Սպորտ 1 ժամ առաջ - 14:37 07-10-2026

Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում Բենինի հավաքականի դեմ կայացած հրաժեշտի խաղից (3:0) հետո Լիոնել Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով: Արգենտինացի լեգենդը, ով իր վերջին խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, խոստովանել է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ ստիպված է ավարտել միջազգային կարիերան։

«Այսօր դժվար է որևէ բան ասել։ Այնքան հույզեր կան, այնքան մտքեր… Առաջին հերթին հիշում եմ հորս։ Այն ամենն, ինչ հիմա կարող եմ անել, ձեզ իմ երախտագիտությունը հայտնելն է։ Այս մարզաշապիկը կրելն ինձ համար հսկայական հպարտություն էր նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Ես երբեք չեմ դադարել պայքարել, մարտնչել, տրվել առանց մնացորդի։ Այն գիտակցումը, որ ես այլևս չեմ վերադառնա, անհավանական ցավ է պատճառում։ Ազնիվ խոսք, ես կցանկանայի գալ այստեղ ամբողջ կյանքում, չէ՞ որ Արգենտինայի հավաքականում խաղալը լավագույն բանն է, որ կարող էր պատահել ինձ հետ։

Որքան էլ ցանկանամ խաղալ հավաքականում ողջ կյանքս, զգում եմ, որ ժամանակն եկել է. այս էջն արդեն փակված է։ Նախորդ Մունդիալը մեզ համար անհավանական իրադարձություն էր։ Մենք երազում էինք կրկին դառնալ աշխարհի չեմպիոն. դա իմ և ողջ երկրի երազանքն էր։ Մենք այնքան մոտ էինք նպատակին: Ողբերգություն տեղի չի ունեցել, սա է իրականությունը: Անգլիայի դեմ խաղը մեզնից խլեց հսկայական քանակությամբ ֆիզիկական և հուզական ուժեր: Մենք վճռորոշ խաղերին մոտեցանք մեր հնարավորությունների սահմանագծին, բայց պայքարեցինք մինչև վերջ՝ ինչպես միշտ։ Չեմպիոն դառնալ չհաջողվեց, բայց իմ յուրաքանչյուր թիմակից իրենն ամբողջությամբ նվիրեց այս մարզաշապիկին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս այս ժամանակահատվածի, այն ամենի համար, ինչ մենք ապրեցինք միասին: Նրանք ինձ օգնեցին դառնալ աշխարհի չեմպիոն, նվաճել Ամերիկայի գավաթներն ու Ֆինալիսիման. մենք հաղթեցինք այն ամենը, ինչի համար պայքարում էինք: Ինձ համար մեծ պատիվ էր կիսել նրանց հետ այս ուղին թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Մենք կարող էինք մրցել ցանկացածի հետ, որովհետև գիտեի՝ կողքիս իսկական մարտիկներ են, որոնք պատրաստ են տալ ամեն ինչ հանուն հաղթանակի։
Շնորհակալ եմ երկրպագուներին: Ուր էլ որ գնայինք, մարզադաշտերը միշտ լեփ-լեցուն էին: Մենք մեզ միշտ տանն էինք զգում: Ես ապրել եմ կարիերայիս ամենաերջանիկ օրերից մեկը, երբ մենք կրկին դուրս եկանք խաղադաշտ Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո: Դա իմ կյանքի ամենագեղեցիկ իրադարձությունն էր։ Մինչ օրս վերանայում եմ տեսանյութերն ու չեմ կարողանում զսպել հույզերս։ Դա ընդմիշտ կմնա պատմության մեջ: Անչափ շնորհակալ եմ ձեզ:

Իսկ այսօր, թերևս, կարիերայիս ամենատխուր օրն է։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ բոլորիդ և հավաքականին։ Այժմ ես աջակցելու եմ այս տղաներին և նրանց, ովքեր կգան փոխարինելու նրանց։ Մենք միշտ միասնական ենք»,- եզրափակել է Մեսսին։

Հիշեցնենք, որ 39-ամյա արգենտինացին «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր է, Աշխարհի (2022) և Օլիմպիական խաղերի (2008) չեմպիոն, Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2025): Մեսսիին են պատկանում Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների (208) և խփած գոլերի (126) ռեկորդները։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
21:00 Ինչու բրիտանացիները ՀՀ-ում լուրջ ներդրումներ չեն անի այսօր
20:51 Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան