«Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելի մահվանը հանգեցրած ողբերգական միջադեպին։ Ֆուտբոլային աշխարհը ցնցած դեպքից երկու օր անց դարպասապահը խոստովանել է, որ ապրում է իր կյանքի ամենածանր փուլը։
Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ Օվոնոն ցավակցություն է հայտնել մահացած ֆուտբոլիստի ընտանիքին ու հարազատներին՝ ընդգծելով, որ դեռևս դժվարանում է գիտակցել կատարվածը։
«Սրանք իմ կյանքի ամենադժվար օրերն են։ Դժվարանում եմ բառեր գտնել, և ինձ համար չափազանց բարդ է գիտակցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Խեսուսի կորստի պատճառով անասելի ցավ եմ զգում։ Մտքերս նրա, նրա ընտանիքի և բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր սիրում էին նրան։
Գիտեմ, որ դեռ բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է պատասխաններ տրվեն։ Պատրաստ եմ հարգանքով ընդունել այն ամենը, ինչ սպասվում է։ Բայց այս պահին, անկեղծ ասած, չեմ կարող մտածել որևէ այլ բանի մասին, բացի Խեսուսից և այն ցավից, որն ապրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ, Խեսուս»,- նշված է դարպասապահի ուղերձում։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի Սեգունդայի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման ավելացված ժամանակում։ Խաղի վերջնամասում Օվոնոն դուրս է եկել դարպասից՝ գնդակը որսալու, սակայն սաստիկ բախվել է մրցակցի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելին։ Հարվածից հետո վերջինս անգիտակից վայր է ընկել։
Խաղադաշտում ավելի քան վեց րոպե տևած առաջին բուժօգնությունից հետո ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց։ Թեև սկզբում նրա վիճակը գնահատվում էր ծանր, բայց կայուն, ավելի ուշ Դե Միգելի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նոյեմբերի 3-ին «Տեներիֆեն» պաշտոնապես հայտնեց իր խաղացողի մահվան մասին։ Բուն հանդիպումը դադարեցվել էր, իսկ Օվոնոն այդ դրվագում հեռացվել էր խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով։
Դեպքից անմիջապես հետո «Անդորրայի» դարպասապահը հայտնվել է համացանցային հարձակումների թիրախում։ Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում վիրավորել են նրան՝ անվանելով «մարդասպան», ինչի հետևանքով ֆուտբոլիստը ստիպված է եղել ապաակտիվացնել Instagram-ի իր էջը։
Ավելին, X սոցիալական ցանցում կեղծ ներողական նամակ էր տարածվել Օվոնոյի անունից, որը թե՛ «Անդորրան», թե՛ իսպանական RTVE հեռուստաընկերությունը պաշտոնապես հերքել են։ Ագրեսիայի ալիքից տուժել է անգամ իսպանական «Կան Վիդալետ» ակումբի ֆուտբոլիստ Միշել Օվոնոն. օգտատերերը, ազգանունների նմանության պատճառով շփոթելով նրան «Անդորրայի» դարպասապահի հետ, ռասիստական վիրավորանքներ ու սպառնալիքներ են ուղարկել վերջինիս։
Հոգեբանական ծանր վիճակում գտնվող խաղացողին հրապարակայնորեն պաշտպանել է թիմակիցը՝ պաշտպան Լաուտարո Սպացը.
«Նա իմ թիմակիցն է, դարպասապահը և ընկերը։ Նրան ճանաչողները գիտեն, թե ինչպիսի մարդ է նա և որքան ծանր է տանում կատարվածը։ Նա երբեք դիտավորյալ չէր վնասի որևէ մեկին։ Ֆուտբոլում դժբախտ պատահարներ լինում են, բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դա նման ողբերգական ավարտ կունենա»։
«Անդորրան» արդեն հոգեբանական աջակցություն է տրամադրում իր ֆուտբոլիստներին։ Դարպասապահին զորակցություն է հայտնել նաև Հասարակածային Գվինեայի ֆուտբոլի ֆեդերացիան, որի ազգային հավաքականում Օվոնոն անցկացրել է 47 խաղ։
Սանտա Կրուս դե Տեներիֆեի դատարանը և ոստիկանության սպանությունների բաժինը հետաքննություն են սկսել Դե Միգելի մահվան հանգամանքները պարզելու համար։ Դիահերձման նախնական եզրակացությունն արդեն դատարանում է, սակայն ընտանիքի գաղտնիության իրավունքից ելնելով՝ մանրամասները չեն հրապարակվում։
Իրավապահներն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում են տեսագրությունները և հատկապես խաղադաշտում ցուցաբերված բուժօգնության որակը։ Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք պահպանվել են արձագանքման ժամանակային չափանիշները, ինչու շտապօգնության մեքենան անմիջապես խաղադաշտ չի մտել, և որքան ժամանակ է պահանջվել ֆուտբոլիստին հիվանդանոց հասցնելու համար։
Իսպանիայի դատախազության գնահատմամբ՝ սպորտային պայքարում գրանցված միջադեպերի դեպքում քրեական պատասխանատվության հարցը բավականին բարդ է. անհրաժեշտ է ապացուցել դիտավորության առկայությունը կամ մարզական ռիսկի թույլատրելի սահմանների ակնհայտ գերազանցումը։
Հավելենք, որ ողբերգության պատճառով Իսպանիայի ֆուտբոլային իշխանությունները հետաձգել են Սեգունդայի 13-րդ տուրի՝ նոյեմբերի 7-ին և 8-ին նախատեսված «Գրանադա» – «Տեներիֆե» և «Անդորրա» – «Մալյորկա» հանդիպումները։