Հռոմի պապ Լևոն XIV-ը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին գործող պոնտիֆիկոսը, որը կարող է քվեարկել աշխարհիկ ընտրություններում։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Չիկագոյում ծնված 71-ամյա պապը հոկտեմբերի 3-ին դիմել է փոստային քվեաթերթիկ ստանալու համար։ Ուիլ շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Քիմ Ֆլադհամերի խոսքով՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը ներառված է առաջիկա ընտրությունների համար փոստային քվեարկություն խնդրած անձանց ցուցակում։ Սակայն պարբերականի հրապարակման պահին նա դեռ չէր քվեարկել։
Լևոն XIV-ը բնակության գրանցում ունի Չիկագոյի հարավարևմտյան արվարձաններից մեկում՝ Նյու Լենոքսում գտնվող եղբոր հասցեով։ ԱՄՆ քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրում, կարող են ընտրություններին մասնակցել փոստային քվեարկությամբ։
Լևոն XIV-ը, որը 2025 թվականի մայիսին ընտրվեց որպես ԱՄՆ-ից ընտրված առաջին Հռոմի պապը, նախկինում մասնակցել է ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների նախնական ընտրություններին, ինչպես նաև քվեարկել է 2024 թվականի նախագահական ընտրություններում։
The Telegraph-ը նշում է, որ միջանկյալ ընտրությունները դիտարկվում են որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի յուրատեսակ գնահատական։
Լևոն XIV-ը և Թրամփը վերջին ամիսներին մի քանի անգամ հրապարակային տարաձայնություններ են ունեցել, մասնավորապես՝ Իրանի պատերազմի և ներգաղթի քաղաքականության հարցերում։ Մարտին Ծաղկազարդի պատարագի ժամանակ Հռոմի պապը դատապարտել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի փետրվարի 28-ի հարվածները՝ դրանք անվանելով «սարսափելի»։
Ի պատասխան՝ Թրամփը պոնտիֆիկոսին անվանել էր «թույլ» և քննադատել նրա արտաքին քաղաքական դիրքորոշումները։ Նա նաև կասկածի տակ էր դրել Լևոն XIV-ի ընտրության շարժառիթները՝ պնդելով, որ նրան ընտրել են ամերիկացի լինելու պատճառով։