Գևորգյանը «Հենց այնպես» հաղորդման շրջանակում պատմել է իր հետ տեղի ունեցած վթարի, հիվանդանոցում անցկացրած օրերի և այդ ընթացքում տեղի ունեցած ուշագրավ ու հումորային միջադեպերի մասին։
Դերասանուհու խոսքով՝ վթարի հետևանքով վնասվել է ոտքը, ինչից հետո շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են Ապարանի հիվանդանոց։
Գևորգյանը հիշել է, որ մինչ ինքը վնասված վիճակում պառկած է եղել, մի կին մոտեցել է իրեն և հետաքրքրվել՝ արդյոք ինքն այն սիթքոմում է նկարահանվում։
Դերասանուհին հումորով է անդրադարձել նաև բժշկի հետ ունեցած շփմանը։ Նրա խոսքով՝ բժիշկը բավականին դանդաղ էր պատրաստվում բուժօգնություն ցուցաբերելուն և շարունակ բուժքրոջը հարցնում էր. «Լիլիթ, ես ե՞րբ եմ ձեռնոցով գործ արել»։
Թամարա Գևորգյանը պատմել է նաև ճանապարհին տեղի ունեցած մի դրվագի մասին։ Իրենց մեքենայի կողքին կանգնած տղամարդը ներկայացել է որպես վնասվածքաբան և իր ունեցած միջոցներով կապել դերասանուհու ոտքը՝ փորձելով պահպանել հյուսվածքները, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերականգնել այն։
Առանձնահատուկ իրավիճակ է ստեղծվել նաև դերասանուհուն Երևան տեղափոխելուց առաջ։ Երբ անհրաժեշտ է եղել վճարել բուժօգնության համար, հիվանդանոցում հայտնել են, որ պետք է կես ժամ սպասել, քանի որ հաշվապահը տեղում չէ։
«Պետք է սպասեք, որ կտրոն տանք»,- ասել են նրան։ Սակայն դերասանուհին հորդորել է չուշացնել և թույլ տալ, որ իրեն վիրահատեն։
Դերասանուհու պատմած դրվագները ներկայացնում են վթարից հետո նրա անցած դժվար ճանապարհն ու հիվանդանոցում տեղի ունեցած ուշագրավ իրավիճակները, որոնք նա հիշել է նաև հումորով։