Ուղիղ եթեր
Սպորտ 54 րոպե առաջ - 19:08 29-10-2026

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կոտրված մատով հաղթեց կիսաեզրափակիչում և կպայքարի չեմպիոնության համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Եզրափակիչի ճանապարհին 27-ամյա հայ ըմբիշը կիսաեզրափակիչում ուժերը չափեց Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի Շամիլ Մամեդովի հետ: Թևանյանը լարված պայքարում առավելության հասավ 2:1 հաշվով: Հատկանշական է, որ երկրորդ մրցափուլի ընթացքում մեր մարզիկը ստացավ մատի կոտրվածք, սակայն վնասվածքով շարունակեց գոտեմարտն ու հաղթական ավարտին հասցրեց այն:

Մինչ այդ, Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ գրանցելով հետևյալ արդյունքները.

Որակավորման փուլ. 9:6 հաշվով հաղթանակ Մոնղոլիայի ներկայացուցիչ Զենեմեդեր Բյամբասուրենի նկատմամբ,

1/8 եզրափակիչ. 2:1 հաշվով առավելություն տանտերերի ներկայացուցիչ, ղազախ Օսիմժան Դաստանբեկի նկատմամբ,

Քառորդ եզրափակիչ. 3:2 հաշվով կամային հաղթանակ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի և գործող չեմպիոն, իրանցի Ռահման Ամուզադի նկատմամբ:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վազգեն Թևանյանը գորգ դուրս կգա վաղը՝ հոկտեմբերի 30-ին: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթը:

Armsport