Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հարցերը։
«Ազերթաջ» գործակալությունը գրում է, որ Մուստաֆաևն ու Օվերչուկը հանդիպում են անցկացրել որպես Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ։
Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների համապատասխան կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների իրականացման ընթացքին։
Քննարկվել են փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման հետագա քայլերը։
Առանձին ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապերի զարգացմանը և բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը, ինչպես նաև սահմանային անցակետերի աշխատանքի կատարելագործմանը։
Մուստաֆաևն ու Օվերչուկը մտքեր են փոխանակել նաև փոխշահավետ նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով տնտեսական համագործակցության հետագա զարգացումը։