Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունք՝ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Մեր ընտրանին աշխարհի առաջնությանը մասնակցել է 4 մարզիկով և նվաճել նույնքան մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, իսկ նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել Համլետ Մանուկյանը։
Նույն մարզագործիքի վրա բրոնզե մեդալի է արժանացել Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել օղակների վարժությունում։ Մեր չեմպիոններն ու մեդալակիրներն արդեն համատեղ լուսանկար են հրապարակել Ռոտերդամից՝ ցուցադրելով նվաճած պատմական մեդալները։
Այս ցուցանիշն առավել տպավորիչ է դառնում այն ֆոնին, որ մրցակից մյուս երկրները ներկայացված են եղել մեծաքանակ պատվիրակություններով (և՛ տղամարդկանց, և՛ կանանց): Մինչդեռ Հայաստանն ունեցել է ընդամենը 4 մարզիկ և ապահովել է մեդալային բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունավետություն՝ վերստին ապացուցելով, որ հայկական մարմնամարզությունը հաստատուն տեղ ունի աշխարհի ուժեղագույնների շարքում։