Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ Հանդիսատեսին կրկին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։
«ՌեԱ» միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
Փառատոնին ընդառաջ՝ Կինոյի տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի (Հայաստանի մասնաճյուղի) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը և AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը:
Շնորհավորելով ներկաներին փառատոնի բացման առիթով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է՝ որպես անիմացիոն ֆիլմերի 18-ամյա ավանդույթներով փառատոն ունեցող երկիր՝ Հայաստանն արդեն կարմիր կետով նշմարված է կինոաշխարհի համաշխարհային քարտեզում: Փառատոնով հետաքրքրված է աշխարհի 70-ից ավելի երկիր ու շուրջ 500 կինոարտադրող:
«Մեր օրերում ամեն ժամ ու ամեն րոպե զարգացող անիմացիոն ֆիլմերի ոլորտում «ՌեԱ» փառատոնը կարողացել է իր ուրույն ձեռագիրն ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Փառատոնի շնորհիվ այս տարի Հայաստանի կինոսիրողը կծանոթանա շուրջ 100 ֆիլմերի: Սա նաև լավագույն առիթն է՝ ցուցադրելու անիմացիոն ֆիլմերի մեր ստեղծագործական ներուժը: «ՌեԱ» փառատոնն իր բազմաշերտությամբ և բազմաֆունկցիոնալությամբ կինոյի մարդկանց իր շուրջը համախմբելու լավագույն հարթակն է դառնում: Վստահ եմ, որ հաջորդ տարի հնարավորություն կունենանք է՛լ ավելի մեծացնելու աշխարհագրությունը, է՛լ ավելի հետաքրքիր դարձնելու մեր երկիրը և է՛լ ավելի մասշտաբային ծրագրեր իրականացնելու»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կողմերին և ընդգծելով, որ «ՌեԱ»-ն գործընկերների համագործակցությամբ կկարողանա դառնալ ժամանակների պահանջներին համահունչ քայլող փառատոն:
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին նշել է, որ փառատոնի այս տարվա պաշտոնական պաստառի հեղինակը լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի հայտնի անիմացիոն ռեժիսոր և իլյուստրատոր Զավեն Նաջարն է։ Պաստեռի հիմքում ընկած է հայկական դիցաբանության ամենակախարդական կերպարներից մեկը՝ թևավոր շուն Արալեզը։ Հայոց առասպելներում այս ոգիները հայտնի են իրենց կենարար ուժով. նրանք իջնում էին ռազմի դաշտ և լիզելով վերակենդանացնում ընկած հերոսներին։
Մանրամասնելով նախատեսվող իրադարձությունները՝ Վրեժ Քասունին հավելել է. «Փառատոնի բացման օրից կանցկացվի ReAComics պատկերապատման ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ինչպես ոլորտում արդեն փորձառուների, այնպես էլ սկսնակ հեղինակների պատկերապատման աշխատանքները: Այս տարի, ի թիվս այլ գործերի, ցուցադրությունը բաղկացած է լինելու «ՌեԱ» ազգային պատկերապատման 4-րդ մրցույթի մասնակիցների գործերից»:
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Կինոյի տանը, իսկ բացման ֆիլմն է ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրաման։
Փառատոնին աջակցում են նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը, Իսպանական մշակութային գործունեությունը (AC/E)։