«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում (2:4) դարձել է դուբլի հեղինակ և միանգամից երկու պատմական ռեկորդ սահմանել՝ գերազանցելով Լիոնել Մեսսիի նվաճումները։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է Actu Foot-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հալանդը դարձել է մրցաշարի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ով հասել է 60 գոլի շեմին։ Այդ ցուցանիշին հասնելու համար նորվեգացի ռմբարկուին պահանջվել է ընդամենը 60 հանդիպում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին, ով Չեմպիոնների լիգայում իր առաջին 60 գնդակը խփել էր 80 խաղում։
Բացի այդ, «քաղաքայինների» հարձակվողը դարձել է եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում 60 գոլի սահմանագծին հասած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հալանդն իր հոբելյանական՝ 60-րդ գնդակը հեղինակել է 26 տարեկան և 85 օրական հասակում՝ այս ցուցանիշով Մեսսիին գերազանցելով ընդամենը մեկ օրով․ արգենտինացին այդ նվաճմանը հասել էր 26 տարեկան և 86 օրականում։
Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հալանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում՝ հոկտեմբերի 20-ին, «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի հունական ԱԵԿ-ի հետ, իսկ ՊՍԺ-ն նույն օրը կմրցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ։
Armsport