Ավելին 2 օր առաջ - 13:46 19-11-2026

Ամերիկայի հայկական թանգարանը նորոգում է իր պատմական շենքը

ԱՄՆ-ի հայկական սփյուռքի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ Ամերիկայի հայկական թանգարանը (Armenian Museum of America), սկսել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող իր պատմական շենքի արտաքին տեսքի լայնածավալ վերանորոգման աշխատանքները։

Նախագծի նպատակն է արդիականացնել շենքի արտաքին տեսքը, այն ավելի գրավիչ և այցելուների համար հասանելի դարձնել՝ միաժամանակ պահպանելով բրուտալիզմի ճարտարապետական ոճին բնորոշ առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում է Dialogorg.ru-ն։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս աշնանը։ Առաջին փուլի պայմանագրերը կնքվել են հոկտեմբերին։ Նախատեսվում է, որ շենքի ճակատի և ցուցանակների նորացման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի վերջը։ Վերանորոգման ընթացքում թանգարանը շարունակելու է գործել՝ պահպանելով ցուցասրահների հասանելիությունը այցելուների համար։

Նախագիծն իրականացվում է Քեմբրիջում գործող ճարտարապետական և դիզայներական հեղինակավոր SMMA (Symmes Maini & McKee Associates) ընկերության համագործակցությամբ։ Նախաձեռնության անվճար խորհրդատուն SMMA-ի նախկին ղեկավար, թանգարանի ցմահ անդամ Արա Կրաֆյանն է։

Թանգարանի նախագահ Միշել Մ. Քոլիգյանի խոսքով՝ նախագծի հիմնական մարտահրավերը շենքի պատմական դիմագծի և բրուտալիզմի ճարտարապետական ոճի պահպանումն է՝ միաժամանակ այն առավել գրավիչ դարձնելով Մեյն սթրիթով անցնող այցելուների և զբոսաշրջիկների համար։ Նրա խոսքով՝ շենքի ճարտարապետական առանձնահատկություններն ինքնին թանգարանի մշակութային ժառանգության կարևոր մասն են։ Հատկանշական է, որ Մեյն սթրիթը Մասաչուսեթս նահանգի պաշտոնապես ճանաչված մշակութային շրջաններից է։

Ամերիկայի հայկական թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին՝ Մեծ Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Սկզբնապես այն գործել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (ALMA) անվամբ։

Հիմնադիրների գլխավոր նպատակն էր պահպանել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի՝ ԱՄՆ տեղափոխած ընտանեկան մասունքները, ձեռագրերը, գրքերը և կենցաղային իրերը՝ դրանք փոխանցելով գալիք սերունդներին։

Հիմնադրումից 17 տարի անց՝ 1988 թվականին, թանգարանը մշտական հաստատություն է ձեռք բերել Ուոթերթաունի հրապարակում։ Սթիվեն Փափքենի և Մարի Գրեյվս Մուգարի անունը կրող շենքը կառուցվել է 1971 թվականին՝ ճարտարապետական հայտնի Ben Thompson Associates ընկերության նախագծով։

Ձուլված բետոնից կառուցված շինությունն այսօր համարվում է բրուտալիզմի ճարտարապետական ոճի ուշագրավ նմուշներից մեկը։ Նորոգման ծրագրի նպատակն է պահպանել այս ճարտարապետական ժառանգությունը՝ այն միաժամանակ հարմարեցնելով ժամանակակից այցելուների պահանջներին։

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր