Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:41 02-11-2026

ՊԵԿ-ը նախատեսում է հարկային վարչարարության մեջ ընդլայնել արհեստական բանականության և թվային գործիքների կիրառումը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով այսօրվա դրությամբ արձանագրվել է 2 տրիլիոն 566 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը 326 մլրդ դրամով կամ 14,5 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի մակարդակից 0,8 տոկոսային կետով բարձր է։

ՊԵԿ ղեկավարը ոլորտային հիմնական գործոններ է առանձնացրել, դրանց թվում են տնտեսական (շինարարություն, հանքարդյունաբերություն, ֆինանսական ծառայություններ), օրենսդրական գործոնները (ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում, խաղային ոլորտի տուրք, վարչարարության արդյունավետության բարձրացում, հարկ վճարողների կարգապահության բարձրացում) և այլն։ ՊԵԿ գործիքակազմերի շրջանակում անդրադարձ է կատարվել վերլուծությունների դերի բարձրացմանը, արհեստական բանականության, թվային հետախուզության գործիքների, ապրանքների հետագծելիության ժամանակակից գործիքների կիրառությանը։

Խոսելով հարկ վճարողների վարքագծային փոփոխություններից՝ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ վերջին տարիներին հարկ վճարողների հանդեպ վերաբերմունքն էական դրական փոփոխություն է կրում։

Նշվել է, որ այս տարվա 9 ամիսների կտրվածքով 91,4 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություններ է առաջադրվել հարկ վճարողներին․ արձանագրվել է 54,5 տոկոս աճ։ Էդուարդ Հակոբյանի խոսքով իրենք փորձում են բալանսավորել վարչարարության գործիքները։ Կառույցի ղեկավարը հիշատակել է նաև ոլորտային թիրախային միջոցառումների, կոռուպցիայի դեմ պայքարի, շարունակական կրթական միջոցառումներով աշխատակիցների արհեստավարժության ու բարեվարքության նշաձողերի բարձրացման մասին։

Ներկայացվել են հարկային վարչարարության գործառույթի իրականացմանն ուղղված քայլերը։ Հարկային և մաքսային ծառայությունների մասով 2027 թվականին 37,8 մլրդ դրամի բյուջե է նախատեսված, որը 2026 թվականի միջոցներից ավելի է 1 մլրդ դրամով։

Հիպոտեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի գծով էլ 2027 թվականին նախատեսվում է 122,6 մլրդ դրամ, որը մոտ 20,5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից։ Ընթացիկ ծախսերում որոշակի աճ կա, իսկ կապիտալ ծախսերում որոշակի նվազում։

Ոլորտային պատասխանատուն խոսել է թվայնացման բյուջեի, կոմիտեի ապարատի ծախսերի ավելացման, վարկային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող ծրագրերի, մի շարք նորամուծությունների, բարեփոխումների ու արդյունքային ցուցանիշների մասին։

Ձեզ գուցե հետաքրքրի