Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Մարինա Տաշչյան), վճիռ է կայացրել ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայցով ընդդեմ
Oragir.News լրատվականի՝ ծաղրանկարը և դրա վերնագիրը դիտարկելով որպես վիրավորանք։ Դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին համապատասխան գործողություններ իրականացնել։ Սկզբնական պահանջը եղել է հանրային ներողություն խնդրելն ու 3 միլիոն դրամի փոխհատուցում վճարելը, սակայն դատարանը բավարարել է մասնակի՝ սահմանելով շատ ավելի ցածր գումար։
Oragir.News-ի փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը համաձայն չէ վճռի հետ և պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Վճիռը դեռ նոր է հրապարակվել և օրինական ուժի մեջ չի մտել։

«Եվրոպական դատարանի բազմաթիվ դիրքորոշումների համաձայն՝ ծաղրանկարը չի կարող դիտարկվել որպես վիրավորանք, և լրատվամիջոցներն ազատ են այդ հարցում»,- ասում է փաստաբանը՝ ներկայացնելով դատական այս գործի բուն էությունը և իրավական կողմը:
«Սա խայտառակ հայց է, որը ոչ մի աղերս չունի օրինականության և իրավական տրամաբանության հետ»,- շեշտում է Թարջիմանյանը՝ հավելելով, որ նմանօրինակ անհիմն իրավական գործընթացները կարող են միտված լինել բարձր որակավորում և տարիների փորձ ունեցող դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելուն կամ նրանց աշխատանքը խոչընդոտելուն: