Ուղիղ եթեր
Սպորտ 42 րոպե առաջ - 20:06 15-10-2026

Տունը տանիքից չեն կառուցում. Յագելոնիայի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի լիգայի փուլի շրջանակում կայանալիք «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանն ընդառաջ լեհական ակումբի գլխավոր մարզիչ Ադրիան Սեմյենեցը կիսվել է սպասումներով և անդրադարձել թիմի ներկայիս ճգնաժամին։

Լեհ մասնագետը չի խուսափել սուր անկյուններից՝ խոստովանելով, որ թիմը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի։

«Այսօր ես և՛ թիմին, և՛ ինձնից պահանջում եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, թե ինչպես ենք պաշտպանվում որպես մեկ ամբողջություն։ Ցավոք, ներկայումս մենք լավ չենք պաշտպանվում որպես թիմ, և սա է այն գլխավոր հարցը, որի վրա պետք է կենտրոնանանք իրավիճակը շտկելու, հավասարակշռությունը վերականգնելու և վստահություն ձեռք բերելու համար։ Մենք պետք է վերադառնանք հիմքերին։ Մեր նախապատրաստական շրջանի հիմքը սեփական դարպասն անառիկ պահելն էր. թեև սկզբում շատ գոլային պահեր չէինք ստեղծում, բայց հիանալի էինք գործում պաշտպանությունում։ Հիմա մեզ հարկավոր է ավելի մեծ կենտրոնացում, կարգապահություն, վճռականություն և ինտենսիվություն առանց գնդակի։

Երբ դու ունես անընդմեջ չորս պարտություն, մի՞թե պետք է խոսել ինչ-որ մեծ բաների՝ գեղեցիկ կոմբինացիաների, մեկ հպումով խաղի կամ տպավորիչ ֆուտբոլի մասին։ Այդ ամենին հասնում են առանձին խաղերում վստահություն կառուցելու և կարգապահության վրա հիմնված հիմքեր ստեղծելու միջոցով։ Հնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքից։ Մենք պարզապես պետք է սկսենք պարզ բաներից. արա ճիշտ փոխանցում, մտիր խաղի մեջ, պահպանիր մարտավարական դասավորությունը, պայքարիր քո գոտում։ Այս պարզ քայլերը կվերադարձնեն մեր հավասարակշռությունն ու վստահությունը։

Որպես ակումբ՝ մենք պաշտոնական նամակ ենք հղել՝ խնդրելով պարզաբանել որոշ դրվագներում կայացված մրցավարական որոշումները։ Չեմ ուզում շատ խորանալ անցյալում կամ հետ նայել «Լեգիայի» դեմ խաղին, բայց վերջին հանդիպման դրվագներն իմ սուբյեկտիվ գնահատականով սխալ են գնահատվել, ինչը մեծապես ազդել է խաղի սցենարի վրա։ Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ իդեալական ենք արել։ Բացի մրցավարական բացթողումներից, կա մեր խաղի որակը, որը շտկելու կարիք ունի․ մենք վերջին խաղերում շատ ենք գոլեր ընդունում և շատ քիչ խփում։

Մեր մասնագիտությունը ենթադրում է մշտական ​​ճնշում ու տատանումներ, ուստի ես սովոր եմ դրան և դա ընդունում եմ որպես աշխատանքի բնականոն մաս։ Իմ գլխում միայն մեկ բան է՝ ինչպես օգնել թիմին դուրս գալ այս իրավիճակից և սկսել նորմալ գործել։ Հավատում եմ, որ վաղվա խաղում մենք կկատարենք առաջին քայլը՝ ավելի լավ տեսք ունենալու և դրական արդյունքներ գրանցելու համար»,- «Յագելոնիայի» գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։

Armsport