Oragir.News-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա էր այցելել՝ պարզելու, թե արդյո՞ք 44-օրյա պատերազմին մասնակցած և զոհված ուսանողների լուսանկարները, որոնք նախկինում փակցված էին կոնսերվատորիայի շենքի ներսում՝ առանձնացված պատին, հեռացվել են։
Տեղում պարզեցինք, որ լուսանկարները չեն հեռացվել այլ փոխվել է ձևաչափը: Կոնսերվատորիայի գիտական քարտուղար, հանրային կապերի ժամանակավոր պաշտոնակատար Օլյա Նուրիջանյանը նշեց, որ նախկին հուշապատի ձևաչափը փոխվել է հիմնանորոգումից հետո։
«2020 թվականի պատերազմից հետո մենք ունեցանք նույնպիսի կորուստ, ինչպես ամբողջ մեր հանրապետությունը։ Լավագույններից ոմանք չվերադարձան՝ ընկան հայրենիքի պաշտպանության համար։ Այդ ժամանակ մենք ունեինք հուշաքարի լուծումով անկյուն։ Այսօր՝ հիմնանորոգումից հետո, այդ լուծումը փոխվել է՝ ինչպես լինում է աշխատանքային գործընթացի ժամանակ»,– ասաց Նուրիջանյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի աշնանը կոնսերվատորիայի տարածքում բացվել է զոհված ուսանողների հիշատակի ծառուղի:
Նուրիջանյանը շեշտեց, որ հուշապատի ձևաչափի փոփոխությունը չի նշանակում, որ զոհված ուսանողների հիշատակը մոռացվել է։
Նա հավելեց, որ կոնսերվատորիայում կազմակերպվում են նաև առանձին հիշատակի համերգներ, որոնց ընթացքում զոհված ուսանողների ընկերներն ու դասախոսները հանդես են գալիս նրանց հիշատակին նվիրված կատարումներով։
Այսպիսով կոնսերվատորիայի ներկայացուցչի պարզաբանմամբ՝ զոհված ուսանողների լուսանկարները չեն հեռացվել։ Փոխվել է դրանց ներկայացման ձևաչափը․ նախկին հուշապատի փոխարեն նրանց հիշատակը պահպանվում է 2025-ին բացված հիշատակի ծառուղում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այստեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։
Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան»։
Տեսանյութ: