Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ավանդաբար նշվում է Հայ մամուլի օրը։ Սակայն տարեցտարի այս ամսաթիվը հայաստանյան մեդիադաշտի համար վերածվում է ոչ թե տոնախմբության, այլ կուտակված խնդիրների, առկա մարտահրավերների և խորքային ճգնաժամի մասին բարձրաձայնելու յուրօրինակ առիթի։
Իրականում ինչ խնդիրներ ունի ոլորտն այսօր, և ինչն է ամենից շատ խանգարում լրագրողին իր աշխատանքում։
«Հայելի» ակումբի հիմնադիր և գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի դիտարկմամբ՝ ներկայիս քաղաքական իրականությունը լրատվամիջոցների համար ստեղծել է աշխատանքային ծանր, երբեմն նաև վտանգավոր պայմաններ, իսկ նախկինում խոսքի ազատության ցանկացած ոտնձգություն արժանանում էր արևմտյան կառույցների կոշտ արձագանքին, մինչդեռ այսօր պատկերն ամբողջությամբ փոխվել է․ «Իշխանության բերած ողբերգությունների հետ մեկտեղ ակտիվացել են նաև զանգվածային լրատվամիջոցների ու խմբագիրների խորքային պրոբլեմները։ Այդ ամեն ինչը շատ ակնհայտ է։ Եթե նախկինում մեկ հեռուստաընկերություն էր փակվում կամ որևէ խմբագիր խնդիր էր ունենում, հիշում ենք, թե արևմտյան դեսպանատներն ու դեսպաններն ինչ մեծ աղմուկ էին բարձրացնում։ Տարիներ առաջ, երբ փորձ արվեց սահմանափակել իմ և «Հայելի» ակումբի լուսաբանումը, ես աղմուկ բարձրացրեցի, և հաջորդ օրն իսկ Միացյալ Նահանգների և եվրոպական դեսպանատներից արձագանքեցին ու դատապարտեցին։
Հիմա կատարյալ լռություն է։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները գտնվում են նրանց հովանու տակ, և այն ամենը, ինչ անում են մամուլի դեմ, հենց այդ հովանավորությամբ է տեղի ունենում։ Դեռ 2018-19 թվականներին մենք հանդիպումների ժամանակ ներկայացրել ենք, թե ինչ թիրախում ենք, ինչպիսի կոնկրետ գրասենյակներ են ստեղծվել ֆեյքերի հարձակումները համակարգելու և լրատվամիջոցներին անձնապես թիրախավորելու համար։ Բայց մենք տեսանք միայն անտարբերություն, ինչը ժամանակի հետ ավելի խորացավ։ Փակվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, և ի՞նչ․ բացարձակ լռություն»,- մանարամասնեց Թովմասյանը։
Խմբագրի խոսքով՝ իշխանությունն այսօր կիրառում է լրատվամիջոցներին լռեցնելու ամենացավոտ գործիքները՝ դատական քարշուկներն ու ֆինանսական սահմանփակումները. «Շատ կոնկրետ լրատվամիջոցներ և խմբագիրներ գտնվում են իշխանության ուղիղ թիրախում։ Միայն իմ նկատմամբ այս փուլում 14 դատական գործ կա։ Սրանով նրանք փորձում են ֆինանսական ճնշումներ գործադրել։ Լրատվամիջոցը պետք է գոյատևի որոշակի գովազդներով, չէ՞։ Բայց մեզ մոտ եղան դեպքեր, երբ երկու օրվա ընթացքում ուղղակի զանգահարեցին ու ասացին՝ պայմանագրերը չեղյալ ենք հայտարարում։ Ներքին կարգով փոխանցեցին, որ սպառնալիքների տակ են․ իրենց կազմակերպություններին ասել են՝ կամ արագ հեռանում եք այդ հարթակից, կամ լուրջ խնդիրներ կունենաք։
Ո՞վ է տեսել նման բան, որ նախկինում խոսքի ազատությունից խոսող ու որպես խմբագիր վարձատրվող մեկը գա իշխանության ու դառնա ամենամեծ ճնշողը։ Դատական գործերով, ֆեյքերի հարձակումներով, ժամանակ առ ժամանակ մեր ֆեյսբուքյան ու յութուբյան էջերը կոտրելով կամ սփռումը սահմանափակելով՝ փորձում են լռեցնել։ Դատարաններով մեծ գումարներ են պահանջում ու հետո հպարտությամբ խոսում այդ մասին։ Դատարաններն իրենց ձեռքում են, կամայական որոշումներ են կայացնում և գտնվում են շատ կոնկրետ ճնշումների տակ։
Այս իշխանությունների կողմից յուրահատուկ բանդիտիզմի մի համակարգ է ստեղծվել, որը ոչ մի ոլորտ բաց չի թողնում։ Բոլոր համակարգերի վրայով անցան, և հիմա իրենց համար վերջինն է մնացել՝ փաստաբանների ինստիտուտն ու զանգվածային լրատվամիջոցները։ Հիմա իրենց ողջ էներգիայով լցված են նաև այդ գործին»,- եզրափակեց Անժելա Թովմասյանը։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գնահատմամբ՝ այսօր պրոֆեսիոնալ լրատվամիջոցները ստիպված են պայքարել երկու ճակատով՝ սոցիալական ցանցերի անվերահսկելի հոսքերի և պետական համակարգի կողմից հարուցվող արհեստական պատնեշների դեմ։ Տեղեկատվական դաշտի անկանոն արագությունը լրջորեն հարվածում է որակյալ լրագրությանը․ «Այսօր մեզ համար ամենամեծ խնդիրը, խոչընդոտն ու մրցակիցը սոցիալական ցանցերն են։ Դրանք ոչ միայն արագ տեղեկատվություն են փոխանցում, այլև ուղղակիորեն խանգարում են մեր բնականոն աշխատանքին։ Մինչև մենք ստացած ինֆորմացիան կամ նյութը մշակում ենք, բերում պատշաճ տեսքի, ճշգրտում ու փորձում մեկնաբանություններ ստանալ, սոցցանցերով այդ ամենն արդեն տարածվում է՝ չճշտված ու տարբեր տեսակի «համեմունքներով» հարստացված։
Արդյունքում՝ ավանդական լրատվամիջոցների օպերատիվությունն այդ իմաստով մեծապես տուժում է, և մենք դժվարությամբ ենք փոխգործակցում այս իրողության հետ։ Սոցիալական ցանցերը շատ մեծ վնաս են հասցրել պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանքին»,- ընդգծեց Օհանյանը։
Բացի տեխնոլոգիական մարտահրավերներից, հայաստանյան իրականության մեջ խմբագիրն առանձնացնում է պաշտոնական կառույցների ցուցաբերած բացահայտ խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ. «Հայաստանյան իրականության մեջ լուրջ խնդիր է պետական կառույցներից ինֆորմացիա ստանալը, տարբեր իշխանական օղակների հետ աշխատելն ու պաշտոնյաներից հարցազրույցներ կորզելը։ Պետությունն ու գործող իշխանությունն ունեն իրենց համար ընդունելի, հարմար և կառավարելի լրատվամիջոցների սեփական ցանկը։ Այդ ցուցակից դուրս գտնվող այլ լրագրողների հետ շփվելու որևէ ցանկություն նրանք չունեն։
Սա մեզ համար լրջագույն խոչընդոտ է թե' պարզապես տեղեկատվություն ստանալու, թե' հարցազրույցներ անելու և թե' առհասարակ պետական մարմինների հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատելու առումով։ Իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն մեր աշխատանքին, ինչն այսօր դարձել է ոլորտի ամենացավոտ խնդիրներից մեկը»,- նշեց մեր օրաթերթի ղեկավարը։
Ի տարբերություն մայրաքաղաքային մի շարք լրատվամիջոցների հնչեցրած մտահոգությունների, մարզային հարթակներում խոսքի ազատության և աշխատանքային պայմանների վերաբերյալ կան նաև լիովին այլ, ավելի լավատեսական տեսակետներ։ Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Ալլա Բաղդասարյանի համոզմամբ՝ ներկայումս դաշտում սահմանափակումների մասին խոսելն ավելորդ է․ «Այն, որ մամուլն այսօր ազատ է, փաստ է, և դրանում երկբայություն չկա։ Ինչի՞ մասին է խոսքը․ այսօր ով ինչ ուզում՝ խոսում է, ով ինչ ուզում՝ գրում է, և ով ում ինչում ուզում՝ մեղադրում է։ Դաշտն այդ առումով բաց է բոլորի համար»։
Անդրադառնալով լրագրողական համայնքում հաճախ հնչող դժգոհություններին, թե սուր հրապարակումներին հաջորդում են քաղաքական հալածանքներն ու բռնաճնշումները, Ալլա Բաղդասարյանը շեշտեց, որ իրենց գործունեության ընթացքում նմանատիպ երևույթների չեն առնչվել. «Անձամբ մեր լրատվամիջոցի հետ նման բան երբևէ չի եղել, ես խոսում եմ կոնկրետ մեր փորձի մասին։ Չեմ կարող մատնացույց անել որևէ դեպք, երբ, օրինակ, ինչ-որ բռնաճնշում կիրառված լինի տվյալ լրագրողի կամ նրա ընտանիքի դեմ, կամ լինեն ֆիզիկական բռնություններ ու սպառնալիքներ։ Մենք աշխատում ենք մեր բնականոն հունով»։
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյանի ձևակերպմամբ՝ ցանկացած իրավիճակում լրատվամիջոցի գոյության գլխավոր հենասյունը սեփական ինքնության ու անկախության պահպանումն է, ինչը հեշտ աշխատանք չէ քաղաքականացված իրականության մեջ: Ֆինանսական խնդիրներից զատ, այսօր առաջնային է մնում լրագրողի կոչմանը հասցվող հարվածներին դիմակայելը․ «Այսօր Հայաստանում մամուլի գլխավոր խնդիրը ոչ միայն ֆինանսական դժվարություններն են, այլև սեփական անկախությունը պահպանելու, քաղաքական ճնշումներին դիմակայելու և հանրությանը ճշմարտությունն անաչառ ներկայացնելու ամենօրյա պայքարը։
Երբ տեղեկատվական դաշտում հաճախ փորձ է արվում լրագրողին դարձնել զուտ քաղաքական շահերի սպասարկող, առավել քան կարևոր է դառնում լրագրողի բուն առաքելությունը՝ տալ անհարմար հարցեր, բացահայտել թաքցվող խնդիրներն ու իշխանությունից պահանջել բացարձակ հաշվետվողականություն»։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը շեշտում է, որ մամուլի իրական ուժը կախված չէ քաղաքական իրավիճակից կամ գործող իշխանության բնույթից, այն ներքին կամքի արդյունք է․ «Մամուլի ուժը ոչ թե իշխանության կամ ընդդիմության շահերը սպասարկելն է, այլ հանրության առաջ բացառապես ազնիվ լինելը։ Ազատ մամուլը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից է: Բայց պետք է նկատի ունենալ նաև մի պարզ ճշմարտություն․ ազատություն փնտրող և ազատության ձգտող խմբագրությունը միշտ էլ գտնում է այդ ազատությունը՝ բոլոր իշխանությունների օրոք»։
Հասմիկ Մովսիսյան